Մեր զինվորը լքված է, դավաճանված է, բայց առավոտից իրիկուն «սալդատի» անուն էին տալիս

Մեր զինվորը  լքված է, դավաճանված է, բայց առավոտից իրիկուն «սալդատի» անուն էին տալիս

44 -օրյա պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողների ծնողները տևական ժամանակ է՝ կառավարությունից պահանջում են ժամանակից շուտ զորացրել իրենց երեխաներին։ 

«18-20 տարեկան էդ էրեխեքը անցել են պատերազմի բովով։ Ու էն պատերազմի, որ աշխարհում տենց պատերազմ չի եղել։ Եվ էդ 18-20 տարեկան երեխաները 44 օր անմարդային պայմաններում պայքարել են թուրքերի դեմ։ Գաղտնիք ասած չեմ լինի,որ ասեմ, որ իրենց կամանդիրներից շատերը փախել են, բայց երեխաները մնացել են մինչև վերջ, պաշտպանել են իրենց դիրքերը։ Այսօր այդ երեխաներն ունեն հոգեբանական խնդիրներ։ Շատերը հյուծված են, շատերի մոտ հոգեբանական խնդիրներ են, շատերի մոտ կա հոգնածություն։ Եվ այդ երեխաները, որ անցել են 44-օրյա պատերազմ, նրանք արժանի են խրախուսանքի։ Բայց մեր կառավարությունը էսօր դրան ոչ մի ուշադրություն չի դարձնում։ Իրենք, որ, հա, պատերազմ է եղել, հիմա էլ թող մնան էս նոր սահմաններում, որտեղ պայմաններ գոյություն չունեն։ Էդ երեխաները հողի վրա, ձների, անձրևի մեջ իրենց ծառայությունն են անցնում, լավագույն դեպքում հողի վրա մի պոլիէթիլենային վրան են դնում, ըտեղ պետք է նորմալ բլինդաժներ փորվեն, սահմանային կետեր։ Էս պահին էդ պայմանները չկան ու ադրբեջանցին էլ իրենցից 20-30 մետրի վրա կանգնած է» ,-ասում է Արցախում զինվոր որդի ունեցող Խորեն Քերոբյանը։

Նրա հետ խմբագրություն եկած Մեխակ Ղազարյանը մեկնաբանում է․ «Էդ էրեխաները էսօր լքված են, իրանց դավաճանել են՝ կառավարությունը, մարդիկ, որոնք առավոտից իրիկուն սալդատի անուն էին տալիս։ Չգիտեմ ինչ կոչեր էին անում․ սալդատի համար, հանուն սալդատի, սալդատի ոտերն ենք պաչում, մոռացել են․․․ էդ էրեխեքը մինչև անգամ պատերազմի ժամանակ չեն բողոքել։ Հիմա էլ չեն բողոքում։ Կարող ա ինքը առողջության հետ կապված խնդիր ունի, բայց ինձ ասում ա՝ ես շատ լավ եմ։ Դե, ասում եմ, տենց լավ էլ մնա, հանկարծ չհիվանդանաս, որ սրանց ձեռը չընկնես, այլապես ամեն ինչը շատ վատ ա լինելու։ Մեր էրեխեքի էդ լքված վիճակը կոչվում ա «դավաճանություն»։ Մի հասարակ օրինակ եմ ասում՝ դպրոցում լավ սովորող երեխանին խրախուսո՞ւմ են, թե՞ պատժում։ Եթե պատժեն, ոչ ոք չի սովորի։ Հիմա մեր երեխաները էսքան գերի․․․ չգիտեմ՝ ինչ ձևի բացատրեմ, իրենց պարտքը հայրենիքի առաջ ցմահ կատարելուց հետո պատժվում են։ Հասկանո՞ւմ եք։ Բա չե՞ն մտածում՝ հետագա երեխաները, որ բանակ են գնալու։ Ու էդ էրեխեքը իրականությունն իմանալով ճամպրուկներով էսօր այրոպորտում են»։  

Փաստորեն, պատերազմից հյուծված զինվորներին ոչ միայն չեն զորացրում, այլև քանի որ գումարտակներում զինվորները պակասել են (2019-2020 թթ․զորակոչերի ժամկետային զինծառայողների մի մասը զոհվել է, մի մասը զորացրվել, մի մասը վիրավոր է, մի մասը եկել է արձակուրդ, հետ չի կարողանում վերադառնալ), ապա դիրքերում մնացած զինվորները իրենց հերթափոխները իրականացնում են 14 օրվա փոխարեն 20-25 օր կանգնելով։

«Ու էդ երեխաները հերիք չէ 44 օր կռվել են, ոչ նորմալ քնել են, ոչ նորմալ կերել են, հիմա էլ սա,և մեր պահանջն է կառավարությունից, որ էդ զինվորներին նախ խրախուսեն, երկրորդը՝ զորացրեն։ Իրենք ասում են՝ չենք կարող զորացրել, որովհետև դա անվտանգություն է և այլն»։

Բայց չէ՞ որ ամիսներ առաջ նաև պաշտոնական մակարդակով խոսակցություններ կային, որ 44 -օրյա պատերազմի մասնակիցների հիմնական մասին կզորացրեն, քանի որ կա նախագիծ, որով պատերազմի ժամանակ զինվորների ծառայության ամեն մի օրը հաշվարկվելու է 3 օր։ Ծնողներն ասում են․ «Էդ գրվեց ինտերնետում, գրվեց թերթերում, բայց երբ ՊՆ-ում, կառավարությունում հանդիպեցինք մարդկանց,մեզ ասացին, որ տենց բան չկա, որ 1 օրը հաշվվի 3 օր»։ 

Ի դեպ, թշնամու երկրում 44-օրյա պատերազմին մասնակցած զինվորները շնորհակալագրերով ուղարկվել են տուն։ 
Ծնողները հենց վարչապետին, ի դեպ, հարցրել են, թե ի՞նչ իրավական ակտով են իրենց որդիները ծառայում Արցախում, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ոչ մի, ինչպես 25 տարի Արցախում ծառայել են, այնպես էլ շարունակում են։

Ի դեպ, հենց այս ծնողներին էր Նիկոլ Փաշինյանն ասել, որ ոչ մի երաշխիք չկա, որ իրենց երեխաներին թուրքերը չեն գերեվարի ոչ այդ՝ 20-30 մետր հեռավորության վրա գտնվող դիրքերից, ոչ Երևանից, ոչ էլ որևէ այլ տեղից, որտեղ մոտակայքում ադրբեջանցի կա։  

Խորեն Քերոբյանը խոստանում է՝ իրենց երեխաների համար պայքարելու են․ եթե նրանք 44 օր պայքարել են մեր բոլորի ու հայրենիքի համար, ծնողներն էլ պայքարելու են իրենց զինվոր որդիների համար։  

Մեխակ Ղազարյանն էլ ասում է, որ որդին անգամ տեղյակ էլ չի իրենց պայքարի մասին։ Ինչ-որ մի բան իմացել է կողմնակի աղբյուրներից, ու հայրը զգում է, որ որդու մոտ էլ սպասողական վիճակ է։ «Ինքը իրա մորն ա ուզում տենա, իրա տունն ա ուզում տենա, որը կարար ընդհանրապես չտենար, որովհետև 44 օր իրենք մահվան եզրագծով անցել են, պահել են էս երկրի ամեն ինչը։ Բայց էսօր իրենք լքված են, դավաճանված են, իրենց բոլորն են դավաճանել։ Ու իրենց տված շնորհակալագրերը թող իրանց պահեն,սոցփաթեթները թող իրանց պահեն։ Մինչև անգամ՝ մեդալները թող իրանց պահեն։ Մեզ մեր երեխաներն են պետք, թող մեր երեխաներին հետ ուղարկեն, որ իրանց մորը գրկեն»։

Իր և այլ հայրերի անունից Մեխակ Ղազարայնն ու Խորեն Քերոբյանն առաջարկում են՝ եթե սահմանին զինվորի պակաս կա, գնան իրենք ծառայեն իրենց որդիների փոխարեն։ 

«Էրեխեքին հետ բերեք։ Եթե երեխաներին մի կտոր հաց եք տալիս, մեզ մի տվեք, եթե շոր եք տալիս, մեզ մի տվեք։ Եթե էդքան թասիբ ունենք, եթե սիրում եք էս հայրենիքը ձեր աթոռից բացի, մենք գնանք»։

Մեխակ Ղազարյանը որպես ամփոփում հայտարարեց․ «Զինվորն է լինելու էս երկրի տերը։ Ու էդ մարդիկ, որ էսօր իրանց լավ են զգում, էսօր պետք ա սալդատից թույլտվություն աղերսեն էս երկրում ապրելու համար։ Էդ թույլտվութունը սալդատն ա տալու։

Ի դեպ, հունիսի 20-ի քվեաթերթկի վրա Մեխակը գրելու է․ «Ես ընտրելու եմ զինվորին։ Թող անվավեր համարվի, բայց իմ խիղճը մաքուր կլինի»։