Գագիկ Խաչատրյանն արգելել է խոսել իր առողջական վիճակի մասին

Գագիկ Խաչատրյանն արգելել է խոսել իր առողջական վիճակի մասին

«Պետք է անձերից վեր կանգնեն, դատարանը չի կարողացել անձերից վեր կանգնել»։ Այս մասին այսօր Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանում քննվել է առաջին ատյանի դատարանի կալանավորման որոշման դեմ բողոքը։ Վերաքննիչը որոշումը կհրապարակի երկուշաբթի օրը, ժամը 09։30։


Երեմ Սարգսյանը նշեց, որ Գագիկ Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ «Դատարանը իր տրամադրության տակ չի ունեցել մեղադրանքի վերաբերյալ փաստական տվյալ։ Դատարանը չէր կարող պատկերացնել՝ նման հանցագործությունն առկա է թե ոչ»։

Անդրադառնալով Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակին՝ պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալն արգելել է իրեն խոսել առողջական վիճակի մասին, թեպետ ընդգծեց՝ անձը վիրահատված վիճակում քննիչի զանգով վերադարձել է Հայաստան։

Նա նշեց, որ տվյալ քրգործով փոխհատուցում եղել է՝ այլ մանրամասներ չներկայացնելով։

Սարգսյանի խոսքով՝ Գ․Խաչատրյանը նիստին ներկա է եղել։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին, մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման համար: