Ու՞մ և ինչո՞ւ է ձեռնտու Սիրիայում անկայուն իրավիճակը

Ու՞մ և ինչո՞ւ է ձեռնտու Սիրիայում անկայուն իրավիճակը

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսային հատվածներում ռազմական գործողությունները շարունակվում են։ «Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի» գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը աշխարհաքաղաքական կոնտեքստում կարծում է՝ տեղի ունեցածը մի կողմից կապված է ԱՄՆ-ի ՝ Սիրիայում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև լուրջ խնդիրներ ստեղծելու շահագրգռութամբ, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը նույնպես կարող է օգուտներ ունենալ անկայուն իրավիճակից՝ մասնավորապես՝ միջնորդական դերի բարձրացման տեսանկյունից․

«Ինչո՞ւ է այս ամենը կատարվում Սիրիայում, որովհետև թե ինչ է կատարվում, բոլորս էլ տեսնում ենք․ Թուրքական նոր ռազմական օպերացիա, որը դեռևս շատ խոշոր չէ, բայց հիմքեր կան ենթադրելու, որ ծավալները կմեծանան։ Հասկանալի է, որ դա չէր կարող արվել առանց ԱՄՆ-ի նախնական համաձայնության։ Մի քանի տարբերակ կա, թե ինչո՞ւ Նահանգները գնաց դրան։ Շատ ավելի պարզ տարբերակն այն է, որ, ենթադրենք, գործող նախագահը որոշակիորեն անկանխատեսելի անձնավորություն է, լավ չի տիրապետում քաղաքական գործընթացներին, և որոշումներ է ընդունում րոպեական ազդեցության տակ, օրինակ՝ հնարավոր է զրույց Թուրքիայի նախագահի հետ, և այդ զրույցի ընթացքում որոշում ընդունվի, որը այնքան էլ չի համապատասխանում ընդունված չափանիշներին։ Սակայն ես այդ կարծիքին չեմ, որովհետև ամեն դեպքում ԱՄՆ-ն բավականաչափ կայացած պետություն է, և լուջ ինստիտուտներ կան՝ անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերում գործող նախագահի անձին և նրա պրոֆեսիոնալիզմին։ Իմ կարծիքով՝ որոշման ավելի երկարաժամկետ նպատակը Սիրիայում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև լուրջ խնդիրների ստեղծումն է, որովհետև հասկանալի է, որ թուրքական ներխուժումը ի վերջո հանգեցնելու է Իրանի և Ռուսաստանի հետ որոշակի խնդիրների՝ ԱՄՆ-ի տեսանկյունից, որովհետև Ռուսաստանն էլ, Իրանն էլ հանդես են գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանության օգտին և բավականին դժգոհ էին այն փաստից, որ Թուրքիան որոշակի տարածքներ Սիրիայում արդեն օկուպացրել էր։ Նկատի ունեմ՝ հյուսիս-արևմուտքում Աֆրինի շրջանը, և հիմա նոր ներխուժումների և նոր տարածքների վերահսկողության հանձնումը Թուրքիային, չեմ կարծում, որ Ռուսաստանի և Իրանի շահերին համապատասխանում են ։ Այսինքն՝ Միացյալ Նահանգների հիմնական նպատակն է Սիրիայում լուրջ հակամարտության առաջ բերելը՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև, որը կարող է Ռուսաստանին հնարավորություն տալ ավելի երկարաժամկետ մնալ կամ մխրճվել Սիրիայում, ընդ որում՝ ավելի բացասական զարգացումներով։ 

Ես կարծում եմ, որ որոշակի խորհրդակցություններ անցկացվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև, և չեմ կարծում, որ Ռուսաստանը կտրուկ դեմ արտահայտված լինի այս օպերացիային։ Ռուսները գիտակցում են, որ կա վտանգ, որ այս ամենի արդյունքում Ռուսաստան-Թուրքիա- Իրան քիչ թե շատ ձևավորված համագործակցությունը  թուլանա, սակայն մյուս կողմից էլ ռուսները դրանով առաջ են ընկնում, որովհետև դրանով կբարձրանան իրենց միջոնդական գործունեության հնարավորությունները։ Ռուսաստանը միակ ուժն է, որը գործընկերային հարաբերություններ ունի թե՛ Թուրքիայի հետ, քրդերի հետ որոշակի կապեր կան և, իհարկե, բավականին սերտ են հարաբերությունները նախագահ Ասադի կառավարության հետ։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը մտածում է, որ գործողություններ սկսելուց որոշ ժամանակ անց ինքը կսկսի միջնորդի դեր ստանձնել , և նշված 3 կողմերի հետ համաձայնեցված ինչ-որ կարգավորում առաջարկել՝ դրանով իր ազդեցությունը մեծացնելով, և բացի այդ՝ բոլորս էլ գիտենք, որ Սիրիայում Իրանը և Ռուսաստանը որոշակի հակասություններ ունեն, ապա չեմ բացառում , որ Ռուսաստանը նույնպես որոշակիորեն շահագրգռված կլիներ Թուրքիայի այս քայլով Իրանի ազդեցության որոշակի նվազման և նույն Իրանի վրա լրացուցիչ լծակներ ձեռք բերելու խնդրով։ Հաշվի առնելով Ասադի և քրդերի միջև որոշակի կապերը , ապա իրավիճակից դուրս գալու համար շատ հնարավոր է Իրանը ևս հարկադրված լինի որոշակիորեն ռուսական աջակցությանը դիմել։ Այսինքն՝ մի կողմից Իրանի դիրքերն են թուլանում, մյուս կողմից՝ հավելյալ լծակներ կարող են առաջանալ նույն Իրանի հետ հարաբերություններում։ Սա աշխարհաքաղաքական կոնտեքստն է՝ ինչքանով որ այն կարող ենք հասկանալ առկա տեղեկույթի հիման վրա»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Պողոսյանը։ 

Հարցրինք, թե ինչպե՞ս է ազդում գործընթացը տեղի հայկական համայնքի վրա, ներգաղթ սպասվո՞ւմ է․

«Իհարկե, հայ համայնք կա, որքան է մեծաթիվ, դժվար է ասել, քանի որ հայ համայնքը նախկինում կենտրոնացված էր հիմնականում խոշոր քաղաքներում՝ Դամասկոս, Հալեպ։ Գիտենք, որ համայնքի մեծ մասը արդեն Սիրայում չէ․ մի մասը Հայաստանում է, մի մասը գնացել է այլ երկրներ, այսինքն՝ մոտավորապես 50 տոկոսը հայերի, որն այնտեղ էր մինչև 2011 թվականը, այլևս այնտեղ չէ։ Իհարկե, հայ համայնքի համար խնդիրներ կառաջանան, բայց ես չեմ կարծում, որ այդ ընթացքը ծրագրավորողների և իրականացնողների համար հայ համայնքի վրա ազդեցությունը էական գործոններից մեկն է, և քայլեր անելիս հաշվի է առել նաև դա, չեմ կարծում, որ լուրջ հաշվարկներում հայ համայնքը որևէ դեր խաղում է, պարզապես, ինչպես ասում են, կա կողմնակի վնաս։ Հիմա հայ համայնքը կոնկրետ այդ վիճակում է, որ մեծ աշխարհաքաղաքական գործընթացների հետևանքով ինքը տուժում է։

Ես, իհարկե, թվերին չեմ տիրապետում, բայց այդ սահմանային հատվածում մեծաքանակ հայեր չկան։ Հայերը հիմնականում չեն բնակվում այն հատվածում, որը Թուրքիան ցանկանում է դարձնել անվտանգության գոտի․ սահմանի երկայնքով մի քանի հարյուր մետր երկարությամբ և մոտ 30 մետր խորությամբ անվտանգության գոտի ստեղծելուն։ Չեմ կարծում, որ խոսքը տասնյակ հազարավոր հայերի մասին է, մի քանի հարյուրավոր կամ հազարավոր՝ միգուցե։ Սիրիայի մի քանի հատվածներում, որտեղ վերջին մի քանի տարիներին հարաբերականորեն խաղաղ է, օրինակ՝ Դամասկոսում, ես չեմ բացառում, որ այն հայերը, որոնք այնուամենայնիվ կհայտնվեն այդ գործողությունների տարածքում, ցանկություն ունենան գալ ոչ թե Հայաստան, այլ Սիրիայի տարածքում մեկ այլ տեղ, օրինակ՝ Դամասկոս, որտեղ քիչ թե շատ կա նորմալ իրավիճակ, և կյանքի վերականգնման ուղղությամբ որոշակի քայլեր արվում են։ Այսինքն՝ այնպիսի ներգաղթ, որ մենք տեսանք 13-ից 16 թվականներին, քիչ հնարավոր է»,- ասաց Պողոսյանը։ 

Պողոսյանի կարծիքով՝ Սիրիա ուղարկված մարդասիրական առաքելություն իրականացնող խումբը իր գործունեությունը հիմնականում իրականացնում է անվտագ հատվածներում,  այժմ այդ խումբը հետ բերելը այնքան էլ նպատակահարմար չէ․

«Մենք պետք է հասկանանք, որ Սիրիայի մի փոքր հատվածում են ռազմական գործողություններ ընթանում։ Հետևաբար հասկանալի է, որ եթե մի տարածքում կա ուղղակի կյանքի վտանգ, ապա ես չեմ էլ կարծում, որ խումբը այնտեղ կմնա ։ Այնպես չէ, որ ողջ Սիրիան այս պահին պատերազմի մեջ է։ Թուրքիայի կողմից անմիջական հարձակման գոտում մնալը տրամաբանական չէ, բայց դա չի նշանակում, որ ողջ Սիրիայի տարածքում հիմա ռազմական գործողություններ են, և այդ խումբը չի կարող մնալ Սիրիայում։ Հասկանալի է, որ այդ խումբը ուղարկելը ԱՄՆ-ին բավականաչափ դուր չի եկել  և շարունակում է դուր չգալ։ Ես կարծում եմ, որ բոլորս էլ հասկանում ենք, որ դա արվել է 2018 թվականի ապրիլ-մայիսից հետո Ռուսաստանի հետ ստեղծված որոշակի անհավասարակշռությունը բալանսավորելու համար։ Այս պահի դրությամբ չեմ կարծում, որ հետ կանչելը ճիշտ է, որովհետև դա միանշնանակորեն Ռուսաստանի հետ հարաբերությունները կվատթարացնի, դա ռուսները կընկալեն որպես թշնամական քայլ, ինչը, չեմ կարծում, որ ներկա իրավիճակում Հայաստանին պետք է։ Եթե մենք հետ կանչենք, դա, իհարկե, ամերիկացիների մոտ գոհունակություն կառաջացնի, բայց այդ գոհունակությունը չի կոմպենսացնի այն պոտենցիալ վտանգները , որոնք կարող են առաջանալ հայ-ռուսական հարաբերություններում»։