Փաշինյանին հաջողվեց հասնել նրան, որ 29.8 ք/կմ-ն դառնա ոչ միայն իր երազանքի Հայաստանը, այլեւ՝ շատերի

Փաշինյանին հաջողվեց հասնել նրան, որ 29.8 ք/կմ-ն դառնա ոչ միայն իր երազանքի Հայաստանը, այլեւ՝ շատերի

Նիկոլ Փաշինյանն իր թերթի միջոցով հրապարակեց Ադրբեջանի ենթադրյալ հինգ կետանոց պահանջները, որոնք, ըստ նրա, Ադրբեջանը պահանջում է ներառել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրում: Փաշինյանի ներկայացրած կետերի մի մասն իրական է թվում, մի մասը հորինվել է: Օրինակ, դժվար է հավատալ, որ Ադրբեջանը կարող է պահանջել սահմանի ճշգրտում 1919-1920 թթ. քարտեզներով՝ հավակնություն ներկայացնելով Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի նկատմամբ, որը, ըստ Ադրբեջանի, այն ժամանակ համարվել է վիճելի տարածք: Սյունիքը կամ Վայոց Ձորը երբեք չեն եղել Ադրբեջանի կազմում, եւ նա չի կարող որեւէ հիմքով օրինական հավակնություններ ներկայացնել այդ տարածքների նկատմամբ: Հայաստանն ունի միջազգայնորեն ճանաչված տարածք, եւ Ադրբեջանը միջազգային միջնորդների մասնակցությամբ ընթացող բանակցությունների ժամանակ չի կարող հավակնություններ ներկայացնել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ: Այլ բան է, որ Ալիեւը կարող է այդ տարածքի նկատմամբ իր հավակնությունները բավարարելու ռազմական փորձ կատարել՝ փաստի առաջ կանգնեցնելով միջազգային հանրությանը:

Այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանը խոսում Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների մասին եւ դրանով ի՞նչ հարց է ուզում լուծել: Դրա պատասխանը նա տվեց սեպտեմբերի 14-ին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, երբ հայտարարեց, որ իր նպատակը խաղաղության այնպիսի պայմանագրի ստորագրումն է, որը կապահովի խաղաղություն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա: Փաշինյանն ուզում է հասկացնել, որ եթե իրեն հաջողվի խաղաղության պայմանագրում ֆիքսել այդ 29,8 հազար ք/կմ-ի վրա Հայաստանի ինքնիշխանությունը, դա կլինի իր մեծագույն ձեռքբերումը, պետք է իրեն ճանաչել որպես ազգի ու պետականության փրկիչ, քանի որ ինքը կարողացավ ոչ միայն պահպանել Հայաստանի ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված տարածքում, այլեւ խուսափել պատերազմից ու նոր կորուստներից: Մնացածը` Արցախ, անկլավներ, ռազմավարական ճանապարհների կորուստներ, զոհեր ու զրկանքներ, ազգային արժանապատվության կորուստ եւ համազգային նվաստացում, երկրորդական է: Կարեւորը 29,8 ք/կմ-ն է ու Ադրբեջանի կողմից մեզ նվիրված խաղաղությունը:

Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու օրվանից գնում է դեպի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը՝ Հայաստանի, այսպես կոչված, միջազգայնորեն ճանաչված տարածքը: Նա համոզված է, որ դրանից ավելի իրեն պետք էլ չէ, ավելի ճիշտ՝ ավելորդ գլխացավանք է, որից պետք է հնարավորինս շուտ ազատվել: Արցախը, անկլավները, Ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարը, Հայ դատը եւ, ընդհանրապես՝ այն ամենը, ինչ մեզ թշնամացնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, պետք է վերացվի: Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել ամեն գնով, որ հնարավոր լինի ազատվել Ռուսաստանից: Քանի դեռ մենք խնդիր ունենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, Ռուսաստանը շարունակելու է ներկա գտնվել Հայաստանում եւ սպառնալ Հայաստանի ինքնիշխանությանը։ Ահա՝ այս սկզբունքով են շարժվում Փաշինյանն ու իր մերձավոր շրջապատը՝ կատարելով Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկացած պահանջ եւ քմահաճույք: 

Արցախից նա ազատվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի միջոցով: Կարող էր եւ պատրաստ էր Արցախն Ադրբեջանին հանձնել նաեւ առանց պատերազմի, առանց հազարավոր զոհերի, հաշմանդամների, գերիների, բայց վախենում էր, որ իրեն դավաճան կհամարեն ու կպաշտոնազրկեն: 44-օրյա պատերազմով ամեն ինչ բնական եղավ. Ադրբեջանը հարձակվեց, մենք կռվեցինք  ու պարտվեցինք, արդյունքում՝ տարածքային կորուստներ, կապիտուլյացիա: 2020 թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը հենց կապիտուլյացիա էր, այլ ոչ թե զինադադար: Զինադադարի պայմանավորվածությամբ, կողմերը շարունակում են մնալ իրենց զբաղեցրած տարածքներում, ինչպես, օրինակ, տեղի ունեցավ 1994-ին կամ 2016-ին կնքված զինադադարի համաձայնագրերով: Միայն կապիտուլյացիայի դեպքում է իրեն պարտված ճանաչած կողմը զիջում իր վերահսկողության տակ գտնվող տարածքները՝ դիմացը ոչինչ չստանալով: Փաշինյանն այդ իմաստով տիպիկ կապիտուլյանտ է, եւ դրա մեջ ոչ մի չափազանցություն չկա, որքան էլ փորձի հրաժարվել այդ կոչումից:

29,8 հազար քառակուսի կիլոմետր բաղձալի ցուցանիշին հասնելու համար մնում էր, որ Հայաստանն Ադրբեջանին հանձնի նաեւ 1991-94 թթ․ Հայաստանի վերահսկողության տակ անցած անկլավները՝ դրանով Ադրբեջանի հսկողությանը հանձնելով Հայաստանն Իրանի եւ Վրաստանի հետ կապող ճանապարհները: 2020-ին ստորագրված կապիտուլյացիոն հայտարարության տեքստի սկզբնական տարբերակում կար նաեւ անկլավների վերադարձի դրույթը: Ստորագրված տեքստում այն բացակայում էր: Թե ինչ պայմանավորվածության արդյունքում է այդ հատվածը հանվել փաստաթղթից, հայտնի կարող է դառնալ միայն Փաշինյանի պաշտոնազրկման դեպքում: Հիմա անընդհատ կրկնելով 29,8 հազար ք/կմ-ի կարեւորության մասին՝ Փաշինյանը, ըստ էության, ուզում է, որ հայ հանրային միտքը համակերպվի անկլավների վերադարձի գաղափարի հետ:

Փաշինյանը 29,8 հազարի մասին ավելի համարձակ սկսեց խոսել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո, երբ թշնամու բանակն էական առաջխաղացում ունեցավ Հայաստանի ինքնիշխան տարածքում: Նա դրա մասին առաջին անգամ հրապարակայնորեն խոսեց հարձակման հաջորդ օրը՝ խորհրդարանում: Եթե մի քիչ ավելի անկեղծ լիներ, կարող էր հայտարարել, որ ինքը պատրաստ էր այդ տարածքներն Ադրբեջանին զիջել առանց ռազմական գործողությունների, առանց 200-ից ավելի զոհի եւ տասնյակ գերիների, բայց իրեն կհամարեին դավաճան: 2021 թ․ մայիսին Փաշինյանը Սեւ լճի շրջակայքը, Սոթքի ու Կութ գյուղի շրջակայքից զգալի տարածքներ առանց որեւէ կրակոցի, առանց զոհի եւ գերու, հանձնեց Ադրբեջանին: Բայց դա բավարար չէր: Պետք էր ավելի շոշափելի տարածքային զիջումներ, ինչն առանց դիմադրության հնարավոր չէր կազմակերպել. ի վերջո, ինքը չի կարող բանակի ամբողջ հրամանատարությանը բացատրել, որ այդպես է պետք, այդպիսի պայմանավորվածություն կա: 

