ՄԻՊ-ՊՆ`պատերազմ Փաշինյանի ականջների անթաքույց ցուցադրմամբ

ՄԻՊ-ՊՆ`պատերազմ Փաշինյանի ականջների անթաքույց ցուցադրմամբ

Հերքել են մի ամբողջ խայտառակ պարտություն, հերքել են տասնյակ հազարավոր զոհերի ու անհետ կորածների աննախադեպ ողբերգությունը, հերքել են հայրենիքի դավաճանության այնպիսի ակնառու փաստեր, ինչպիսիք են Հադրութի եւ Շուշիի հանձնումը, հերքել են թշնամու ներխուժումը ՀՀ սուվերեն տարածքներ` հրաժարվելով այդ տարածքներից եւ դրանք ներկայացնելով որպես Սովետական Ադրբեջանի մաս: Ես այսքանից հետո Փաշինյանի ՊՆ-ի ո՞ր հերքմանը հավատամ: Բունտավշիկ գեներալների այդ որջը պետք է կանգնի դատարանի առջեւ եւ ոչ թե աջուձախ հերքումներ տարածի դեռ այսօր էլ շարունակվող ու խորացող պարտությունների մասին:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որքան էլ զարմանալիէր ինձ համար, անդրադարձել է ՀՀ ՊՆ-ի կողմից իր հայտարարությունների հերքմանը, ինչը վկայում է, որ նա լուրջ է ընդունել ՀՀ քաղաքացուն այլեւս ոչինչ չասող այդ կառույցի խոսքը: Հիշեցնեմ` ՀՀ պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 19-ի պարզաբանմամբ հերքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ապօրինի (unlawful) ներխուժած ադրբեջանական զինված ուժերը ՀՀ գյուղերի անմիջական հարեւանությամբ իրականացնում են ամրացման ակտիվ, այդ թվում՝ ճանապարհների կառուցման աշխատանքներ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ եւ այլն:

Սրանից հետո սկսվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը վարկաբեկող արշավ, որին միացել էր նաեւ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Վերջինս Արման Թաթոյանին մեղադրել էր ընդդիմությանը հարելու մեջ եւ սպառնացել, որ ժամկետը լրանալուց հետո (փետրվար, 2022թ.) նա այլեւս ՄԻՊ չի լինի: Արման Թաթոյանին ես կհորդորեի հանգիստ վերաբերվել դավաճանների խունտայի այս նյարդային ջղաձգումներին, քանզի նրանք որքան էլ հերքեն ճշմարտությունները, միեւնույն է, ճշմարտությունը մեկն է եւ երբեք չի մեռնում:

Արմեն Գրիգորյանին, բնականաբար, դուր չի գալիս, որ Արման Թաթոյանի աչքից ոչինչ չի վրիպում, այդ թվում եւ գործող իշխանության անճարակության հետեւանքով թշնամու ներխուժումը ՀՀ սուվերեն տարածք եւ այդ տարածքներում ամրանալու փորձերը: Ոզնուն էլ հասկանալի է, որ միայն պարտված ու կապիտուլացված իշխանություններին կարող են նյարդայնացնել ադրբեջանական կողմի կամայականությունները միջազգային հանրությանը ներկայացնելու ՄԻՊ-ի հերոսական ջանքերը: Եվ խնդրեմ, ՄԻՊ-ի դեմ ոտքի է կանգնել կապիտուլյանտների մի ողջ ոհմակ` վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ: Ուրիշ ո՞ւմ, եթե ոչ հենց Փաշինյանին ձեռնտու չեն ՄԻՊ հետազոտություններն ու հայտարարությունները: Փաշինյանն է ասել` ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչելու, Փաշինյանի վառ երեւակայության արդյունքն է պարտությամբ հպարտանալու իդիոտությունը, եւ վերջապես՝ Փաշինյանի քաղաքական հավկուրության արգասիքն է խաղաղության դարաշրջան բացելու մասին բարբաջանքը:

Իսկ մենք ինչպե՞ս մեզ պարտված չհամարենք, երբ թշնամին իր ամրություններն է կառուցում հայկական գյուղերի քթի տակ` հայ գյուղացուն արգելելով մշակել սեփականության իրավունքով իրեն պատկանող հողը, մենք ինչպե՞ս հպարտանանք այս պարտությամբ, որ միայն զրկանքներ ու ընչազրկություն է բերում ժողովրդին, մենք ինչպե՞ս հավատանք խաղաղության դարաշրջանին, երբ շարունակում են հայ զինվորներ ու քաղաքացիներ զոհվել: ՄԻՊ-ն արձանագրում է այս ամենը, ներկայացնում ՀՀ սուվերեն տարածքում թշնամու կողմից ՀՀ քաղաքացու իրավունքների ոտնահարումները, եւ հենց սա է, որ դուր չի գալիս մեր ոչ բարով իշխանություններին:

Թաթոյանը, արձագանքելով իր դեմ սկսված այս արշավին, իրավացիորեն նկատում է, որ ՀՀ իշխանությունների այս պահվածքը միջազգային հարթակներում նպաստում է բացառապես ադրբեջանական կողմի դիրքորոշումների կարեւորմանը եւ ՀՀ ՄԻՊ-ի ուսումնասիրությունների եւ հայտարարությունների հանդեպ անվստահության խորացմանը: Մեր կարծիքով` ավելին չէր էլ կարելի սպասել ՀՀ իշխանություններից, որոնք միջազգային հարթակներում, այդ թվում եւ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձեւաչափում Հայաստանը վերածել են ոչինչ չասող եւ ոչինչ չորոշող օբյեկտի: Բնական է, չէ՞, որ այսքանից հետո փորձում են խեղդել անգամ ՄԻՊ-ի ձայնը, որ, անշուշտ, սպառնալիք է ինչպես Ադրբեջանին, այնպես էլ ՀՀ իշխանություններին` իշխանությունը պահելու անհեռանկար ու անփառունակ գործում: