Լիկբեզ  Իլհամ Ալիեւի համար

Լիկբեզ  Իլհամ Ալիեւի համար

 «Վալդայ» բանավիճային ակումբում ելույթի մի հատված Իլհամ Ալիեւը նվիրել է Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշմանը, որտեղ գրված է «Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում, ոչ թե փոխանցել, ինչպես երբեմն մեկնաբանում են հայերը»:

Ուրախալի է, որ Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանին «պատկանելիությունը հիմնավորելու» այլ փաստարկ, քան միջազգային հանրության կողմից մերժված՝ բոլշեւիկյան վարչախմբի ոչ իրավական որոշումն է, Ադրբեջանի նախագահը չունի: Ալիեւյան այդ թեզը կարող է ընկալելի լինել միայն Ռուսաստանում, որտեղ սրբորեն հարգվում են բոլշեւիկա-խորհրդային դարաշրջանի իրողությունները: Այդուհանդերձ, ալիեւյան այդ «փաստարկն» էլ հիմնազուրկ է, որն ապացուցելու համար բավական է դիմել «,մեծ, հզոր ռուսաց լեզվի» բացատրական բառարանի օգնությանը, որտեղ «թողնել»/ оставить բառի ութ նրբերանգային բացատրություն կա: 

Դրանցից ոչ մեկը չի պարունակում այն իմաստը, ինչ նկատի է ունեցել Իլհամ Ալիեւը: Ավելին, առաջին իմաստով «թողնել»/оставить բառը բացատրված է այսպես. «Հեռանալիս, գիտակցաբար կամ մոռանալով, չվերցնել իր հետ»:

Սա խնդրո առարկայի դեպքում շատ տեղին բացատրություն է: Բանն այն է, որ 1920թ. օգոստոսի 10-ի համաձայնագրով, որով բոլշեւիկյան Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ձեռք է բերվել զինադադարի համաձայնություն, Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը համարվել են Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ, որոնց վերջնական կարգավիճակը պետք է որոշվեր կողմերի միջեւ ուղղակի բանակցություններով: Դրանք, ինչպես հայտնի է, սկսվել, բայց որեւէ արդյունքի չեն հանգեցրել: Կարճ ժամանակ անց Հայաստանում իշխանությունն անցել է բոլշեւիկներին: Այս իմաստով, երբ քննարկվում էր ԼՂ կարգավիճակի հարցը, այն ոչ թե ադրբեջանական, այլ Ռուսաստանի կողմից օկուպացված, բայց իրավական առումով հայկական տարածք էր: Եւ խնդրի լուծման ժամանակ բոլշեւիկյան Ռուսաստանը կայացրել է պատերազմի, օկուպացիայի, Հայաստանից անեքսիայի «իրավունքով իրեն պատկանող» Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի խորհրդային հանրապետությանը թողնելու, բայց եւ այն մարզային լայն ինքնավարությամբ օժտելու որոշում:

Սա է ճշմարտությունը: Եւ այս առումով միանգամայն տեղին կլիներ, որ Հայաստանի կառավարությունն Ռուսաստանին, որն իրեն համարում է ԽՍՀՄ, ուստի եւ՝ բոլշեւիկա-խորհրդային դարաշարջանի, իրավահաջորդ, ուղղեր հետեւյալ հարցը. « Հայ-ռուսական զինադադարի մասին 1920թ. օգոստոսի 10-ի համաձայնագիրը  մնու՞մ է ուժի մեջ»: