Հայաստանում 1 խարիզմատիկ առաջնորդի շուրջ սուր եւ նեղ ճակատն է արդյունավետ

Հայաստանում 1 խարիզմատիկ առաջնորդի շուրջ սուր եւ նեղ ճակատն է արդյունավետ
Արթուր Ղազինյան

«Հրապարակի» հարցազրույցը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանի հետ

- Պարոն Ղազինյան, փակ, գաղտնի տեղեկատվություն ստանալու հետ կապված ընդդիմության հարցադրումներին կառավարությունից պատասխանեցին, թե պատգամավորները՝ 107 հոգի, պետք է ստորագրություն տան ԱԱԾ-ում, որ գաղտնի տեղեկատվությունը չեն հրապարակելու։ Դուք համաձայն չէիք ձեւակերպումների հետ, կասե՞ք, թե ինչու։ Կարգն ինչպիսի՞ն է, նախկինում այդ հարցն ինչպե՞ս է կարգավորվել։

- Առաջնային մանդատով օժտված, ժողովրդի կողմից ընտրված ցանկացած պաշտոնատար անձ ի պաշտոնե պետք է ունենա մուտք դեպի պետական գաղտնիք։ Դա իր պարտականություններն արդյունավետ կատարելու, խնդիրը լուծելու նպատակ է։ Չի կարող այնպես լինել, որ ժողովրդի կողմից ուղիղ ընտրված, առաջնային մանդատով օժտված անձը՝ ինքը խնդրի, դիմի ԱԱԾ, որպեսզի իրեն տրամադրեն մուտք դեպի պետական գաղտնիք։ Դա նույնն է, որ նախագահական կառավարման համակարգում ՀՀ նախագահը, որն ուղղակիորեն ընտրվում է ժողովրդի կողմից, անկետա լրացնի, դիմի ԱԱԾ-ին եւ խնդրի, որ իրեն տրամադրեն մուտք, այսինքն, այսպես ասած՝ «դոստուպ» տան պետական գաղտնիքին։ Դա աննորմալ երեւույթ է։ Այս ԱԺ-ն տարբերվում է իր ե՛ւ ձեւով, ե՛ւ կառուցվածքով, ե՛ւ իշխանության՝ ընդդիմության նկատմամբ մոտեցմամբ։ Մեր ընկերների մի մասը դիմել է ԱԱԾ-ին՝ այդ գաղտնի ինֆորմացիային մուտք ստանալու համար, 3 ամիս անց նոր իրեն տրամադրեցին դա։ Ինչ վերաբերում է կարգին․ իրենք պետք է գան, հավաքեն տեղեկատվություն կոնկրետ մարդու մասին եւ եթե չեն գտել որեւէ խոչընդոտ, որեւէ խնդիր՝ անձին ի պաշտոնե պետական գաղտնիքին մուտք տալու համար, ապա դա տրամադրվում է մեխանիկորեն։ Ուղղակի, անձը ստորագրում է, որ ստանձնում է պարտավորություն դա չհրապարակելու։ ԱԺ պատգամավորների պարագայում 107 պատգամավոր ի պաշտոնե ստանում է դա։ Եթե կա վերապահում, խնդիր, կասկած, խոչընդոտ որեւէ պատգամավորի այդ մուտքը տրամադրելու հարցում, այսինքն՝ գտնում են, որ դա կարող է ազգային անվտանգության խնդիր առաջացնել, ապա դա առանձին տեղեկանքով, զեկուցումով պետք է գան, իրազեկեն, որ պատգամավորին հրաժարվել կամ մերժվել է տրամադրել այդ տեղեկատվությունը, եւ ներկայացնեն նաեւ հիմքերը։ Եթե հիմքերը կլինեն լուրջ, եւ մենք կհասկանանք, որ այդ պատգամավորն իր գործունեությամբ վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար, ապա էթիկայի հանձնաժողով կձեւավորվի, եւ միգուցե բարձրացվի նրա պատգամավորական անհամատեղելիության հարցը։ Բայց որպեսզի պատգամավորները, ժողովրդի կողմից ընտրված լինելով, ներկայացնեն ողջ ժողովրդին եւ գնան-խնդրեն ԱԱԾ-ին, որ իրենց տրամադրվի այդ մուտքը, դա աբսուրդի ժանր է։ Իրենք առաջնորդվում են հանցավորության կանխավարկածով․ եկեք, դիմեք, ապացուցեք, որ ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է, մենք կորոշենք՝ Ձեզ պետական գաղտնիքին մուտք տա՞նք, թե՞ ոչ։

