Քաղաքական պայքար քաղաքապետի մեքենայի ու կաբինետի բանալիների համար

Քաղաքական պայքար քաղաքապետի մեքենայի ու կաբինետի բանալիների համար

Վարդենիսի նորընտիր ավագանու ՔՊ-ական 13 անդամների հայցը վարչական դատարանը վարույթ է ընդունել եւ նշանակել է առաջին դատական նիստը՝ հունվարի 27-ին: Օրենքը կոպտորեն խախտելով՝ դատավոր Մերի Համբարձումյանը, առանց նախապատրաստական փուլի, միանգամից դատաքննություն է նշանակել: 

«Ահարոն Խաչատրյան դաշինքի» փաստաբան Վարազդատ Հարությունյանն ասում է, որ դատարանին իրենք դիտավորյալ չեն ներկայացրել իրենց պատասխանը, քանի որ մտավախություն ունեն, որ կողմն արագորեն կփոխի հայցի հիմքը: «Նիստից մի քանի օր առաջ կներկայացնենք,- ասում է փաստաբանը,- պետք է նախնական դատական նիստ նշանակվեր: Դատավորը չի պարզել վիճելի իրավահարաբերության բնույթը, պատասխանողի դիրքորոշումը չի լսել, բայց համարել է գործը դատաքննության նախապատրաստված: Էհ, կարող է մի այնպիսի բան ենք ասում, որ ամեն ինչ խառնվում է իրար: Ամենահասարակ ՃՈ հարցեր լինեին, ասեինք՝ հա, իրեն արդեն պարզ է, միլիոն հատ նման գործ է քննել, փաստաթղթերից երեւում է, բայց այստեղ ունիկալ գործ է»:
Ինչպես հայտնի է, ՔՊ-ականները վիճարկում են նորընտիր ավագանու առաջին որոշումները եւ պահանջում նիստի արդյունքներն անվավեր ճանաչել: Ընդդիմության միասնական թեկնածուն՝ Տորֆավանի նախկին գյուղապետ Ահարոն Խաչատրյանը, դեկտեմբերի 30-ին՝ ավագանու առաջին նիստի ժամանակ, ընտրվեց Վարդենիսի քաղաքապետ 14 «կողմ», զրո «դեմ» ձայներով:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նիստին չմասնակցեց, իսկ հունվարի 4-ին, երբ նշանակված էր նորընտիր համայնքապետի երդմնակալությունը, ոստիկանները շարվեցին քաղաքապետարանի շենքի առաջ եւ թույլ չտվեցին, որ օրինական ընտրված քաղաքապետն ու ավագանին մտնեն շենք՝ պատճառաբանելով, որ վարչական դատարանում կա հարցը վիճարկող հայց: Ահարոն Խաչատրյանին փորձեցին բերման ենթարկել մինչ այդ՝ քարոզարշավի ընթացքում հարուցված շինծու քրեական գործի շրջանակներում: 

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը պնդում է, որ տվյալ դեպքում վիճարկվող հայցի առկայությունը չի կասեցնում վիճարկվող ակտը: 

«Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 5-րդ կետն ասում է, որ վիճարկման հայցի վարույթ ընդունելը չի կասեցնում էն վարչական ակտերը, որոնք վիճարկվել են ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից եւ հասցեատիրոջ համար բարենպաստ են: Այսինքն՝ ակտի հասցեատերն Ահարոն Խաչատրյանն է, ոչ թե ՔՊ ավագանու անդամները, եւ նրա համար բարենպաստ է վիճարկվող ակտը»,- ասում է նա: 

Այս նույն պատճառաբանությունը փաստաբանը ներկայացրել է ոստիկանություն, եւ այն ընդունվել է:  

«Ես վստահ եմ, որ իրենք իրենց իրավաբանական վարչության հետ սա քննարկել են, եւ մեզ ասացին՝ դուք իրավացի եք, ոչ ոք իրավունք չունի ձեզ խոչընդոտելու»,- նշեց Վարազդատ Հարությունյանը: 

Այնուամենայնիվ, ոստիկանները շարունակում են հսկել Վարդենիսի քաղաքապետարանի մուտքը: Ամեն օր 4-5 ոստիկան է կանգնում դռան մոտ՝ «ահ տալով» ընդդիմությանը: Ավագանու ընդդիմադիր անդամներն էլ, շատ լավ իմանալով, որ ոստիկանությունն այլեւս չի խոչընդոտի իրենց մուտքը շենք, այնուամենայնիվ, խուսափում են բախումներից: «Մի անգամ փորձել ենք մտնել, բայց տեսնելով, որ ոստիկանները «ցցուկ» են տեղում, կոնֆլիկտներից խուսափելու համար չենք մտել: Մենք համոզված ենք, որ նրանք պահը բաց չեն թողնի, որ մեր գլխին մի կեղտոտ բան սարքեն ու նոր գործ հարուցեն: Բոլորն իրենց ձեռքերում են՝ ոստիկան, դատախազ»,- ասում է դաշինքի անդամներից մեր աղբյուրը: 

Այժմ արդեն ՔՊ-ական եւ ոչ ՔՊ-ական ավագանիների միջեւ պայքարը ծավալվում է ոչ թե քաղաքապետարան մուտք գործելու, այլ քաղաքապետի աշխատասենյակի բանալիների ու քաղաքապետի ծառայողական ավտոմեքենայի համար: Միմյանց գործողությունների մասին կողմերը հաճախ տեղեկանում են կայքերից: Yerkir.am կայքին Ահարոն Խաչատրյանի փաստաբանն ասել էր, որ ուշադիր հետեւում է, թե քաղաքապետարանն ինչ գույք է օգտագործում, քանի որ նոր քաղաքապետի ընտրությունից հետո քաղաքապետարանի գույքի օգտագործումը նախկին քաղաքապետի կողմից ապօրինի է:  

Հաջորդ օրը նախկին քաղաքապետ, չընտրված ՔՊ-ական Արամ Մելքոնյանը ծառայողական մեքենան բերել, կանգնեցրել է քաղաքապետարանի մուտքի մոտ, բայց բանալիները չի տալիս: 
«Մենք գրությամբ դիմում ենք աշխատակազմի ղեկավարին, որ կնիքը, բանալիները պատրաստի, գալու ենք վերցնենք: Նա մեզ պատասխանեց, որ ո՛չ կնիք ունի, ո՛չ բանալի: Երկու օրից Արամ Մելքոնյանը «Սպուտնիկ Արմենիային» հարցազրույց տվեց ու ասաց, որ բանալիները հանձնել է աշխատակազմի ղեկավարին»,- ասում է ավագանու մեր աղբյուրը: 

Հաղթած քաղաքական ուժի ներկայացուցիչները, այս տեղեկությունը ստանալով, կրկին գնում են աշխատակազմի ղեկավարի մոտ, բայց նա կրկին ասում է՝ ինձ մոտ ոչինչ էլ չկա: 
«Ահարոն Խաչատրյան դաշինքը» ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ աշխատասենյակի բանալիները հափշտակված են, ինչպեսեւ քրեական գործ հարուցելու համար հաղորդում են տվել Գլխավոր դատախազություն, մեքենայի բանալիները յուրացնելու թեմայով, նաեւ վարչական դատարան են դիմել՝ ոստիկանության գործողությունները նիստին միջամտելու ուղղությամբ ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով: Նիստը նշանակվել է հուլիսին: Ահա այսպես համայնքապետարանի աշխատանքը պարալիզացվել է, իսկ Վարդենիս քաղաքն ակամայից կատակերգության հանդիսատես է դարձել ու չգիտի, թե երբ է այն ավարտվելու: