ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ տեղի կունենան «միջնորդավորված բանակցություններ» 

ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ տեղի կունենան «միջնորդավորված բանակցություններ» 

Չնայած հատկապես իսրայելական մամուլում հրապարակումներ եղան, որ Միացյալ Նահանգներն առաջիկա շաբաթներին, կամ մինչեւ աշուն Իրանի հետ ռազմական բախման մեջ կմտնի, մասնավորապես՝ կհարվածի իրանական միջուկային օբյեկտներին, սակայն ամերիկյան Axios պարբերականն իր հոդվածներից մեկում գրում է, որ Վաշինգտոնը լրջորեն է տրամադրված Թեհրանի հետ բանակցություններով գործարքի հասնելու հեռանկարի հանդեպ եւ դիտարկում է նաեւ միջնորդավորված բանակցությունների հնարավորությունը։ 

Ռուս փորձագետ Վլադիմիր Սաժինը «Վեստնիկ Կավկազա» պարբերականի հետ զրույցում, անդրադառնալով ԱՄՆ-Իրան միջնորդավորված բանակցություններին, նշում է, որ եւ Վաշինգտոնը եւ Թեհրանը այդ անուղղակի բանակցություններում կներգրավեն միջնորդների նվազագույն թվաքանակ, եւ այդ միջնորդները իրականացնելու են բացառապես տեխնիկական գործառույթներ, քանի որ հարցը ձեւակերպված է այնպես, որ պետք է համաձայնության գան միայն Թեհրանն ու Վաշինգտոնը։ Սաժինը նշում է, որ ամենայն հավանականությամբ կգործի նախորդ Միջուկային գործարքի համաձայնագրի հետ կապված բանակցային մեխանիզմը։ Այն ժամանակ Օմանը կազմակերպեց բանակցությունները ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ։ Ամերիկացի եւ իրանցի ներկայացուցիչները նստում էին այն ժամանակ տարբեր սենյակներում, իսկ օմանյան ներկայացուցիչները կամուրջ էին հանդիսանում երկու պատվիրակությունների միջեւ։ Իհարկե, Միացյալ Նահանգները խորհրդակցություններ անցկացնելու է դաշնակիցների հետ, որոնք մասնակցել են նախորդ գործարքին, ի դեմս՝ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի։ Թեհրանն էլ իր հերթին խորհրդակցություններ կանցկացնի Պեկինի եւ Մոսկվայի հետ։ Քիչ հավանական է, ըստ Սաժինի, որ նշված երկրները մասնակցեն այդ բանակցություններին ուղղակի կերպով։ Այլ տարբերակ ամերիկյան կողմը չի էլ դիտարկում, քանի որ նախորդ անգամ նախ ամերիկյան ու իրանական կողմերը համաձայնեցրել են հիմնական հարցերը, ապա դրանք ի մի բերված տարբերակով փոխանցվել են մյուս մասնակիցներին, եւ ամերիկա-իրանական պայմանավորվածությունների հիման վրա կազմվել է գործարքի վերջնական համաձայնագիրը։ Այստեղ, ըստ Սաժինի կարեւոր է նաեւ այն, թե ինչպես են վերացվելու հակաիրանական սանկցիաները, քանի որ դրանք հիմնականում սահմանված են Միացյալ Նահանգների կողմից։ Բացի այդ, ըստ փորձագետի, օրակարգում կան նաեւ այլ հարցեր, որոնք վերաբերում են միայն Իրանին ու Միացյալ Նահանգներին՝ բալիստիկ հրթիռների ծրագրի դադարեցում, Մերձավոր Արեւելքում Իսլամական Հանրապետության ակտիվության նվազեցում կամ դադարեցում․ պահանջներ, որոնք Իսլամական Հանրապետության առաջ դնում է Միացյալ Նահանգները։ 

Այս ամենը, հաշվի առնելով, թե ինչպիսի բարդ օրակարգ է լինելու բանակցություններում, ըստ մասնագետի, որոշակի անորոշություն է առաջացնում, թե ինչ ընթացք կունենան դրանք եւ ինչով կավարտվեն։ Ամեն դեպքում, եթե դրական տրամադրվածությամբ մոտենանք հարցին եւ համարենք, որ գործարք այնուամենայնիվ կկնքվի կողմերի միջեւ, ապա հնարավոր է, որ վերջին փուլում արդեն ամփոփիչ փաստաթուղթը կազմելու համար «վերակենդանացվի» «5+1» ֆորմատը։ Ամփոփիչ փաստաթուղթը կստորագրեն ՄԱԿ ԱԽ բոլոր մշտական անդամ երկրները, ինչպես նաեւ՝ միջուկային զինանոց ունեցող երկրները, գումարած՝ ԵՄ-ն ու Գերմանիան։ Ամփոփիչ փաստաթղթի ստորագրմանը կարող է միանալ նաեւ Սաուդյան Արաբիան։ Սա, սակայն, կլինի, եթե ամեն բան ընթանա բարեհաջող։ Իսկ մինչ այս, պետք է հուսալ, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ Օմանում կամ այլ որեւէ երկրում։