Արցախին մենակ թողնելը հանցագործությանը, դավաճանությանը հավասար բան է

Արցախին մենակ թողնելը հանցագործությանը, դավաճանությանը հավասար բան է

Ապրիլի 25-ից ընդդիմությունը մեկնարկել է բողոքի գործողություններ՝ Արցախի փրկության եւ իշխանափոխության պահանջով: Երեկ առավոտյան 11։00-ին մեկնարկը տրվեց Իջեւանից՝ մի խումբ քաղաքացիներ սկսեցին իրենց քայլերթը դեպի Երեւան։ Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից եւս։ Իսկ այդ ընթացքում Երեւանում կիրականացվեն ամենօրյա իրազեկման երթեր։ Ինչպես մեզ հայտնի դարձավ, ընդդիմությունը քայլերթին միանալու հրավերով դիմել է նաեւ ճանաչված, հայտնի դեմքերի, որոնց մեջ՝ դերասաններ, երգիչներ, որոնք արդեն տվել են իրենց համաձայնությունը։   

Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանն ասում է՝ թեպետ իրեն չեն դիմել շարժմանը միանալու համար, բայց եթե դիմեն, ինքը պատրաստ է՝ կմիանա․ «Այս իշխանությունները վայրկյան առաջ պետք է հեռանան, եւ նոր իշխանություն ձեւավորվի, ու երկիրը դուրս գա այս օրհասական, ողբերգական վիճակից։ Ես իմ դիրքորոշումն այս հարցում մշտապես եմ հայտնել եւ առաջին հարվածները ստացողներից մեկն էլ ես եմ եղել․․․։ Այս վիճակը ձեռք է տալիս այս իշխանություններին, որովհետեւ իրենք են ստեղծել այս քաոսային իրավիճակը, իսկ մարդիկ չեն հասկանում ինչպես կազմակերպվեն, ինչպես միավորվեն։ Այսպիսի ողբերգական վիճակում մեր ժողովուրդն ու ազգը երբեւիցե չէր եղել, եթե հաշվի չառնենք 107 տարի առաջ՝ 1915թ․ Հայոց ցեղասպանությունը»։  

Ինչպե՞ս է գնահատում ընդդիմության ձեռնարկած քայլերի արդյունավետությունը, ստացվում է՝ 4 տարի անց՝ նույն օրերին, նույն ձեռագրով այսօրվա ընդդիմությունն է քայլերթ մեկնարկել։ «Ուժ տվող եւ առաջ մղող մի կարեւոր բառ կա՝ հավատ… ժամանակն ու իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ ժողովրդի, մարդկանց մոտ վերացել է հավատի զգացումը, ու հիմա հենց դա է պետք հետ բերել՝ հավատը, որ մարդիկ հավատան ընթացքին, գործողություններին։ Դա հնարավոր չէ մեկ վայրկյանում անել, արդեն 4 տարի է անցել, բայց այս ընթացքի մեջ հավատը պետք է վերադարձնել մարդկանց։ Կարծում եմ՝ ճիշտ գործողություններ էլ են արվում, եւ ավելին պետք է արվի, որպեսզի այս չարաբաստիկ, ողբերգական վիճակից դուրս գանք»։

Ո՞վ պետք է ընդդիմությանն առաջնորդի, որպեսզի մարդիկ հավատան, հավախմբվեն եւ քայլ անեն այս վիճակից դուրս գալու համար։ «Չեմ կարող ուղղակի անուն ասել, կարծում եմ՝ այս պահին բոլորը պետք է միավորվեն, պահեր են գալիս, որ պետք է ամեն ինչ մի կողմ դնել՝ տարաձայնություններ, կուսակցական կարծիքներ, քաղաքական ուղղություններ… Պետք է ամեն ինչ մի կողմ թողնել, միավորվել եւ քայլ անել՝ ազատվելու այս իրավիճակից»։

Ինչ վերաբերում է Արցախի հարցում «նշաձողն իջեցնելուն», այլ կերպ ասած՝ Արցախից հրաժարվելուն, ապա․ «Սրա մասին խոսելը դարձել է անհեթեթ, եթե մենք Արցախի հարց ենք փակում, ուրեմն այդ ամբողջ հաղթանակած ժամանակահատվածը, մեր հերոսները, որոնք իրենց կյանքը տվեցին, այդ ամենն այսօր արժեզրկվում է, չքանում է։ Չի կարող այդպես լինել, ինչպես որ չի կարող պարտադրված խաղաղություն լինել, եւ չի կարելի այս իրավիճակում Արցախին թողնել մենակ, դա հանցագործությանը, դավաճանությանը հավասար բան է։ Եթե մենք Արցախը հանում ենք օրակարգից, ուրեմն ամեն ինչ վերջանում է, որովհետեւ համոզվեցինք նաեւ, որ այն թյուր կարծիքը, որ եթե Արցախի հարցը լուծվի, մենք երջանիկ կապրենք, սխալ էր… տեսա՞ք ինչ եղավ, տեսաք մեր այսօրվա հարեւանների, որ մղում են մեզ բարեկամության, գործակցության եւ ճանապարհներ բացվելուն, ախորժակը։ Դա բերեց նրան, որ հիմա նրանք ավելին են ուզում… իսկ թուրքի, ադրբեջանցու նպատակը պարզ է՝ որ հայի ոտքն այստեղ չլինի, որպեսզի իրենք ի կատար ածեն իրենց նվիրական երազանքները։ Ես ուզում եմ, որ հայ մարդն ուղղի, շտկի իր ողնաշարը, ձգվի իր կեցվածքով, մտքով, գործողութուններով, հանի իր հայրենիքն այս օրհասական, ողբերգական վիճակից։ Հայի միտքը, ոգին եւ գիտակցությունը պետք է արթնանան, եւ իր մի բուռ հայրենիքը հանի այս վիճակից, որ այսօր մնացել է մեզ»։     

Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանն ասում է՝ իրեն դեռ ոչ ոք չի դիմել, բայց ինքը պատերազմից հետո բազմիցս մասնակցել է տարբեր բողոքի ակցիաների․ «Ամենաթեժ պահերին, երբ որ վիճակը շատ ավելի օրհասական էր, եւ անհրաժեշտ էր մտավորականի, մշակույթի մարդու ձայնը, ես այդ ընթացքում եմ շատ ակտիվ մասնակցել, հետո գնաց ինչ-որ սառած մի վիճակ։ Ես նույնիսկ ինչ-որ մտավորականների էլ եմ մեղադրել իրենց անտարբերության, իրենց գրաված դիրքի համար։ Մի պահ եկավ, որ անգամ չէի էլ ուզում խոսել։ Հիմա, եթե ժամանակ ունեցա, եթե գտնեմ, որ շարժումն արվում է գրագետ ու ճիշտ ուղու վրա է, կմասնակցեմ»։     
Դերասանը չի ուզում գնահատականներ տալ կամ քննարկել ընդդիմության քայլերը․ «Որպես մտավորական, որպես այս երկրի հողն ու ջուրը սիրող մարդ՝ ես այս հայրենիքի, երկրի ճակատագրով եմ մտահոգված։ Ես ուզում եմ, որ այս երկիրը չգնա դեպի կործանում։ Սա է իմ ամենամեծ ցանկությունը, եթե ինչ-որ մի շարժում, ինչ-որ քայլեր կարող են բերել այդ հաջողությանը, ես միայն ուրախ կլինեմ»։

Ո՞վ պետք է առաջնորդի ընդդիմության շարժումը, որպեսզի համախմբի նաեւ ժողովրդին։ «Չեմ ուզում առանձնացնել ինչ-որ անհատի, սա պետք է լինի ինքնաբուխ ձգտում հասարակության կողմից, որովհետեւ, եթե մարդը սիրում է իր հայրենիքը, իր հողն ու ջուրը, պետք է միաբանվի։ Պետք է արձանագրենք, որ սա սարսափելի իրավիճակ է։ Սա պետք է վաղուց լիներ, որովհետեւ, եթե մարդն իր հայրենիքը սիրում է, պետք է ամեն ինչ անի, որ այդ հայրենիքը գնա նորմալ ուղղությամբ, ոչ թե հատված առ հատված կորցնի, ինչպես որ դարերով մաս առ մաս կորցրել ենք։ Մենք արդեն քանի տարի է՝ մտավախությունների ու աբսուրդ իրականության մեջ ենք ապրում։ Պետք է խելամտորեն գործել, որ մեր հայրենիքի այս մի կտոր հատվածը գոնե մնա»։

Դեղտրիկյանն ասում է՝ այս 4 տարիների ընթացքում չի տեսել եւ չի լսել իշխանությունների կողմից մի նորմալ քայլ, որ արվել է կամ պետք է արվի․ «Չգիտեմ՝ ինչ հրաշք պետք է լինի, որ մեր երկիրը համախմբվի, հասարակությունը խելքի գա, եւ կարողանանք մեր այս փոքր հողակտորը պահել»։
Ժողովրդի անմիաբանությունը, հուսահատությունն ինչո՞վ է բացատրում, մարդիկ հաշտվե՞լ են այս վիճակի հետ, այլ ելք չե՞ն տեսնում։ «Ի՞նչ է նշանակում՝ հաշտվել են այս վիճակի հետ, եթե էդպես ամեն ինչի հետ պիտի հաշտվենք, ուրեմն ավելորդ է ինչ-որ բանի մասին խոսել, հա, ասում են՝ մարդն ամեն ինչի սովորում է, բայց եթե հայրենիք կորցնելուն էլ պետք է համակերպվի ու սովորի... էլ ի՞նչ ասեմ»։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ մարդիկ ընդդիմությունից ակտիվ, կտրուկ գործողություններ են սպասում, Ա․ Դեղտրիկյանն ասում է, որ ինքն առհասարակ դեմ է կոպիտ գործողություններին․ «Որ պարալիզացվի իրավիճակը, կամ ինչ-որ տհաճ եզրահանգումների բերի այդ ամեն ինչը, ուրիշ ձեւ, ուրիշ քայլեր է պետք մտածել, չնայած մենք տեսանք, թե ինչ քայլերով ինչը ինչ դարձավ։ Պետք է լինի քաղաքացիական մոտեցում, որ պետականության ձգտումը շատ բարձր լինի հասարակության մեջ, դա պետք է լինի մեր մեջ, որպեսզի հասկանանք նաեւ վտանգը, որովհետեւ մենք ցաքուցրիվ եղած ենք ամողջ աշխարհով մեկ ու հիմա չենք կարող այս մի կտոր հողն էլ կորցնել։ Այս հարցում սփյուռքն էլ պետք է միասնական լինի»։