ԱԳՆ երկու փոխնախարարների մոտ կորոնավիրուս են կասկածում

ԱԳՆ երկու փոխնախարարների մոտ կորոնավիրուս են կասկածում

Տեղեկություն ստացանք, որ Արտաքին գործերի նախարարության կազմում կորոնավիրուսով վարակվածներ են հայտնաբերվել։ Երկու փոխնախարարներն էլ են այդ գոտում․ Ավետ Ադոնցի ընտանիքում կան վարակվածներ եւ շատ հնարավոր է, որ ինքն էլ լինի վարակակիր, մյուսը Արտակ Ապիտոնյանն է։ Աշխատակիցների մեջ էլ կան վարակի կասկածներ, ընդ որում՝ բավականին տարեց մի աշխատակից։ ԱԳՆ-ում խուճապ է, աշխատակիցները՝ նրանք, ովքեր հեռավար չէին աշխատում, վաղվանից այլեւս աշխատանքի չեն գնալու։ Կասկածում են, որ նախարարն էլ է վարակակիր։
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ողջ օրը չէր պատասխանում մեր նամակներին ու զանգերին, չնայած կարդում էր։ Ի վերջո, անորոշ ու ոչ ստույգ պատասխան ուղարկեց՝ հումորի սմայլիկներ կցելով․ «Այս պահի դրությամբ ԱԳՆ դիվանագիտական կազմում վարակակիրներ չունենք։ Բայց դա այս պահի՝ ժամը 19։00-ի դրությամբ))»:
ԱԳՆ-ն մեծ աշխատակազմ ունի եւ մեր տեղեկությունը հաստատեցին մի քանի աղբյուրից։ Պարզ չէ, թե խաբելու իմաստը որն է եւ որքան կարող են թաքցնել իրականությունը։ 

ՀԳ Մեր նյութի հրապարակումից հետո կառավարական մի շարք խողովակներով հերքումներ տարածեցին, թե՝ փոխնախարարները հիվանդ չեն։ Սակայն մեզ ասացին, որ կասկածները կան, ուղղակի թեստերի պատասխանները ստացվելու են վաղը։ Հերթական անգամ զլանում են հստակ եւ օպերատիվ պատասխանել մեր հարցերին, ապա հրապարակումից հետո հերքումներ են տարածում՝ սա արդեն տարածված ձեռագիր է պետական կառույցների մամուլի ծառայությունների համար։