Ինչի՞ մասին է լռում Էլմար Մամեդյարովը

Ինչի՞ մասին է լռում Էլմար Մամեդյարովը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլլաեւան հանդես է եկել արտառոց հայտարարությամբ: Վերջին օրերին մամուլում տեղեկություններ էին շրջանառվել արտգործնախարար Մամեդյարովի ընտքանիքի՝ արտասահմանում ձեռք բերած միլիոնավոր դոլարի անշարժ գույքի մասին: ԱԳՆ խոսնակն ասել է, թե չի պատրաստվում մեկնաբանել մարդու անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները, բայց համարել է, որ մամուլի հրապարակումները սեւ հակաքարոզչություն են, խանգարում են ռազմավական նշանակության պետական ծառայություն իրականացնող գերատեսչության՝ արտաքին գործերի նախարարության բնականոն աշխատանքին, ուստի խնդրել է պետական անվտանգության ծառայությանը՝ բացահայտելու եւ Ադրբեջանի օրենսդրությամբ սահմաված կարգով պատասխանատվության ենթարկելու մեղավորներին:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը փաստացի չի հերքել, որ Մամեդյարովի ընտանիքն արտասահմանում ունի թանկարժեք անշարժ գույք: Մամուլը գրել էր, որ նրա որդին Նյու Յորքում դարձել է երկու միլիոն դոլար արժեցող բնակարանի սեփականատեր: Ադրբեջանում վերջին մեկ-երկու ամիսներին ցուցադրական պայքար է տարվում կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ: Այդ հողի վրա պաշտոնանկ է արվել մշակույթի նախարարը: Մամուլը հեղեղված է ազգային անվտանգության նախկին նախարար Մահմուդովի բիզնես-կայսրության մասին նյութերով: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանում բոլոր պաշտոնյաներն էլ կոռումպացված են: Արտգործնախարար Մամեդյարովը բացառություն լինել չէր կարող, որովհետեւ նրա գլխավորած գերատեսչությունը շատ վաղուց ոչ թե բաց դիվանագիտական աշխատանք է տանում, այլ զբաղված է լոբբիստական շմբեր եւ շրջանակներ վարձահրավիրելու գործով: Լոբբինգը թանկ հաճույք է, Ադրբեջանն այդ նպատակով ինչքա՞ն գումարներ է ծանխսում տարեկան կտրվածքով՝ ոչ ոք չի կարող ստույգ ասել: Փորձագետները խոսում են մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին, որ արտասահման է ուղղվում երկու՝ արտաքին գործերի նախարարության եւ սփյուռքի հետ աշխատանքների պետկոմիտեի խողովակներով: Երկուսն էլ, ի դեպ, անխղճորեն քամուն են տալիս այդ գումարները: Կամ, գուցե, տեղի է ունենում փողերի պայմանավորված լվացում: Ասենք, հրեական ուղղությամբ աշխատող լոբբիստը ոմն Արյե Գութի պատվիրում է հերթական հակահայկական հոդվածը, որ լույս է տեսնում անգլիալեզու «Ջերուզալեմ փոսթ» թերթում, հեղինակն ստանում է իր հինգ հազար դոլար «հոնորարը»՝ մնալով չափազանց գոհ, իսկ հաշվետվություն կազմվում է «ծախսված տասնյակ հազարավոր» դոլարների մասին, եւ մնացած գումարը վերադառնում է սփյուռքի հետ աշխատանքների պետկոմի նախագահի գզրոցներ: Անհավանական է, որ արտաքին գործերի նախարար Մամեդյարովը թաթախված չլինի կոռուպցիոն գործարքներում:

Խնդիրն այն է, որ, ինչպես հասկացվում է ԱԳՆ մամուլի պատասխանատուի հայտարարությունից, իր ընտանիքի ունեցվածքի մասին մամուլի հրապարակումները նա բոլորովին այլ կտրվածքով է ընկալել, մի բան, որ Ադրբեջանի նման երկրի դեպքում խիստ տրամաբանական է: ԱԳ նախարարը հասկանում է, որ առանց Իլհամ Ալիեւի համաձայնության մամուլում իր մասին վարկաբեկիչ նյութեր չէին հայտնվի: Իսկ եթե հայտնվել եւ տարածվել են, դարձել սոցիալական ցանցերի քննարկման թեմա, ուրեմն ինքը թիրախավորված է որպես արտաքին գործերի նախարար: Ավելի վաղ Միլլի մեջլիսի իշխանամետ թեւի մի քանի պատգամավորներ հանդես էին եկել Մամեդյարովին հանգստի ուղարկելու նախաձեռնությամբ: Իրավիճակն այնպիսին է, որ Ալիեւը մեկին զոհաբարելու խիստ կարիք ունի: Իշխանության բուրգում, գուցե, ամենաթույլ օղակը Մամեդյարովն է, որի հովանավորն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է: Երբ Լավրովի «պլանը» չի աշխատում, Մամեդյարովին կարելի է անվանել «անատամ» դիվանագետ, որին չի հաջողվում կյանքի կոչել «նախագահ Ալիեւի հարձակողական արտաքին քաղաքականությունը»: Ինչ խոսք, Թարթառ քաղաքի մի գավառամիտ միջավայրում կարելի է հերոսություն խաղալ եւ «,պահանջել պատմական ադրբեջանական Իրավան քաղաքը»:

Այդ ոճով եթե խոսի արտգործնախարար Մամեդյարովը՝ որեւէ արտասահմանցի գործընկերոջ հետ, նրան հիմարի տեղ կդնեն եւ զրույցն անմիջապես կփակեն: Բայց, երեւում է, Ալիեւը որոշել է մինչեւ վերջ գնալ: Եւ հետեւել է Մամեդյարովի չափազանց դիվանագիտական պատասխանը՝ նա օգնություն է խնդրում պետական անվտանգության ծառայությունից, մի մարմնից, որ, անկասկած, Մամեդյարովի դեմ լուրերի առաջին տարածողն է: Մամեդյարովն այսպիսով հասկացնում է, որ տեղյակ է իր դեմ արշավի մանրամասնություններին, բայց դեռ գերադասում է լռել: Ի՞նչ կպատի նա, եթե հարցը խորանա՝ մնում է միայն ենթադրել: