Անհետ կորածների ծնողները հանդիպել են Նաիրա Զոհրաբյանի հետ 

Անհետ կորածների ծնողները հանդիպել են Նաիրա Զոհրաբյանի հետ 

Այսօր Ազգային ժողովում Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փակ հանդիպում է ունեցել ռազմագերիների ու անհետ կորածների այն ծնողների  հետ, ովքեր  ադրբեջանցիների կողմից համացանցում  տարածված հայ ռազմագերիների տեսանյութերոււմ տեսել ու ճանաչել են իրենց հարազատներին։

Տեղեկատվությունը գաղտնիություն է ենթադրում, ուստի Նաիրա Զոհրաբյանը միայն որոշ փակագծեր բացեց՝ ասելով․
«Վերցրել եմ ողջ տեղեկատվությունը, և, բնականաբար, կապը պահպանում  եմ «Իրավական ուղի» կազմակերպության նախագահ Սիրանույշ Սահակյանի հետ։ Մենք փորձել ենք մեր ունեցած տեղեկատվությունը համադրել Սիրանույշի հետ։ Հիմնականում՝ ռազմագերիների մասով։ Անհետ կորածների ծնղներից որոշները ինձ տեղեկատվություն են տրամադրել, որ իրենց հասել են տեղեկություններ, որոնց հավաստիությունը չեմ կարող ոչ հերքել, ոչ հաստատել, որ մանսավորապես, ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող և մանսավորապես, Հադրութի Վանք գյուղի տարածքներում հնարավոր է՝  դեռևս շրջափակման մեջ լինեն զինվորներ։ Տեղեկությունը ֆիքսել եմ, արձանագրել, կապ եմ հաստատել Պետդումայի մի քանի գործընկերների հետ։ Խնդրել եմ իրենց ուղղակի միջամտությունը Արցախում  Խաղաղապահ առաքելության ղեկավար Ռուսլան Մուրատովի հետ հարցը քննարկելու համար»,-ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը։

Ռուսլան Մուրատովի հետ կապ Զոհրաբյանը դեռևս չի հաստատել, (փոխանցվել է, որ ՌԴ խաղաղապահների ղեկավարը երեկվա դրությամբ Արցախում չի եղել) բայց պատրաստվում է առաջիկայում մեկնել Արցախ՝ Մուրատովի հետ  հարցը քննարկելու համար։ «Քննարկելու ոչ միայն այդ, այլև տարբեր գյուղերից տեղահանված արցախցիների հարցերը, որոնց հետ, ինչպես տեսանք Վազգենաշենում, ինչպես են տեղահանվում ադրբեջանցիների նվաստացումների ներքո»,-հավելեց Նաիրա Զոհրաբյանը։