- Վարչապետից կարողացաք կորզել պատասխան, թե ով է Սյունիքից զորքը հետ քաշելու հրաման տվել։ Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ձեզ բավարարե՞ց։

- Ես իր կողմից տված եւ ոչ մի պատասխանից բավարարված չեմ, որովհետեւ նրա պատասխանների մեծ մասը պարունակում է ինքնախոստովանական ցուցմունք՝ պետական դավաճանության, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունների եւ լիազորությունների գերազանցման վերաբերյալ։ Նրա բոլոր պատասխանները, ելույթները եթե իրավապահ մարմինները մանրակրկիտ ուսումնասիրեն եւ գործեն իրավունքի գերակայության ու օրենքի առջեւ բոլորի հավասարության տիրույթում, ապա այսօր Նիկոլ Փաշինյանը կգտնվեր ԱԱԾ մեկուսարանում։

- Նա ամեն անգամ հանում եւ ընդդիմության ճակատին է խփում վարչատարածքային բաժանումների մասին օրենքը, թե ահա՝ ձեր ընդունած օրենքով են սահմանները գծվել։ 

- Մի հարց է, երբ քաղաքական դեբատի մեջ իշխանությունն ընդդիմությանը հակադարձելու համար որպես օրինակ բերում է ինչ-որ մի ժամանակ ընդունված իրավական ակտ, բայց մեկ այլ բան է, երբ պաշտոնապես հայտարարում է, որ պետական սահմանները գծվում են այդ օրենքով, եւ այդ օրենքով սահմաններ չեն խախտվել։ Այ, սա արդեն իրականում գործնական եւ կիրառական նշանակություն է ունենում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ։ Այլ բան է, որ ինքն իր սեփական որոշումով, սեփական պատասխանատվությամբ որոշել է ՀՀ ինքնիշխան տարածքը հանձնել Ադրբեջանին։ Դա հստակ գործողություն է՝ կատարված, ավարտված, որին ինքը քաղաքական առումով փորձում է անընդհատ հակադարձել, թե բա դուք ինչու էն ժամանակ նման օրենք ընդունեցիք։ Որպես հիմնավորում` կատարված գործողության տակ դնել, որ պետական սահմանները չեն փոխվել, որովհետեւ վարչատարածքային բաժանման մասին օրենքով գրված է, որ այսինչ գյուղից այն կողմ Ադրբեջան է։ Սա արդեն ինքնախոստովական ցուցմունք է, եւ իրավապահները պետք է րոպե առաջ զբաղվեն այս հարցով։ 

- Ձեզ ասել են, որ սահմանազատում-սահմանագծումն իրականացվելու է 1975թ․ քարտեզով, սակայն մինչ այդ խոսվում էր, որ հիմքում 1927 թ․ քարտեզն է լինելու, որն ավելի բարենպաստ է։ Ինչո՞ւ 75 թվականինը։ 

- Մենք չենք ստացել պատասխան, թե ինչու է 75-76թթ․ քարտեզն օգտագործվում, դա հրապարակեց փակ քննարկման մասնակից պաշտոնատար անձանցից մեկը, անունը չեմ տա։ Իրականում մեզ համար շոկային էր, թե ինչ իրավական հիմք է դրված 76 թվականի հիմքում՝ սահմանազատում-սահմանագծում իրականացնելու համար։ Չէ՞ որ, վերջին հաշվով, բնագիծը, իրավիճակը, որ առկա է այսօր ՀՀ-Ադրբեջան սահմանին, մեծ հաշվով, պետք է դառնա ելակետային հետագա քննարկումների համար։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե ոնց է ստացվում, որ Շուռնուխի այսինչ տարածքն Ադրբեջանն է, իսկ, օրինակ, Սեւ լճի այսինչ տարածքը՝ Հայաստան։ Ո՞նց են որոշել, ի՞նչ քարտեզով է դա արվում, եւ արդյոք այսօր քարտեզներ կա՞ն, որոնց հիմքում իրականացվում է սահմանազատում, ես չեմ ասում՝ սահմանագծում։ Սահմանազատումը զատվող սահմանն է, գծելը հետագայում տեղի կունենա՝ միջկառավարական հանձնաժողովի կողմից։ Այսօր օրենքի խախտումով է տեղի ունենում այդ սահմանազատումը։

- Այսինքն՝ սահմանազատումը հիմա էլ տեղի՞ է ունենում։

- Դա տեղի է ունենում անցած տարվա դեկտեմբերից, այս իշխանությունների հանցավոր անգործության պայմաններում։

- Ովքե՞ր են հայկական կողմից մասնակցում, հայ քարտեզագիրներն ովքե՞ր են։

- Ես գիտեմ, որ Քարտեզագրության ինստիտուտը լուծարվեց, թե ինչ ճակատագիր ունի այսօր, եւ որտեղ են գտնվում մասնագետները, եւ այդ քարտեզները որտեղ են պահվում, տեղեկություն չունեմ։

- Արմեն Ռուստամյանի՝ տեղից արված առաջարկին, թե եկեք խոսենք, «Հայաստան» դաշինքը տարածեց հայտարարություն, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ ոչ մի փակ քննարկում հնարավոր չէ` միայն նրա հրաժարականի օրակարգը կարող է քննարկվել։

- Ռուստամյանն առաջարկ չի արել, ասել է, որ հարցուպատասխան եւ դեբատի ֆորմատով ավելի արդյունավետ է լինում, քան ես հարց տամ, դուք պատասխանեք, ես արձագանքեմ, պատասխանեք, ԱԺ-կանոնակարգ սահմանադրական օրենքով սահմանված ընթացակարգով, ինչին ի պատասխան՝ իրենք անմիջապես որոշեցին, որ հրավիրում ենք զրույցի, եւ մենք էլ դրա հետ համաձայն ենք։ Մեր կողմից որեւէ համաձայնություն, հրավեր չի եղել։ Իրենց հրավերը մենք չենք ընդունել։ Իրենք պարբերաբար են դա անում․․․ իրենց երազանքն է, որ գնանք՝ ինչ-որ բան քննարկելու իրենց հետ։ Բայց իրե՛նք պետք է գան, հաշվետվություն ներկայացնեն։ Բաց, թե փակ ֆորմատով, կորոշենք մենք՝ մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել։ Բայց որ կառավարությունը հաշվետու է ԱԺ-ի առջեւ, որ վարչապետը պետք է զեկույց ներկայացնի ԱԺ-ին եւ ներկայացնի, թե ինչ գործողություններ են կատարվել, ինչ է ծրագրավորվում կատարել, դա իրենց պարտականությունն է։ 

- Ձեզ նախկին ընդդիմություն էլ է մեղադրում, որ այս վիճակը ձեզ դուր է գալիս, շիշ նետել եւ այլն, օրինակ՝ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը կատարյալ քաղաքական կենդանի է, եւ այս դաշտում իրեն չեք կարող հաղթել։ Ասաց, որ ձեր եւ «Պատիվ ունեմ» դաշինքում կան մարդիկ, որոնք խոցելի են․ քրեական գործերով են կաշկանդված։

- Ես հարգում եմ տիկին Զոհրաբյանի կարծիքը, համաձայն չեմ։ Չեմ կարծում, որ որեւէ մեկը քրեական գործերով կաշկանդված է: Եթե իրենց բնույթն է, իրենց տեսակն է այդպիսին, չեմ կարծում, որ մարդիկ, որոնք ոչ թե քաղաքական, այլ պետական գործիչներ են, ունեն հարուստ կենսագրություն, ունեն ինստիտուցիոնալ հիշողություն՝ պետության կայացման ակունքներում են եղել, պետք է նրանցից պահանջել քաղաքական ակտիվ գործունեություն։ Օբյեկտիվորեն եմ գնահատում իրավիճակը եւ արժանին եմ ուզում մատուցել այդ մարդկանց, որոնք իրականում շատ պետքական ու կարեւոր մարդիկ են մեր պետության համար։ Ամեն մեկը գործում է ըստ իր հմտությունների ու կարողությունների եւ ըստ իր քաղաքական էության։ Մարդիկ պետական գործիչներ են, նրանցից դժվար է պահանջել քաղաքական էքսցենտրիկ տեքստեր եւ արտահայտություններ։ Իրենք շատ ավելի գործի մարդիկ են։

- Նոյեմբերի 9-ին 15 օր մնաց, եթե Փաշինյանը նոր փաստաթուղթ ստորագրի, փողոցի ի՞նչ սցենարներ ունեք։ 

- Գիտեք՝ միջազգային պայմանագրերը պարտադիր չէ, որ կոչվեն միջազգային պայմանագիր կամ համաձայնագիր։ Դա կարող է լինել հայտարարություն, այլ անուն կրող ինչ-որ փաստաթուղթ, բայց այն գործողության մեջ է դրվում Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգով, պատշաճ կարգով վավերացվելուց հետո։ Իրավական առումով նրա կողմից ստորագրված ոչ մի փաստաթուղթ որեւէ ուժ չունի, իրավական զրո է։ Քաղաքական առումով շատ կարեւոր եւ վտանգավոր կարող է լինել, որովհետեւ այդ հայտարարության, պայմանագրի, համաձայնագրի տակ դրվում է ՌԴ նախագահի ստորագրությունը։ Նոյեմբերի 9-ն ինչո՞վ է մեզ այս պահին կաշկանդում, որ մենք, այսպես ասած, պետական շահից ելնելով՝ կաշկանդված ենք խոսել նոյեմբերի 9-ի իրավական չեղարկման մասին։ Դա տեխնիկական հարց է, այն Հայաստանի համար ոչ մի իրավական հետեւանք չի առաջացրել, բայց քաղաքական իմաստով ահռելի է, քանի որ առնչվում է տարածքային ամբողջականությանը, մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը։ Եվ այն ունի նաեւ վտանգներ, դրա մասին խոսեց նաեւ Պուտինը՝ ասելով, որ այն չեղարկելը կլինի խելագարություն։ Այն նաեւ աշխարհաքաղաքական խնդիր է։ Ուստի, մենք չենք կարող չհաշվարկված քայլերի գնալ, հայտարարել, որ նոյեմբերի 9-ը պետք է չեղարկվի։ Ինչ վերաբերում է լայն ճակատի ձեւավորմանը, ապա փորձը ցույց տվեց, թե 17 քաղաքական ուժերի միավորումը կազմակերպչական եւ բովանդակային, գաղափարախոսական ինչ խնդիրներ առաջացրեց։ Երբ հորիզոնական առումով լայնացվում է ճակատը, այն ֆիզիկայի օրենքներով՝ բերում է համարժեք դիմադրության․ ինչքան ճակատը նեղ է, այնքան հեշտ է ճեղքվում։ Հետեւաբար, պետք է լինի մեկ ընդգծված խարիզմատիկ առաջնորդի շուրջ համախմբում, այդ պարագայում կունենանք ուղղահայաց կառուցվածք, հիերարխիա, զինվորական կարգապահություն, գաղափարախոսական կոնկրետություն, հասարակությանը տրվող մեսիջների հստակություն եւ անելիքների կոնկրետություն։ Այդ պարագայում կհասնենք հաջողության։ Պետք է ունենալ առաջնորդ, ում մարդիկ կտեսնեն, կգնահատեն եւ կհասկանան՝ ում ումով են փոխում։