«Հրապարակ». Ինչո՞ւ են հրավիրել այն իշխանավորներին, որոնց նզովել են, անիծել, որոնց հրաժարականն են պահանջել

«Հրապարակ». Ինչո՞ւ են հրավիրել այն իշխանավորներին, որոնց նզովել են, անիծել, որոնց հրաժարականն են պահանջել

Մայր տաճարի ներսում դեռ մուրճի ձայներ են հնչում` ամենուր շինարարական նյութեր են, բարձրադիր կոնստրուկցիաներ, չնայած եկեղեցականները վստահեցնում են՝ սեպտեմբերի 29-ին տաճարը կվերաօծվի, եւ հավատացյալները կաղոթեն արդեն վերանորոգված մայր տաճարում։ Շուրջ 12 տարի տեւեցին Մայր Աթոռի վերականգնման աշխատանքները։ Պատմության ընթացքում Գարեգին Երկրորդի օրոք է միայն մայր տաճարն այսպես հիմնարար վերանորոգվել՝ վստահեցնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ «Եթե հետադարձ հայացք նետենք դեպի պատմություն, վերջին անգամ 1620-ական թվականներին է եղել՝ Մովսես Տաթեւացի կաթողիկոսի ժամանակ, հետագայում էլ որոշակի վերանորոգումներ կատարվել են այլ կաթողիկոսների ժամանակ, բայց այսպիսի հիմնարար վերանորոգում իրականացվել է ներկայիս կաթողիկոսի՝ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ժամանակ»,- նշեց նա` լրագրողների հետ զրույցում։

Ճարտարապետ Ամիրան Բադիշյանի խոսքով՝ մայր տաճարի վերանորոգման աշխատանքների արդեն 12 տարին է լրացել, որից կեսը հետազոտական, ուսումնասիրման բազմաբնույթ աշխատանքներ են կատարվել, եւ նախագծային փուլն է եղել, երկրորդ փուլում են սկսվել բուն շինարարական աշխատանքները: «Սկսած հիմնատակերից, վերջացրած մայր եկեղեցու խաչով, իրականացվել են ամրակայման բազմաբնույթ աշխատանքներ։ Խաչի մասով շահարկումներ եղան: Պետք է ասեմ՝ մայր տաճարի խաչը, որը տեղադրվել էր 17-րդ դարում, համապատասխան արձանագրություն գոյություն ուներ իր վրա, իրականացված էր լատունի բարակ թիթեղներից եւ գտնվում էր խիստ քայքայված, կարելի է ասել` գոյությունը չպաշտպանող վիճակում։ Թանգարանում խաչը ցուցադրվում է, ինչպես որ ապամոնտաժվել է՝ առանց որեւէ միջամտության: Մեր աշխատանքներն արդեն ավարտվել են, նոր բրոնզաձույլ խաչը, որը, չասեմ՝ ճիշտ կրկնօրինակն է, բայց ոճական եւ չափային առումով կրկնում է ապամոնտաժած խաչը»,- ասաց ճարտարապետը։

Խորհրդանշական են հատկապես շինարարության ընթացքում ի հայտ եկած որմնանկարները։ Որմնանկարների նախագծման հեղինակ Արժանիկ Հովհաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց՝ որմնանկարների վերականգնման աշխատանքները տեւել են 7 տարի։ «Որմնանկարները դիտարկում եմ որպես առանձին հուշարձան, որը շատ բարդ էր վերականգնելը, բազմաշերտ էր եւ բացահայտման շատ խնդիրներ ուներ։ Ավագ խորանում տարբեր ժամանակներում նկարված որմնանկարներ կան, բոլորը պետք էր վերադասավորել ըստ ժամանակների։ Բացի այդ, հսկայական չափի որմնանկարներ ապամոնտաժվեցին եւ տեղադրվեցին իրենց նախկին տեղում։ Տակի շերտերից ելած որմնանկարներ էլ ունենք, որոնք կցուցադրվեն թանգարաններում՝ որպես պատմական ցուցանմուշներ»,- նշեց նա։

Չնայած եկեղեցու եւ իշխանության միջեւ առկա խոր հակասություններին եւ տարաձայնություններին՝ մայր տաճարի վերաօծման արարողությանը հրավիրվել են նաեւ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները։ Եկեղեցական պաշտոնական արարողություններին` մյուռոնօրհնեքին եւ տաճարի վերաօծմանը, մասնակցության հրավերներ ուղարկվել են բոլոր ժամանակների իշխանություններին։ Ներկա կգտնվեն ՔՊ-ականները, թե ոչ` պարզ չէ, հայտնի է  միայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիրքորոշումը՝ նա չի մասնակցելու արարողություններին, որովհետեւ սեպտեմբերի 25-30-ը մեկնում է գործուղման` Կանադա։

Ի դեպ, ՀՅԴ Կանադայի կոմիտեն հայտարարություն է տարածել՝ իր վերաբերմունքը հայտնելով այս այցելությանը. «Վարչախմբի կողմից որդեգրված ապազգային քաղաքականության հետեւանքով աններելի նահանջ է արձանագրվում մեր ազգային կենսական շահերի նկատմամբ։ Արցախի հիմնախնդիրը վերստին միջազգային օրակարգ բերելու հնարավորության ուղիների որոնման հետամուտ Հայ դատի հանձնախմբերի աշխատանքները խափանող Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ական գործող վարչախումբը հետեւողական զիջումներով, սահմանազատման ապօրինի եւ անձնատվողական գործընթացով, դարձել են թուրք-ադրբեջանական քաղաքական օրակարգի կամակատարը։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի գործող վարչախումբն իրավունք չունի որոշելու Արցախի կարգավիճակի ճակատագիրը եւ նախորոշելու Հայաստանի ինքնիշխան սահմանները, եւ առ այդ, վերստին դատապարտելով իրենց ազգակործան ընթացքը, առաջիկա օրերին Կանադա ժամանող վարչախմբի կազմը նկատվում է անցանկալի պատվիրակություն»:

Ինչ վերաբերում է մյուս պաշտոնյաների մասնակցությանը. «Կմասնակցեն, թե ոչ՝ իրենց որոշումն է»,- ասում է Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ հավելելով. «Յուրաքանչյուր մարդու համար մեծ պատիվ պետք է լինի ներկա գտնվելն այն արարողություններին, որոնք տեղի են ունենալու»: Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն էլ շեշտեց՝ հրավերներ ուղարկվել են բարձրաստիճան պաշտոնյաներին, այս պահի դրությամբ իրենց մասնակցության վերաբերյալ սպառիչ պատասխաններ չկան, միայն ԱԺ նախագահի պատասխանն է, որ չի մասնակցելու։ Սրբազանի խոսքով՝ իշխանությանը հրավեր ուղարկելու որոշումը կայացվել է Գերագույն հոգեւոր խորհրդում։

Ինչո՞ւ են հրավիրել այն իշխանության ներկայացուցիչներին, որոնց ինքը նզովել ու անիծել է, որոնց հրաժարականի պահանջ է ներկայացվել՝ հարցրինք Մայր Աթոռի դիվանապետին։ Արշակ սրբազանն ասաց․ «Անկեղծ ասեմ՝ մեզ մոտ էլ կային տարակույսներ՝ իշխանություններին հրավիրել-չհրավիրելու հետ կապված, պայմանավորված եկեղեցու եւ իշխանությունների հարաբերությունների ներկա բնույթով: Հաշվի առնելով հենց այդ հանգամանքը՝ իշխանություններին հրավիրելու նպատակահարմարության խնդիրը քննարկվել է եկեղեցում ամենաբարձր մակարդակով՝ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում: Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը վերջնական որոշման է եկել, որ, այո՛, պետք է հրավերներն ուղղել»:

Արշակ սրբազանը կարծում է, որ համազգային արարողություններին իշխանություններին հրավիրելը բացարձակապես պետք չէ մեկնաբանել այն իմաստով, որ եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումներից եւ եկեղեցին ամբողջական լոյալություն է դրսեւորում այն քաղաքական գծի նկատմամբ, որը որդեգրել են իշխանությունները: 
«Եկեղեցին շարունակելու է իր դիրքորոշումները, իր մտահոգություններն արտահայտել բոլոր այն դեպքերում, երբ դրա անհրաժեշտությունը կգտնի»,- շեշտեց նա։