Հայաստանում կա արտակարգ իրավիճակ, բայց, իրականում, չկա կարանտին

Հայաստանում կա արտակարգ իրավիճակ, բայց, իրականում, չկա կարանտին

Հայաստանում պանդեմիայով պայմանավորված արտակարգ իրավիճակի 3-րդ օրը եկավ փաստելու, որ կա արտակարգ իրավիճակ, եւ չկա կարանտին։ Դա թողնված է բնակչության ինքնագիտակցությանը։ Առողջապահական կազմակերպիչ, ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը, ամբողջությամբ կիսելով գնահատականը, ավելացնում է․ «Հատուկ դեպքերում մարդկանց տեղափոխում են հատուկ կարանտին, սակայն, եթե մեր քաղաքը շարունակի այսչափ ակտիվ լինել, եւ մարդիկ շարունակեն այսչափ բացակայել տներից եւ լինել փողոցում, մեր հայտարարած կարանտինը որեւէ էֆեկտ չի տա, եւ ինձ թվում է, որ անհրաժեշտ է տնային ինքնամեկուսացումը խախտողների համար իրավական պատժամիջոցների սահմանում»։

Հիշեցնենք, որ արտակարգ դրության պայմաններում մեծ հավաքույթները՝ հոգեհանգիստ, հուղարկավորություն, շարունակվում են, խանութները լեփ-լեցուն են, սոցիալական հեռավորություն չի պահպանվում, կառավարության անդամներն էլ խախտում են կարանտինի գաղափարը։ Միայն երբեմն-երբեմն շենքերի վահանակների, վերելակների ախտահանումներ են անում, հանրային տրանսպորտի ու մետրոյի։ Նույնիսկ դիմակների կրումը մեզանում չի պարտադրվում, գործում են սրճարաններն ու ռեստորանները։ Գեւորգ Գրիգորյանն այն կարծիքին է, որ արտակարգ դրությունը սահմանափակում է միայն մամուլի ազատությունը․ «Որեւէ այլ տեսակի սահմանափակում՝ տեղաշարժման, եւ կամ որեւէ պատասխանատվություն վարակի կասկածի դեպքում, բնակարանը լքելու, ես չեմ տեսել»։ Ամփոփելով՝ նա ասում է, որ մեր երկիրը, փոխանակ «արտակարգ դրության» գաղափարի սահմանափակումներն ավելի լայն կիրառելու ճանապարհով գնա, անցել է «վարակը երկրի ներսում թողնելու սցենարին։ Այսինքն՝ կհիվանդանանք, կբուժվենք՝ կանցնի»։ Ինչին բժիշկը կողմ չէ։

Հետաքրքիր էր ստանալ նաեւ «Սասնա ծռեր» կուսակցության կարծիքը, որոնք կորոնավիրուսի վտանգների մասին առաջին բարձրաձայնողներից էին եւ դեռ փետրվարից պահանջում էին չեղարկել հանրաքվեն։ «Խմբագիրներին են հավաքում, դատավարություններ են անցկացնում՝ 25 հոգանոց, բանտից մարդ՝ կալանավոր են բերում, մինչդեռ այնտեղ կարանտին է․․․ արտակարգ դրության մասին որոշումները զանգվածաբար չեն պահպանվում եւ հաճախ՝ պետական մարմինների կողմից։ Սա փաստ է։ Ի տարբերություն առողջապահական համակարգի, որը կարծես թե դերի մեջ է»,-մեզ հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց Վարուժան Ավետիսյանը։ Նա եւս այն կարծիքին է, որ պետք է պայքարը խստացնել եւ համապատասխանեցնել առողջապահական գերակայություններին, մասնավորապես, «մնա՛ տանը» տրամաբանությանը։ Նա ասում է, որ աշխարհի փորձը ցույց է տվել, որ դա ամենաարդյունավետ միջոցն է։ Ի դեպ, դրան անցավ նաեւ Կալիֆորնիա նահանգը։