Խոսել են Էթնիկ զտումների եւ գերիների մասին
Դեկտեմբերի 9-ին Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին։ Օկամպոն տեղեկություններ փոխանցեց Ադրբեջանում կազմակերպված COP29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովի կապակցությամբ Արցախում իրագործված էթնիկ զտումների բարձրաձայնման, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ ծավալած գործունեության և արձանագրված արդյունքների մասին։ Այս առնչությամբ Լուիս Օկամպոն կարևորեց Հայոց Հայրապետի կոչին ընդառաջ COP29-ի նախօրեին քրիստոնեական Եկեղեցիների և կառույցների աղոթակցությունը Հայ Եկեղեցուն գերեվարվածների տունդարձի և Հայաստանին նվիրված ընդհանրական աղոթքի նախաձեռնության համար։
Կաթողիկոսը բարձր գնահատեց պարոն Օկամպոյի ներդրած ջանքերը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության և Ադրբեջանի ցեղասպան գործողությունների իրազեկման ուղղությամբ եւ հաստատեց, որ Հայոց Եկեղեցին ևս հնարավորն անում է միջազգային, միջեկեղեցական, միջկրոնական հարթակներում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթման, հայրենազրկված արցախահայերի իրավունքների պաշտպանության, գերության մեջ պահվող ու անհայտ կորած հայորդիների, ինչպես և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրների ուղղությամբ։ Զրուցակիցները նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանում և Միջին Արևելքում ծավալվող մտահոգիչ իրադարձությունների առնչությամբ։
Կարծիքներ