Հիմա արդեն կարելի է բաց խոսել 29,8 հազար քառակուսի կիլոմետրի մասին: Հիմա ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի մեծ կտոր, քան անկլավները: Հիմա արդեն խաթարվել է 12 համայնքի բնականոն կյանքը, Հայաստանի ամենահայտնի առողջարանային քաղաքի կյանքը կաթվածահար է, հազարավոր մարդիկ չեն կարողանում վերադառնալ իրենց բնակարաններ, բնականոն կյանքի: Փաշինյանին հաջողվել է հասնել նրան, որ 29.8 ք/կմ-ն դառնա ոչ միայն իր երազանքի Հայաստանը, այլեւ՝ շատերի:
Հիմա արդեն Նիկոլ Փաշինյանն առանց մտավախության կարող է գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման եւ համաձայնել անկլավներն Ադրբեջանին հանձնելուն: Չէ՞ որ դրա փոխարեն Ադրբեջանն էլ Հայաստանին էական տարածքներ հետ կվերադարձնի, տարածքներ, որոնք Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին է հանձնել 2021-22 թվականներին, որ հետո անկլավների հետ փոխանակելու բան ունենա: Երբ փոխանակումը տեղի ունենա, Փաշինյանը հանգիստ կարող է հայտարարել, որ մենք ավելին ձեռք բերեցինք, քան կորցրինք: Ամենակարեւորը՝ Փաշինյանը Հայաստանին կբերի այդքան բաղձալի խաղաղությունը, որի համար կարող է նույնիսկ Խաղաղության նոբելյան  մրցանակի հավակնել:

Ըստ որոշ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը միջանցքի հարցում էլ են պայմանավորվել եւ կրկին՝ ադրբեջանական պայմաններով: Այսինքն՝ Հայաստանով անցնող ճանապարհը կունենա նույն կարգավիճակը, ինչ Հայաստանն Արցախին միացնողը, ինչպես միշտ պահանջել է Ադրբեջանը: Այդ ճանապարհը ֆորմալ առումով կլինի Հայաստանի վերահսկողության տակ, կհամարվի ՀՀ տարածք, բայց մաքսակետ եւ սահմանային հսկողություն չի լինի: Ադրբեջանի բեռներն ու քաղաքացիներն անարգել կանցնեն այդ տարածքով՝ երբ ուզեն, ոնց ուզեն, Հայաստանը փաստացի դարձնելով ադրբեջանական «պռախադնոյ դվոռ»:

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակից հրաժարվելուն եւ Արցախի բանակը լուծարելուն, ապա Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի Արցախին ֆինանսական աջակցություն տրամադրելը՝ այդ դեպքում բանակը կինքնալուծարվի, Արցախի պետական հաստատություններն էլ: 

Նիկոլ Փաշինյանը, ով իր իշխանազավթման սկզբում փորձում էր համոզել, թե այդ իշխանության փոփոխության մեջ ոչ մի աշխարհաքաղաքական կոնտեքստ չկա, որ թավշյա հեղաշրջումը հերթական արեւմտյան գունավոր հեղափոխությունը չէ, հիմա անվարան եւ բացահայտ սկսել է հակառուսական քարոզչությամբ զբաղվել: Նա համոզված է, որ Ռուսաստանում վիճակն արդեն այնքան վատ է, որ Պուտինին հաշված օրեր են մնացել, եւ այլեւս պատճառ չունի իր իրական հայացքներն ու աշխարհաքաղաքական կողմնորոշումը թաքցնելու: Մի խոսքով, Ռուսաստանից ազատվելու եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հանգիստ ու անկաշկանդ եղբայրություն անելու ժամն է եկել:

Ավետիս Բաբաջանյան