«Դու էլ, քո «վայեննին» էլ մեզ հետաքրքիր չեք»․ անհետ կորած մայորի հորը կոպտել են  

«Դու էլ, քո «վայեննին» էլ մեզ հետաքրքիր չեք»․ անհետ կորած մայորի հորը կոպտել են  

«Հրապարակի» խմբագրութjուն է դիմել անհետ կորած մայոր Հարություն Նալբանդյանի հայրը՝ Գևորգ Նալբանդյանը՝ ասելով, որ որդու որոնման հարցերով փորձել է ՊՆ-ից պարզաբանում ստանալ, սակայն իրեն կոպտել են։ Խոսքը Ուլնեցի փողոցում տեղակայված Զինծառայողների հետ կապված հարցերի օպերատիվ արձագանքման  աշխատանքային հանձնաժողովի մասին է, ըստ զինծառայողի հոր՝ իրեն ասել են, որ արդեն զզվեցնում է․

«Որդուս տվյալները տվել եմ իրենց, հետո մի 15 օր անց գնացել եմ, ոչ մի նորություն, տեղեկություն չունեն, ես էլ ջղայնացա, իր բոլոր նկարները, թղթերը վերցրի էդտեղից, հլը էդտեղի տնօրենն էլ ինձ վիրավորեց, ասաց՝ «ոչ դու ես ինձ հետաքրքիր, ոչ էլ քո «վայեննին», մի քանի անգամ գալիս ես», անուն-ազգանունը չեմ հիշում, քաչալ գլխով տղա էր»,- մեզ հետ զրույցում ասաց Գևորգ Նալբանդյանը։

Նալբանդյանն ասաց, որ որդին վերջին անգամ հոկտեմբերի 25-ին իր կնոջ հետ է խոսել, դրանից հետո այլևս լուր չունեն։ Հարցրինք՝ չե՞ն ասել իրենց, որ զբաղվում են զինծառայողի որոնման հարցերով․

«Ես իրենց որդուս թղթերը ինչպես տվել եմ, էդպես էլ գցած էր սեղանի վրա, ասում եմ՝ ձեր մոտ թուղթ ու գրիչ չկա՞, մի բան գրեք, որ գամ, տեսնեմ, տեսնեմ մի բանով զբաղվում եք, ասում է՝ էնքան շատ են, մենք հասցնո՞ւմ ենք, որ մի բան էլ անենք։ Ես երկու անգամ մտա մոտը, նստած սուրճ էր խմում, ասացի, որ կես ժամ կսպասեմ դրսում։Հետո մտա, տեսնեմ էլի էդտեղ նստած է, ասացի՝ շա՞տ ես նստելու, մի 2 հարց ունեմ տալու, տեսնեմ՝ ի՞նչ տվյալ կա, ինչո՞վ ինձ կարող եք խորհուրդ տալ, ասաց՝ «դե զզվացրիր էլի, ոչ դու ես ինձ հետաքրքիր, ոչ էլ քո «վայեննին»։ Քաղաքացիական շորերով էր, ես իր պաշտոնը հստակ չգիտեմ, գիտեմ, որ այդտեղի ղեկավարն է»,- ասաց Նալբանդյանը։ Նա նաև նշեց, որ նախարարին է դիմում գրել, սակայն մինչ այժմ պատասխան չկա․

«Ես այդ նույն կերպ նաև պաշտպանության նախարարին եմ դիմում գրել, արդեն 2-րդ ամիսն է, պատասխան չկա։ Ինձ ամսի 28-ին կանչել են այդ Ուլնեցի փողոցի վրա, ինչ-որ քննիչներ են, տվյալներ են վերցրել, էլի պատասխանի եմ սպասում, առայժմ ոչ մի բան չկա»։

Փորձեցինք պարզաբանում ստանալ հանձնաժողովից, սակայն հեռախոսահամարին մեր զանգերը, որը իբրև թե քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ պատասխան տալու համար է, այդպես էլ մնացին անպատասխան։