Ինչո՞ւ գիշերով եւ գաղտագողի

Ինչո՞ւ գիշերով եւ գաղտագողի

Անցած տարվա ապրիլին Երեւանի ավագանին 43 կողմ, 0 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով որոշում կայացրեց Մահաթմա Գանդիի արձանը Երեւանում՝ Հալաբյան եւ Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու մասին, որը հասարակության մի զգալի մասի շրջանում բացասական արձագանք գտավ։ Մեկ տարի անց արձանն արդեն տեղադրվել է, բայց՝ գիշերով, գաղտագողի, հավանաբար՝ ավելորդ լարվածությունից եւ քաշքշուկից խուսափելու համար։    

Աջափնյակի թաղապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Գալուստ Խարբությանից փորձեցինք պարզել արձանի տեղադրման հետ կապված մի շարք մանրամասներ, բայց պարզվեց՝  նա էլ մեզնից տեղեկացավ, որ այն արդեն տեղադրվել է։ Գ․ Խարբությանը եւ Աջափնյակի թաղապետարանից ոչ մեկն այդպես էլ չտրամադրեց որեւէ հստակ տեղեկություն, թե ինչու է գիշերով տեղադրվել արձանը, նախատեսվա՞ծ է արդյոք պաշտոնական բացում, ո՞ր կողմն է հոգացել արձանի տեղադրման ծախսերը։  

Հիշեցնենք, որ նման որոշման ընդունման համար հիմք էր հանդիսացել ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ Երեւանի քաղաքապետին ուղղված գրությունը, որով առաջարկվում էր Հնդկաստանի հոգեւոր առաջնորդ, քաղաքական գործիչ եւ փիլիսոփա Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երեւանում տեղադրել նրա արձանը, դրանով իսկ ամրապնդելով եւ խորացնելով Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները: Գրության համաձայն, արձանը պետք է տրամադրեր հնդկական կողմը, ինչպես նաեւ հոգար արձանի Երեւան տեղափոխման, պատվանդանի կառուցման եւ տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը: