Ղազախստանյան թնջուկը

Ղազախստանյան թնջուկը

Ինչպես երևում է, ղազախստանյան թնջուկը մոտենում է իր հանգուցալուծմանը: Հերթական գունավոր հեղափոխությունը, բայց մահմեդական, այն է՝ «կրկնակի գունավորմամբ», անհաջողության մատնվեց: Եվ դա այն դեպքն է, երբ անկախ Ղազախստանի նկատմամբ վերաբերմունքից, պետք է շնորհավորել այդ ժողովրդին:

Շնորհավորել, քանի որ մեր և այլոց փորձը վկայեց գունավոր հեղափոխությունների ազգակործան բնույթը: Եվ այնպես ստացվեց, որ ղազախստանյան իրադարձությունների մասին տեղեկատվությունը՝ մեր «Հրապարակից» բացի, ստացա ռուսական «ՌԻԱ-Նովոստի» և անգլիական «Բի-ԲԻ-ՍԻ» (ռուսական ծառայության) լրատվական կայքերից: Ռուսականն ավելի օպերատիվ էր, իսկ անգլիականն ավելի վերլուծական տիպի՝ թեև միակողմանի ու թերի: Բայց միաժամանակ նաև հարցի պատմության առումով ավելի ինֆորմատիվ բնույթի: Ինչը թույլ է տալիս իրական պատկերացում կազմել իրադարձությունների պատճառահետևանքային կապերի մասին: Այսպիսով, շարժվենք:

Ինչպես հայտնի է, անկարգությունների սկիզբը դրվել էր երկրի հարավ-արևմուտքում գտնվող նավթագազային Մանգիստաու մարզի Ժանաոզեն և Ակտաու (մարզկենտրոն) քաղաքներում։ Բողոքների հիմք էր դարձել ավտոմեքենայի վառելիքի՝ հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացումը: Բայց միաժամանակ բողոքավորները պահանջել են Նուրսուլթան Նազարբաևի հեռացումը քաղաքականությունից: Ժանաոզենցիները հիմքեր ունեին «չսիրելու» Նազարբաևին: 10 տարի առաջ՝ 2011-ին, նավթագործների քաղաքի բնակիչները մի քանի ամիս գործադուլ էին արել տնտեսական պատճառներով: Ուժայինները ճնշել էին գործադուլը՝ գնդակահարելով մի քանի տասնյակ անձի, մի քանի տասնյակն էլ դատապարտվել էր: Մի անգամ էլ քաղաքի բնակիչները 5 տարի անց են բողոքի ցույցեր արել ընդդեմ գործող (նազարբաևյան) իշխանության: Այսպիսով, հունվարի 2-ի սոցիալական խնդիրը լրացվել էր հականազարբաևյան կարգախոսներով:

Հունվարի 2-ից 4-ը ցույցերն ընդգրկել են մարզի ողջ տարածքը: Իշխանությունը միաժամանակ հա՛մ փորձել է բանակցել բողոքավորների հետ, հա՛մ էլ ցուցարարներին ցրելու նպատակով գործի է դրել ոստիկանությանը: Դա արդյունք չի տվել, և հունվարի 5-ին ցույցերը տարածվել են երկրով մեկ: Այդ օրը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ցրել է կառավարությունը, երկրի Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնից հեռացրել Նազարբաևին։ Միաժամանակ, ավելի քան կրկնակի իջեցվել է (ըստ մեկ այլ աղբյուրի՝ խոստացել են իջեցնել) հեղուկ գազի գինը: Եվ կարծես թե իրադրությունը պետք է կայունանար. բողոքավորները հասել էին իրենց պահաջների կատարմանը: Բայց տեղի է ունեցել հակառակ գործընթացը՝  խաղաղ ցույցերը վերածվել են խուլիգանության ու ջարդարարության: Փողոցներում հայտնվել են հրազենով զինված անձինք, ավերվել են պետական շինություններ, ավտոմեքենաներ, թալանվել են խանութներ, գրավել կամ փորձել են գրավել խոշոր քաղաքների օդանավայականներ, սպանվել են ոստիկաններ, որինցից երկուսի գլուխը կտրել են: 

