Նախիջեւանն արդեն «Թուրքիա է»

Նախիջեւանն արդեն «Թուրքիա է»

Ադրբեջանցի քաղաքագետ Գաբիլ Հուսեյնլին կարծում է, որ Նախիջեւանում թուրքական ռազմահենակայանի հարցը «կարելի է համարել արդեն լուծված»: Նրա գնահատմամբ՝ եթե նախկինում ինչ-ինչ իրավական խնդիրներ կային, ապա վերջին օրերի փոխադարձ այցելությունների ընթացքում «կարեւոր փաստաթղթեր են նախապատրաստվել»: Այսուհետեւ Թուրքիան եւ Ադրբեջանը «կհամաձայնեցնեն ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական հարցեր՝ քննարկումների միջոցով գտնելու ոսկե միջինը»: Վերջին ձեւակերպումն, ինչ խոսք, տպավորություն է թողնում, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ անամպ եւ, մանավանդ, եղբայրական չէ: Ավելի հետաքրքիրը, սակայն, այն է, որ Հուսեյնլին անոնսավորում է, որ թուրքական երկրորդ ռազմահենակայանն, ամենայն հավանականությամբ, կտեղաբաշխվի Ապշերոնում: Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին պայմանագիրը բացառում է արտատարածաշրջանային երկրի զինված ներկայությունը Կասպից ավազանում:

Խոսքը ռազմածովային ուժերի մասին է: Բայց Թուրքիան կարող է օգտագործել Բաքվի մերձակայքում դեռեւս խորհրդային ժամանակներից մնացած ռազմական օդանավակայաններից մեկը: Համատեղ զորավարժությունների ընթացքում ադրբեջանական մամուլում «ենթադրվել էր» մի հավանականություն՝ որ Թուրքիան կարող է Ադրբեջանում թողնել F-16 կործանիչների էսկադրիլիան՝ տասը մարտական մեքենայի հաշվարկով: Հուսեյնլիի ակնարկը, հավանաբար, հենց դրան է վերաբերում: Ադրբեջանցի քաղաքագետը համարում է, որ Թուրքիան «Նախիջեւանի երաշխավորն է»: Բայց «մոռանում է» ոչ պակաս կարեւորը՝ Նախիջեւանի՝ որպես Ադրբեջանի պրոտեկտորատի ենթակա տարածքի երաշխավոր է նաեւ Ռուսաստանը: Նախիջեւանում թուրքական ռազմահենակայան ստեղծելու հարցը քննարկվե՞լ է Մոսկվայի հետ: Թուրքիան տարածաշրջանում բարդ, բազմաքայլ եւ խիստ վտանգավոր ծրագիր է նախաձեռնել: Մի կողմից դա կարող է բերել Ադրբեջանի անկախության կորստին, մյուս կողմից՝ տեւական մրցակցության՝ դրանից բխող ապակայունացման սպառնալիքով հանդերձ: Բացառված չէ, որ Անկարայում վերջնականապես հաշտվել են «Ադրբեջան» աշխարհաքաղաքական նախագծի տապալման հետ եւ շտապում են վերցնել իրենց «օրինական բաժինը»: Իսկ Արեւելյան Այսրկովկասի մնացյալ մասն ու՞մ բաժին կհասնի: