Նախկին մարզպետը աշակերտներին տրանսպորտ էր տրամադրել, հիմա հանվե՞լ է. ծնողները շփոթված են

Նախկին մարզպետը  աշակերտներին տրանսպորտ էր տրամադրել, հիմա հանվե՞լ է. ծնողները շփոթված են

Նոր ուսումնական տարվա մեկնարկը խնդիրներ է ստեղծել Շիրակի մարզի համայնքներից մի քանիսում:Ծնողները շփոթված են՝ ինչպես են երեխաներին 6-7 կմ հեռավորության վրա գտնվող դպրոց ճանապարհելու,  եթե չկան նյութական միջոցներ, երթուղի:Հատկապես դժգոհում են Աշոցքի տարածաշրջանում ընդգրկված Սալուտ համայնքի բնակիչները: Երեխաները Սալուտից հարևան գյուղ՝ Մուսայելյան են դպրոց հաճախում: Ծնողների խոսքերով՝ նախկինում այդ հարցը լուծված էր, նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի օրոք է   խնդիրը լուծվել՝ ավտոբուս  է տրամադրվել  3 գյուղերի՝  Սալուտի, Վարդաղբյուրի և Հարթաշենի աշակերտներին: Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը  hraparak.am-ի հարցին  ի պատասխան՝ ասաց.

«Նման բան չի եղել, որ մարզպետարանն ավտոբուս տրամադրի, պարզապես ֆինանսավորում է եղել,  իսկ տնտեսվարողին այլևս ձեռք չի տալիս, հիմա էլ այդ գումարները հատկացվել են աշակերտներին ու մանկավարժներին, որպեսզի իրենք կազմակերպեն իրենց երթևեկության հարցը: Ամեն դեպքում, մենք քննարկումների մեջ ենք՝ խնդիրը կարգավորելու համար»: 

Սալուտ համայնքի վարչական ղեկավար Մինաս Խաչատրյանն էլ  hraparak.am-ին պատմեց. «Ավտոբուս եղել է, սեփականատեր էր, մարզպետարանի հետ պայմանագիր է կապել, օրական վճարվել է 7000 դրամ, հաշվարկել են եկամտահարկ եւ այլն, հիմա էլ վճարվելու է երեխաների թվաքանակով՝ յուրաքանչյուր երեխային 200 դրամ: 3 գյուղերի երեխաների թիվը մոտ 18 է, իրեն էդպես ձեռք չի տալիս: Մեր համայնքի ղեկավարն ինձ տեղեկացրեց, որ համայնքային տրանսպորտ կտրամադրվի, հարցը կլուծվի, միայն էս մի շաբաթը մեր անձնական միջոցներով պետք է երեխաներին տանենք, մինչև կարգավորվի»: