Սերն է բերել մեզ Սերբիա․ ինչպե՞ս են ապրում հայերը Սերբիայում (տեսանյութ, ֆոտոշարք)

Սերն է բերել մեզ Սերբիա․ ինչպե՞ս են ապրում հայերը Սերբիայում (տեսանյութ, ֆոտոշարք)

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Սերբիայում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորեցին նաև տեղի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչները։ Նրանք, որքանով տեղեկացանք, երեք հարյուրին մոտ են և գրեթե բոլորն էլ այստեղ են հաստատվել վաղուց՝ դեռ 90-ականներից։ Առիթն օգտագործելով՝ զրուցեցինք նրանց հետ, մի քնաի հարց ուղղեցինք, թե ինչպես են հայտնվել Սերբիայում, ինչով են զբաղվում, հարցրինք նաև հեղափոխությունից, թե արդյոք աջակցե՞լ են հեղափոխությանը Սերբիայում և մտադրություն չունե՞ն վերադառնալ հայրենիք։
Նախ նկատենք, որ ինչպես սերբ ժողովուրդը, այնպես էլ Սերբիայի հայերը շատ սիրալիր և հյուրընկալ ժողովուրդ դուրս եկան։ Իրար հերթ չտալով՝ սկսեցին պատմել, թե ով ինչպես է տնավորվել Սերբիայում, ով ինչով է զբաղվում, ոմանք էլ հարցերին պատասխանելու փոխարեն իրենք սկսեցին մեզ հարցեր ուղղել՝ խնդրելով բարձրաձայնել իրենց հուզող խնդիրների մասին Հայաստանի իշխանությունների մոտ։ 

Զրույցից հասկացանք, որ հայերին սերն է բերել Սերբիա, որն ինքնին սեր է։
«Պսակվել ենք, եկել ենք, սերն ա բերել»,-ասաց կանանցից մեկն ու ցույց տվեց մի աղջկա, որը, իր խոսքով, սերբի և հայի խառնուրդ է։

Մեր հարցին, թե Հայաստան վերադառնալու մտադրություն կա՞, հատկապես, որ վարչապետը կոչ է անում վերադառնալ հայրենիք, կանացից մեկն ասաց՝ թոշակի անցնեն, նոր կվերադառնան։ Մի ուրիշ կին էլ հավելեց․ «Մինչև Հայաստանում սոված մարդիկ չկշտանան, ոչ մի լավ բանի ես չեմ սպասի»։

Նրանք նաև բարձրացրին դեսպանատան և վիզաների ազատականացման հարցը, որ կարողանան ավելի ազատ մեկնել Հայաստան կամ Հայաստանից՝ Սերբիա։ Մենք էլ տեղեկացրինք, որ Հայաստանի նախագահը Սերբիայի նախագահի հետ հանդիպումներից հետո հայտարարել է արդեն այդ մասին, որ մոտակա ամիսներին Երևանում կբացվի Սերբիայի դեսպանատուն, նաև վիզային ռեժիմը կվերացվի, ինչը ուրախացրեց տեղի հայերին։ Նրանք, սակայն, ցանկանում են նաև Երևան-Բելգրադ ուղիղ չվերթ էլ բացվի, քանզի Սերբիայից Հայաստան մեծ դժվարությամբ են մեկնում։

Մի կին էլ բարձրացրեց քվեարկությունների հարցը, թե ինչու հայաստանյան համապետական ընտրությունների ժամանակ իրենք Սերբիայում չեն կարողանում մասնակցել քվեարկությանը։ 

Սերբիայի հայերի հետ սիրառատ հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։