Ակնկալում ենք նաև պետության աջակցությունը, միայն համայնքի վրա դա մեծ բեռ է. Գյումրու փոխքաղաքապետը՝ շների հարձակման մասին

Ակնկալում ենք նաև պետության աջակցությունը, միայն համայնքի վրա դա մեծ բեռ է. Գյումրու փոխքաղաքապետը՝ շների հարձակման մասին

Օրերս Գյումրիում մանկահասակ երեխայի վրա շների հարձակման դեպքը լայն արձագանք գտավ։ Հիշեցնենք, որ մի խումբ թափառող շներ հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա՝ նրան բազմաթիվ վնասվածքներ պատճառել։ Երեխային, բազմակի կծած վերքերով, տեղափոխել են «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել է, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Երևանում  երեխան երկրորդ անգամ է վիրահատվել, ունի բազմաթիվ վնասվածքներ՝ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում: 

Հասարակությունը կատարվածի պատասխանատվությունը համայնքապետարանի վրա է բարդում: «Եթե համապատասխան մարմինները ժամանակին վերահսկեին իրավիճակը, նման դժբախտություններից խուսափելը հնարավոր կլիներ»,- կարծիք են հայտնում քաղաքացիները: 
Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը թեմայի հետ կապված հրավիրված ասուլիսում նշում է. «Կան բնակիչներ, ովքեր խոչընդոտում են շներին բռնելու գործընթացին: Եղել են դեպքեր, երբ կենդանուն բռնել-տարել են ստերջացնելու, տերը եկել, ընդդիմացել է, թե թող մի սերունդ տա, նոր ստերջացրեք»: Փոխքաղաքապետը կոչ է անում ծնողներին՝ զգոն լինել փոքր երեխաներին վերահսկելու հարցում: Գյումրու Մուշ թաղամասում, որտեղ գրանցվել էր դեպքը, մեծ աղբանոց կա, որտտեղ հավաքվում են 30-40 շուն: Ըստ Հայկ Սուլթանյանի՝ չնայած որ կենցաղային աղբը բնակելի տարածքից պետք է հեռու լինի, եւ  նշված տարածքում աղբամաններ չկան տեղադրված, այնուամենայնիվ,  բնակիչներն ժաղբը հավաքում են հենց այդտեղ: Ի դեպ, մինչ դեպքը արձանագրվելը, ահազանգերի հիման վրա  միայն այդ թաղամասից  մի քանի օր առաջ 12 շուն են որսացել:

Ի վերջո, ի՞նչ միջոցների է պատրաստվում դիմել քաղաքապետարանը՝ խնդիրը մեղմելու նպատակով:

«Լավ կլիներ՝ կացարանների հարցը լուծվեր,ըստ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի՝ կացարանները կարող են լինել պետության, համայնքային եւ մասնավոր սեփականության: Մենք հիմա մասնավորին ուղերձ ենք  տալիս, բայց ակնկալում ենք նաև պետության աջակցությունը: Այսինքն՝ միայն համայնքի վրա դա մեծ բեռ է: »,- ասում է փոխքաղաքապետը՝  ընդգծելով, որ այս ընթացքում  մոտ 350 շուն է ստերջացվել.  «Ստերջացումը թվաքանակի կարգավորման խնդիր է լուծում: Գյումրիում ստերջացում արվում է, բայց մյուս համայնքներում չկա, մնացած տարածքներից կարող է հոսք լինել, եւ չես կարող ամբողջ քաղաքը ցանցապատել, որպեսզի այլ տարածքներից կենդանիներ չներխուժեն»:Թափառող կենդանիների հարցը լուծելու համար  քաղաքապետարանը ժամանակակից առումով  2 նոր  զենք է ձեռք բերել: Մեկը կենդանուն քնեցման միջոցով, մյուսը՝ ցանցերով որսալն է: Սակայն երկուսն էլ աղմկոտ են, եւ դրանք կիրառելիս  բնակիչների մոտ դեռևս այն զգացողությունն է, թե հրացաններով կրակում են: Զենքերի համար նախատեսված դեղորայքները նույնպես մատչելի չեն. սրանք  խոչընդոտներ  են, որոնք դեռևս հաղթահարված չեն, իսկ ահա կենդանիների համար նախատեսվող կացարանները մեծ ֆինանսական միջոցներ են պահանջում:

Մանրամասները՝ տեսանյութում