Ես, որ քիչ տարիք չունեմ, ես եմ տեսնելու, թե Արեւմտյան Հայաստանը ոնց է մերը դառնում

Ես, որ քիչ տարիք չունեմ, ես եմ տեսնելու, թե Արեւմտյան Հայաստանը ոնց է մերը դառնում

Հարցազրույց արցախյան պատերազմի հրամանատար Արկադի Կարապետյանի (Ագոյի) հետ

- Պարոն Կարապետյան, ո՞նց եք պատկերացնում հարցի լուծումը։

- Մեր հա՞րցը։ Մարդիկ շատ բան կարող են ասել, բայց ես տեսնում եմ, որ Ադրբեջան պետությունը վերանում է։

- Լրագրող Թաթուլ Հակոբյանն առավոտյան գրեց, որ ադրբեջանցիներն արդեն Իշխանաձորի մոտ են, ասում եք՝ Ադրբեջանը վերանում է։

- Պատերազմի ժամանակ շատ բան է լինում։

- Նիկոլ Փաշինյանը 6 հարցադրում էր արել, որոնցից մեկն էլ այն է, թե հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից։ Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր էր։

- Չէ, հնարավոր չէր։ Հնարավոր էր էն ժամանակ, եթե Հայաստանը հզոր պետություն լիներ։ Բայց դրա համար ազգը պետք է այնքան լուրջ լիներ, որ էդպես լիներ։ Հիմա պետք է լրջանանք։ Եվ կլրջանանք ու մնացած հարցերը կլուծենք։

- Ամեն դեպքում, արցախցիների կարծիքով՝ Ռուսաստանը պետք է միջամտի։ Խաղապահներին թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը դեմ են, բայց եթե ընտրելու լինենք չարյաց փոքրագույնը…

- Դժվար հարց եք տալիս, ես կյանքին ուրիշ փիլիսոփայությամբ եմ մոտենում։ Ես գիտեմ՝ ոնց եմ գնում, ու տենց գնում եմ, ու ես հոգնել եմ մարդկանց ինչ-որ բան բացատրել, մեկ ա՝ մեծամասնությունը քանակային է մտածում։ Ես տենց չեմ մտածում, իմ մոտեցումը լրիվ տարբեր է։ Մարդիկ չեն հասկանում, ծիծաղում են, թերագնահատում են։ Բայց ես ոչ մեկին չեմ մեղադրում, չեմ դատում, լուրջ եմ ասում։ Աստծո օրհնությունն էլ որ մեր վրա լիներ, ավելի քիչ կորուստ կունենայինք։

- Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատրաստ ենք փոխզիջումների։ Որո՞նք կարող են լինել դրանք, ո՞րն է այն կարմիր գիծը, որը չի կարելի անցնել։ 

- Ես չեմ խոսում փոխզիջումներից, տարօրինակ կարող է թվալ, բայց էդպես է, ինձ համար էդպես է։

- Դուք Ձերն եք ասում՝ իսկ մյուսները, մեծամասնությունը․․․

- Չգիտեմ, իմ հոգին հիմա էլ է խաղաղ։ Ես շատերի հետ չեմ խոսում, ինչու՝ որովհետեւ պանիկյորները շատ են։ Ես իմ համար ինչ կարողանում եմ, անում եմ։ Ես իմ վատ առողջությամբ, որ հազիվ եմ քայլում, ինչ կարում եմ, անում եմ, ու ստացվում է ինչ-որ բան։ Չգիտեմ։ Հերոսություն անել պետք չէ, ուղղակի ամեն մեկն իր գործը որ անում է, պատերազմը հաղթում ես։ Ձեզ մի բան ասեմ՝ էն շարժումը, որ սկսել ենք ժամանակին, էն պատերազմը սրանից վատ էր, չեք պատկերացնի։ Ահավոր էր։

- Այն ժամանակ ունեինք 7 հազար զոհ՝ 2-3 տարում, հիմա 23 օրում, միայն պաշտոնական տվյալներով՝ 700-ից ավելի։

- Հիմա տեխնիկայի դար է։ Դրա համար էլ պատերազմը շատ արագ է ավարտվելու։ 2 տարի չի տեւելու։

- Ասում եք՝ փոխզիջում չեմ ընդունում, իսկ երկրի գենոֆոնդը վտանգե՞լը։

- Գենոֆոնդն ամենամեծ բանն է, բայց էսպես ասենք՝ էդ գենոֆոնդը պայքարի մեջ է գենոֆոնդ դառնում, հասկանո՞ւմ եք։ Ցավալի բան եմ ասում։ Իմ տղան էլ է առաջնագծում։ Էդ ամենը ես ամեն վայրկյան ապրում եմ։ Չգիտեմ՝ ինչ կլինի, ոնց կլինի։ Իմ ամբողջ ընտանիքը՝ բացառությամբ հարսս ու աղջիկս, երեխեքի համար Հայաստանում են, մնացածը բոլորս ստեղ ենք։ Մեծ աղջիկս էլ ստեղ․․․ Ես ամեն վայրկյան Ձեր ասածն ապրում եմ, նենց չէ, որ Ձեր ասածը չեմ հասկանում, հոտը ռեալ քթիս գալիս է։ Բայց էլի եմ ասում՝ մարդը չի կարող իր ազգությունը փոխել, մանավանդ՝ հայը։ Իսկ գենոֆոնդը… ոնց որ ադամանդը ո՞նց է լինում, ճնշման տակ է, չէ՞, դառնում ադամանդ։ Էդ խնդիրը կա։ Փորձությունը միշտ էլ կա, խաղաղ կյանքում էլ փորձությունները շատ են, պատերազմում՝ առավել եւս։ Մեզ որ ժամանակին մեղադրում էին, որ պատերազմ ենք ուզում, ես միշտ ասում էի՝ աատերազմ տեսած մարդը չի կարող պատերազմ ուզել։ Նորմալ մարդը։ Բայց մենք ուզում ենք-չենք ուզում՝ էդ պատերազմը գալիս է։ Ու էդ պատերազմին մենք շուտվանից պետք է պատրաստ լինեինք։ Միշտ, կապ չունի՝ էսօր, 1000 տարի հետո․․․ միշտ։ Կյանքը պատերազմ է թե՛ խաղաղ ժամանակ, թե՛ պատերազմի։ Իսկ պատերազմը էդ ամեն ինչն է կոնցենտրացված՝ մեկ անգամ կոնցենտրացիա եղած երեւույթ։ Գագաթնակետն է։ Մի հուսահատվեք, ամեն ինչ լավ է լինելու։ Հուսահատությունն էլ է մեղք։ Շատ մեծ։ Մի հուսահատվեք, հաղթանակը մերն է լինելու։ Ես լոզունգ չեմ ասում, գիտեմ, որ տենց է լինելու։ Չգիտեմ հիմա ոնց կլինի, մի քիչ էս կողմ, էն կողմ։ Նույնիսկ ժամանակի ընթացքում․․․ մի խոսքով՝ Դուք տեսնելու եք էդ ամենը։ Ես, որ քիչ տարիք չունեմ, ես եմ տեսնելու, թե Արեւմտյան Հայաստանը ոնց է մերը դառնում։ Տեսնելու եմ։