Հայաստանում ցանկացել են գեյերի ասոցիացիա բացել, բայց արագ հրաժարվել են այդ մտքից

Հայաստանում ցանկացել են գեյերի ասոցիացիա բացել, բայց արագ հրաժարվել են այդ մտքից

ՀՀ ԳԱԱ   փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը դեռևս մարտ ամսին մեր հասարակութան մեջ տիրող տրամադրությունները նկարագրել էր որպես Standby՝ սպասողական ռեժիմ, և նաև որոշակի հիասթափություն, որի հիմնական պատճառն է, որ կառավարությունը հապճեպ որոշումներ է ընդունում, հետո դրանք փոխում, և այդ ամենը դիտվում է անմտածված, ոչ պրոֆեսիոնալ, չհաշվարկված։ Հետաքրքիր է, թե գենդերային և ազգային-ավանդական և այլ նուրբ հարցերին վերաբերող` իշխանությունների դիրքորոշումներն ինչպես են անդրադառնում իշխանությունների վարկանիշի վրա։ Հարցն ուղղեցինք մեկ այլ սոցիոլոգի՝ Ահարոն Ադիբեկյանին, ով հետաքրքիր բացահայտումներ արեց ոչ ավանդական սեռական կողմնորոշումների հայաստանյան հասարակության ընկալումների տեսանկյունից։ Նա մի իրական պատմություն պատմեց, որը գրեթե կրկնում է այն անեկդոտին, երբ սփյուռքահայը հարցնում է, թե ինչու է անտրամադիր տղային կարգած պարոն Ժիրայրը, նա էլ ասում է, որ կինը տղամարդ է, իսկ պարոն Համբարձումն էլ ախուվախով հարցնում է՝ գոնե հա՞յ է։

«Բա ի՞նչ անենք, ասացի՝ Կալիֆորնիայում կա հայ ԼԳԲՏ-ների ասոցիացիա, նպատակն էլ այն է, որ այնտեղի գոմիկն ու լեսբիանկան միայն հայի հետ միանան»:
 
-Պարոն Ադիբեկյան, այս հարցերը՝ «Մել» ֆիլմ, հայոց լեզու և հայ գրականություն, նման նուրբ հարցերի նկատմամբ ոչ պոպուլյար որոշումներն ինչպե՞ս են անդրադառնում իշխանությունների վարկանիշի վրա։

-Եթե ընտրություններ լինեին, կփորձեինք հասկանալ պատճառները՝ ինչու են ընտրում սրան կամ նրան։ Մանավանդ, որ միջազգային քաղաքականության մեջ կյանքը նույն ձևի է․ Ֆրանսիան տառապում է «դեղին ժիլետների» ձեռքից, Իսպանիան։ Սա դարձել է 21-րդ դարի դեմոկրատիայի ձևը, որն անբարենպաստ սոցիալ-հոգեբանական պատկեր է ձևավորում հասարակության մեջ։ Ես հիվանդին տանում եմ հիվանդանոց, դու փողոցը փակում ես, դպրոցը դու փակում ես, գնում եմ բանակցությունների, ֆինանսական գործարքների, դու փակում ես։ Ուղղակի խնդիրն այն է, որ քանի որ այս նոր իշխանությունը փողոցի ալիքի վրա է եկել, կառավարական որոշումների ձևավորման համար մոդայիկ մեթոդ է դարձել, որ կարելի է փողոց փակել, մուտքեր, ակցիաներ անել ու ինչ-որ նպատակի հասնել։ Դա շատ վատ օրինակ է։

-Իսկ այդ հարցերը՝ «գենդեր», Ստամբուլյան, որքանո՞վ են ազդում իշխանությունների վարկանիշի վրա։

-Նայած ում շահերի հետ է կապված։ ԱՄՆ-ում, օրինակ, միասեռականների կողմնակիցների թիվը երեք անգամ աճել է՝ մոտենում է 15 տոկոսի այս ամբողջ գործընթացների շնորհիվ։ Անգլիան չեմ ասում, որ միշտ եղել է առաջատարը, կամ Հոլանդիան։ Հիմա խնդիրն այն է, թե ինչ պետք է անեն մեր միասեռականները։ Գնան դո՞ւրս, օգտվեն այդ երկրների օրենքներից։ Ես կարծում եմ՝ եթե երկու տղամարդ կամ կին ուզում են համատեղ ապրել, գնում են` պայմանագիր են կնքում նոտարի մոտ, ասում՝ ուզում ենք համատեղ ապրել, միասին տնտեսություն վարել։ Ու հիմա իրենք ում հետ են քնում, ոնց են քնում, ոչ իմ գործն է, ոչ էլ պետության։ Գերմանիայում, օրինակ, այդպես է, որտեղ երկու տղամարդ ասում են, որ ուզում ենք այսպես ապրել, այս մարդիկ ենք, այսքան եկամուտ ունենք։ Սա տնտեսական բան է, իրավական բան չէ։ Սա կեցություն է, և դրանով բոլոր խնդիրները լուծվում են։

-Այսինքն՝ կողմնակից եք, որ Հայաստանու՞մ էլ գնան նոտարի մոտ։

-Լսեք ինձ, իմ մոտ եկել էր մի բավականին լուրջ տղամարդ, որն ասում էր՝ «ես տրադիցիոն սեքսուալ բան չունեմ», բա ո՞նց անենք՝ ասոցիացիա ստեղծենք։ Ասացի՝ Հայաստանում դա անհնար է։ Բա ի՞նչ անենք, ասացի՝ Կալիֆորնիայում կա հայ ԼԳԲՏ-ների ասոցիացիա, նպատակն էլ այն է, որ այնտեղի գոմիկն ու լեսբիանկան միայն հայի հետ միանան։ Տենց մի անեկդոտ կար, չէ՞, որ ասում ա՝ գոնե հա՞յ ա։ Ինչևէ, ես էդ մարդուն հարցրեցի՝ շա՞տ եք, ասում ա՝ ամեն տեղ կան, վերևից ներքև։ Ես իրեն ասացի, որ կազմակերպություն ստեղծելու համար գոնե 15 հոգի պետք է հավաքի, որ բեմի վրա կանգնեն ասեն՝ ես ոչ ավանդական սեքսուալ ուղղվածություն ունեմ։ Ես ասացի՝ դու 15 հոգի չես հավաքի։ Մեկ ամիս հետո եկավ՝ ասաց՝ դժբախտաբար, դու ճիշտ էիր, ում դիմեցինք, ոչ ոք չհամաձայնեց ներկայանալ պարզ և հանրային։ Արևմուտքում  խնդիրն ընտանիքի ու սերունդների խնդիրն է, իսկ թե իրենք ինչպես են ապրում, պետության խնդիրը չէ, նույնն էլ` այստեղ՝ գնա պայմանագիր կնքի, լուծի քո ֆինանսական, տնտեսական հարցերը նրա հետ, ում հետ քնում ես։