Գյումրու քաղաքապետի թեկնածուների նոր անուններ

Գյումրու քաղաքապետի թեկնածուների նոր անուններ

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան 2025 թվականի մարտի 30-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ-ից։

Գյումրիում ՏԻՄ ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցակցվելու, այսինքն՝ ընտրվում են տվյալ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ավագանու անդամները: Իսկ քաղաքապետի թեկնածուներ հանդիսանում են տվյալ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին համարը զբաղեցնողները: Առաջադրումների համար ժամանակ է հատկացված մարտի 5-ից մինչև մարտի 10-ը  18:00, իսկ հետո արդեն գրանցման գործընթացն է սկսվելու: Ընտրական օրենսգիրքը հստակեցնում է, թե ովքեր չեն կարող Գյումրիի ավագանու անդամի թեկնածուներ լինել: 

Մարտի 15-ից կմեկնարկի քաղաքական ուժերի քարոզչական գործընթացը եւ կավարտվի մարտի  28-ին՝ ժամը 24:00-ին:

ՏԻՄ ընտրությունները Գյումրիում համակարգելու է թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը : 
Քաղաքապետի թեկնածուներն արդեն իսկ ուրվագծվել են:

Նախօրեին լրագրողների հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ մասնակցելու է Գյումրու արտահերթ ընտրություններին։ 

Պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանն էլ ֆեյսբուքյան էջով հայտնեց, որ «Իմ հզոր համայնք» կուսակցությունով որոշել է առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու։ Մխիթարյանի անունը ՀՀԿ -ի հետ էր շրջանառվում, բայց մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ Հանրապետական կուսակցությունն այս ընտրությունը բաց է թողնելու, Գյումրու ՏԻՄ ընտրությանը հնարավոր է՝ չմասնակցի նաև ՀՅԴ-ն՝ չնայած վաղօրոք արված հայտարարությանը, թե այս ընտրությանը չափազանց լուրջ են տրամադրված։

Ավելի վաղ հայտնի էր դարձել,  որ Գյումրու համայնքապետի պաշտոնում ընտրություններին մասնակցելու է Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ-ական Սարիկ Մինասյանը, ով ի դեպ, արդեն իսկ գրեթե ամենօրյա ռեժիմով «քարոզչություն է իրականացնում»՝ հանդիպելով քաղաքի թաղամասերի բնակիչների հետ։ Երկու օր առաջ Խրիմյան Հայրիկ 1-ին թաղամասի բնակիչների հետ էր հանդիպում անցկացնում, այսօր արդեն Շերամ թաղամասի բնակիչներին է հանդիպման հրավիրել։

Նախկին  քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջիններից էր, որ  հայտարարեց իր մասնակցության մասին, հրապարակային  հերքեց ասեկոսեները, թե հնարավոր է, որ միանա ՔՊ-ին: Նախկին քաղաքապետը  մասնակցելու է Կոմունիստական կուսակցության ցուցակով։

«Ապրելու երկիր» խմբակցությունն է նաև ի սկզբանե հաստատել՝ մասնակցելու է իր թեկնածուով՝ «Ապրելու երկիր» խմբակցության Գյումրու ավագանու ղեկավար Կարեն Մալխասյանի առաջադրմամբ։ 

Օրերս Գյումրիում կուսակցական հանդիպում է նախաձեռնել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը, որից հետո ֆեյսբուքում լուսանկար է տեղադրել եւ գրել․ 

«Տպավորիչ մեկնարկ էր, որը թույլ է տալիս պնդել, որ Գյումրիի ավագանու մարտի 30-ի ընտրություններում ունենալու ենք տպավորիչ արդյունք։Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում մեր թիմը բաղկացած է արդյունք ստեղծող, արարող մարդկանցից»: Hraparak.am-ի տեղեկություններով «Դեմոկրատական այլընտրանք»-ի քաղաքապետի թեկնածուն գյումրեցի հասարակական գործիչ Արտյոմ Ղարաղազարյանն է:

 

Իր առաջադրման մասին է խոսել նաև Գյումրիի զարգացման ծրագրով ներկայացող գործարար Կարեն Սիմոնյանը: Վերջինս Հանրապետության երկրորդ քաղաքում` Գյումրիում նախատեսում է ստեղծել ազատ տնտեսական գոտի, որի նպատակն է քաղաքը վերածել ներդրումային և արդյունաբերական կենտրոնի, ստեղծել 15.000 + նոր աշխատատեղ, կատարել 500+ միլիոն դոլարի ներդրում և խթանել գիտական ու տեխնոլոգիական զարգացմանը։ Այդ նպատակով 5-րդ օրն է՝ ստորագրահավաք է անցկացնում քաղաքում  եւ, ինչպես ինքն է տեղեկացնում, արդեն 2300 գյումրեցի է ստորագրել իր նախաձեռնության համար: Գործարարը դեռևս չի բացում փակագծերը, թե որ քաղաքական ուժի ներքո է հանդես գալու: Սակայն, մեր տեղեկություններով, նա առաջադրվելու է «Մայր Հայաստան» խմբակցության ցուցակով։

Հիշեցնենք, որ Գյումրիում ՏԻՄ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն առաջացավ, երբ մոտ երեք ամիս առաջ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը` իշխանության ճնշումների ներքո, հրաժարական տվեց։ Ապա մանդատները վայր դրեցին իշխող «Բալասանյան դաշինքի» ավագանու 14 անդամները։ Գյումրիում կառավարման ճգնաժամ առաջացավ, որի ելքը Նիկոլ Փաշինյանը «գտավ» օրենքում փոփոխություն կատարելով: Իսկ նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 8-10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ` «փրայմերիզ», որով կորոշվի ՔՊ-ի թեկնածուների ռեյտինգը, եւ ամենաբարձր ռեյտինգ ունեցողին ինքը քաղաքապետի ԺՊ կնշանակի։ «Փրայմերիզի» արդյունքներով ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն (253 ձայն)՝ Սարիկ Մինասյանը, նշանակվեց Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։