Այս ամենը նշանակում է, որ հունվարի 5-ին զուտ սոցիալական խնդիրը՝ Նազարբաևի անձով «գունավորված», վերաճել է պետական հեղաշրջման փորձի, ինչն առանց արտաքին ուժերի չէր կարող իրականացվել: Լրատվականներն արձանագրել են, որ նույն օրը Թուրքիայից հայրենիք է վերադարձել է «Վայրի Արման» (հայ չէ) մականունով քրեական հեղինակությունը: Ենթադրվում է, որ հենց նա է համակարգել ողջ երկրով մեկ և հատկապես նախկին մայրաքաղաք Ալմաթիում տեղի ունեցած ջարդարարությունը: Հեղաշրջմանը, գիտակցաբար կամ առանց դրա, նպաստել են ուժայինները: Համենայն դեպս, դրա մասին է վկայում Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարին պաշտոնից հեռացնելը, իսկ այնուհետև ձերբակալելը: Մեղադրանքն այն է, որ երկրի տարածքում սփռված ահաբեկչական ճամբարներն աչքաթող են արվել նրա կողմից: Իսկ զինված անձինք, ըստ երկրի նախագահի, հենց այդ ճամբարներում ռազմական ուսուցում ստացածներն են: Հաջորդ անուղղակի վկայությունը փողոցներից 4000 բերման ենթարկվածների մեջ 100 օտարերկրացու առկայությունն է: Ինչևէ, ՀԱՊԿ-ի խաղաղապահների անվան ներքո ռուսական ռազմական միջամտությունը նպաստել է երկրում իրավիճակի կայունացմանը:

Օգտվելով հանդերձ ներկայացված դեպքերի վերաբերյալ «Բի-ԲԻ-ՍԻ»-ի տեղեկատվությունից՝ պետք է անհամաձայնություն հայտնեմ կայքի փորձագիտական վերլուծության առումով: Արևմտյան փորձագետները չեն տեսնում հունվարի 5-ին տեղի ունեցած արևմտյան (գոնե թուրքական) հետքը և չեն արձանագրում նաև ամսի 2-ից 4-ի և 5-ի միջև տարբերությունը: Եվ ղազախստանյան դեպքերը փորձում են դիտարկել որպես Նազարբաևի և Տոկաևի միջև ներկլանային կամ միջկլանային պայքարի դրսևորում: Սակայն չի տրվում պարզ մի հարց՝ ինչո՞ւ պետք է մեկը մյուսի դեմ դուրս գար, եթե երկուսին էլ ձեռք էր տալիս մինչև այդ իրադարձությունները հաստատված իրավիճակը: Նազարբաևը պետական, հանրային և կուսակցական պաշտոններն ինքնակամ հանձնել էր Տոկաևին՝ պահպանելով ԱԽ նախագահինը և, ենթադրաբար, երևի իրական իշխանությունը: Բայց ինքը ծեր է, և մի օր էլ կմեռներ՝ ողջ իշխանությունը թողնելով Տոկաևին, որը շատ ավելի երիտասարդ է: Իսկ զինված մարդկանց փողոց դուրս գալն ու ջարդարարությունը կարող էր երկուսին էլ զրկել իշխանությունից, ու դժվար թե իրենք չհասկանային դա: Եվ հենց օդանավակայաններ փակելը կամ դրա փորձն անելը արտաքին ուժերի ցանկությամբ էր, որպեսզի իշխանությունը օգնական ուժեր չուղարկեր այս կամ այն երկրամասը կամ ինքը չստանար դրսից:

Անցնենք եզրակացությանը. հեղաշրջման հաջության դեպքում իշխանությունը կարող է վերցնել «Մահմեդական եղբայրներ» շարժումը կամ նման մեկ այլ քաղաքական ուժ: Ինչի արդյունքում ավելի առարկայական տեսք կարող էր ստանալ Թուրքիայի նախագահի երազանքը՝ թյուրքախոս ժողովրդով երկրների միավորումը: Արդյունքում հսկայական խնդիրներ կստեղծվեին թե՛ Ղազախստանի հետ Ռուսաստանի՝ ավելի քան յոթ ու կես հազար կիլոմետր սահմանին և թե՛ հատկապես ՌԴ-ի՝ թյուրքախոս ժողովրդով բնակեցված տարածքներում: Իսկ մեր երկրի ապագան էլ արդեն նույնիսկ մազից կախված չէր լինի: Եվ որպեսզի էն գլխից չեզոքացվեր Ռուսաստանի նկատմամբ վտանգը՝ ՌԴ նախագահն անմիջապես ՀԱՊԿ-ի խաղաղապահների անվան ներքո 3000 օդադեսանտայիններ ուղարկեց Ղազախստան: