Հանուն աթոռի

Հանուն աթոռի

Ցանկացած իշխանություն, անգամ ամենաատելին, երկրում, որպես կանոն, ունենում է առնվազն 25 տոկոս համախոհների բանակ։ Անգամ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ունեին, անգամ 1996-ին, երբ ազգը Վազգեն Մանուկյան էր ընտրում, ընտրություններից 2 օր առաջ «Շամիրամ» կուսակցության կոչով բազմամարդ երթ արեցին՝ դեպի Բաղրամյան փողոց՝ իրենց աջակցությունը հայտնելով Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Ցանկացած իրավիճակում իշխանությունը կարող է փողոց հանել իր համախոհների մի փոքրիկ բանակ՝ 2-ից մինչեւ 10 հազար մարդ։ Նման փորձ արեց 2017-ի ընտրությունների շեմին՝ ՀՀԿ-ն, ադմինիստրատիվ ռեսուրսը հանելով միտինգի, որ հանրությանը համոզի, թե ինքը լեգիտիմ մեծամասնություն է, եւ արդարացի է 700 հազար քվեի ակնկալիքը։ Սակայն այդ նույն Սերժ Սարգսյանը խուսափեց 2018-ին իր համախոհներին փողոց հանելուց։

Հասկացավ, որ դա հղի է քաղաքացիական պատերազմի վտանգով՝ 2 ոխերիմ բանակի բաժանված հասարակությանը չի կարելի միմյանց դեմ հանել, մեկ անգամ արդեն Երեւանում արյուն է հեղվել, երկրորդ անգամ երկիրն արյունահեղության տանել չի կարելի։ Հասկացավ եւ անգամ ոստիկանությունն ու իրավապահներին չօգտագործեց հեղափոխականների դեմ։ Հիմա, երբ հասարակությունը պառակտված է եւ անհաշտ, երբ նիկոլատյացների եւ նիկոլապաշտների դիրքորոշումները ծայրահեղ տարբեր են, երբ մարդիկ դեռեւս չեն մարսել պարտության ու կապիտուլյացիայի ծանր հարվածը, զինված մարդկանց Հանրապետության հրապարակ բերելը՝ ճոճվող աթոռդ պաշտպանելու համար, ոչ պակաս դավաճանություն է սեփական ժողովրդի հանդեպ, որքան նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գողեգող ստորագրելը։ Ո՞վ կարող է երաշխիքներ տալ, որ երկու հանրահավաքների ժողովուրդը չի բախվելու, եւ նորից արյուն չի թափվելու։ Մի՞թե մեր կրած կորուստները բավարար չեն։