Նամակ փոխանցեցինք, որ հանձնի դեսպանին․ գերիների ծնողները դադարեցրին ակցիան

Նամակ փոխանցեցինք, որ հանձնի դեսպանին․ գերիների ծնողները դադարեցրին ակցիան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր շիրակցի գերեվարված զինծառայողների հարազատները հավաքվել են Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսության առաջ։ Նրանք պահանջում են հյուպատոսից հանդիպում կազմակերպել Հայաստանում ՌԴ  դեսպանի հետ: Շիրակցի 62 գերեվարված զինծառայողներից 39-ը դեռևս գտնվում է գերության մեջ: Գերիների հարազատների այսօրվա բողոքի ակցիան պայմանավորված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա օնլայն ասուլիսում արած հայտարարության հետ:

«Ուզում եմ արձանագրել, որ Ադրբեջանի՝ գերիներին չվերադարձնելու քաղաքականությունը նպատակ ունի վարկաբեկել ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների գործունեությունը: Այսօր հաստատված գերեվարված անձանց 90 և ավել տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում»,- ասել էր նա:

Շիրակի մարզի Այգաբաց համայնքից գերեվարված 23-ամյա պահեստազորային Ռոբերտ Գևորգյանի հայրը՝  Հովհաննես Գևորգյանը, hraparak.am-ին ասաց, որ այս պահին որոշեցին դադարեցնել Գյումրու հյուպատոսարանի շենքի առաջ իրենց նստացույցը : 

 «Հյուպատոսի միջոցով նամակ փոխանցեցինք, որ հանձնի դեսպանին: Սկզբում  նրա հետ հանդիպում պահանջեցինք, որ կազմակերպեն, բայց քանի որ տեղում չէր, նամակ փոխանցեցինք»,-ասաց գերու ծնողը :

Հարցին, թե ինչու հենց այսօր՝ վարչապետի երեկվա հայտարարությունից հետո, որոշեցին ոտքի կանգնել, ասաց․«Դե, ռուս խաղաղապահներն էին այնտեղ կանգնած, իրենց պատասխանատվության տակ էր, երբ գերի ընկան․․, մեզ հիմա ուղղակի պարզաբանում է պետք, հասկանանք՝ ինչու մեր երեխեքին չեն բերում․․․»։