Տոյվո Կլաարը կասկածում է ադրբեջանցիների հանցագործ լինելու մեջ
«Հրապարակ»-ը հայտնում է, որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր թվիթերյան միկրոբլուգում գրել է, որ հայտնվել է ևս մեկ տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են մահապատժի ենթարկում հայ ռազմագերիներին: «Եթե ապացուցվի, որ այս տեսանյութը իրական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի և որի մեղավորները պետք է պատժվեն», - նշել է Տոյվո Կլաարը: Չեմ կարծում, թե Տոյվո Կլաարն իսկապես կասկածում է այդ տեսանյութի իրական լինելու մեջ: Սակայն մեջբերելով կասկածի հանգամանքը՝ վերջինս փորձում է ժամանակ շահել ավելի կոնկրետ հայտարարություն անելու առումով: Կամ էլ նման հայտարարություն անելու թույլտվություն ստանալու համար: Քանի որ վերջինս բավական ժամանակ է (շուրջ 10 տարի), ինչ պաշտոնավարում է Վրաստանի առումով, և, բնական է, որ պետք է ծանոթ լիներ 15-20 տարի շարունակ Ադրբեջանում տարվող հայատյացության քաղաքականությանը: Եվ չկասկածեր, թե հնարավոր է արդյոք նման բան: Փաստորեն, նույնիսկ օբյեկտիվ դիտարկումն ու գնահատական տալը «ժողովրդավարությունների էլիտար ակումբի անդամ» երկրներում լուրջ աշխարհաքաղաքական խնդիր է՝ պայմանավորված ադրբեջանական ածխաջրածնային հանքավայրերով:
Ինչ մնում է ադրբեջանական հրոսակների վարքագծին, ապա վերը նշված քաղաքականության դեպքում գերի ընկած զինվորներին գնդակահարելը բնական վարքագիծ է: Եվ համացանցում շրջանառվող տեսանյութն էլ առաջինը չէր ու ոչ էլ կլինի վերջինը: Այո, չի լինի վերջինը՝ քանի դեռ մեր երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է պարտվողականության խորհրդանիշ անձը: Դա՝ մեկ, և երկու՝ մի ժամանակ գերի ընկնելը մեր երկրում վերածվել էր հերոսության: Եվ գերությունից վերադարձածներին դիմավորում էին որպես հերոսների: Ինչն, ընդունեք, որ իսկապես աննորմալ երևույթ է: Հերոսությունը հայրենիքի համար կռիվ տալն է և անհրաժեշտության դեպքում կյանքը զոհելը: Դեռևս 2-3 հազար տարի առաջ հույներն էին ասում՝ «Վահանով կամ վահանի վրա»: Այսինքն՝ պատերազմից վերադարձ հաղթանակով կամ որպես սպանված: Ինչևէ, այս տեսանյութն այն բանի վկայությունն է, թե իրականում ինչ է գերությունը:
Հատկապես այնպիսի թշնամու ձեռքին, ինչպիսին այսօր ադրբեջանցին է: Այն ադրբեջանցին, որ մանկուց «սնվել» է հայի նկատմամբ ատելությամբ: Որպես տեղեկանք՝ ռուս-ուկրաինական պատերազմում ռուս զինվորների գերի ընկնելու կապակցությամբ Ռուսաստանում խստացվել է դրա պատիժը. ազատազրկումը հասցվել է մինչև 10 տարվա: Իհարկե, ինչպես ասվեց, քանի Փաշինյան Նիկոլն է վարչապետի պաշտոնում, ադրբեջանցիներն անընդհատ դիմելու են ագրեսիվ ռազմական գործողությունների: Իսկ որպեսզի դրանք դադարեցվեն՝ մի քանի տեղում կամ մի քանի անգամ իրենք պետք է շան ծեծ ուտեն: Ինչը գոնե որոշակի ժամանակ մոռացնել կտա մեր ուղղությամբ նայելու մասին (փոխաբերաբար ասված): Իսկ որպեսզի դրանք նման ծեծ ստանան, մեզ անհրաժեշտ է այլ գլխավոր հրամանատար: Անհրաժեշտ է, որպեսզի վերականգնվի բանակը, որպեսզի ձեռք բերվի սպառազինություն և որպեսզի ողջ արևելյան և Նախիջևանի սահմանների երկայնքով կատարվեն համապատասխան ինժեներական աշխատանքներ:
Եվ մի բան էլ՝ եթե նույնիսկ Տոյվո Կլաարը համոզվի, որ գերիների սպանդն իրական է, և կատարողները պատժվեն որպես հանցագործներ (ինչում խիստ կասկածում եմ), մենք պետք է հասնենք նրան, որ ոչ հեռու ապագայում պատժվեն ոչ միայն կատարողները, այլև նրանց այդպիսին դարձնողը:
Կարծիքներ