Նիկոլ Փաշինյանին մեղադրանք էր առաջադրվել Սահմանադրական կարգը բռնի տապալելու համար․ Սեյրան Օհանյանի պաշտպան

Նիկոլ Փաշինյանին մեղադրանք էր առաջադրվել Սահմանադրական կարգը բռնի տապալելու համար․ Սեյրան Օհանյանի պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստը։
Այսօրվա նիստին ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդեց իրենց տրամադրել այս գործով առկա բոլոր նյութերը։ 

Նա նշեց, որ եթե պաշտպանության կողմին տրամադրվեն նախաքննության փուլում գտնվող մայր գործի ողջ նյութերը, իրենք կգտնեն այն ապացույցները, որոնցով կկարողանան արդարացնել իրենց պաշտպանյալներին:

Պաշտպանի խոսքով՝ իրենց վերաբերյալ գործով դատարան ուղարկված 79 հատորում այդ ապացույցները կամ դրանց մեծամասնությունը չեն ներառվել. «Այսինքն՝ թաքցվել են նախաքննության մարմնի կողմից, մինչդեռ դրանք կարող են էական նշանակություն ունենալ՝ օբյեկտիվ իրականությունը բացահայտելու եւ պարոն Օհանյանի պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու համար, քանի որ կհերքվի մեղադրանքի այն պնդումը, թե զինված ուժերի եւ ոստիկանության ստորաբաժանումները անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու համար են գործողություններ իրականացրել»:

Կարեն Մեժլումյանը նախ նշեց, որ մեղադրանքների որոշումներում, ինչպես նաև մեղադրական եզրակացության մեջ, կարմիր թելով անցնում է այն, որ 2008 թ. մարտի 1-ի երեկոյան, ընդհուպ՝ մարտի 2-ի գիշերը, տեղի են ունեցել խաղաղ հավաքներ, ինչը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու համար զինված ուժերի եւ ոստիկանության ստորաբաժանումները Երեւանի կենտրոնական փողոցներում գործողություններ են իրականացրել՝ գործածելով զենք, պայթուցիկ նյութեր եւ այլ հատուկ միջոցներ:

Նա նաև հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանին մեղադրանք էր առաջադրվել Սահմանադրական կարգը բռնի տապալելու համար։