«Հրապարակ»․ ՀՀ նախկին նախագահները կկանչվե՞ն քննիչ հանձնաժողով

Միայն ՔՊ-ականներից կազմված՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այս ամիս հարցաքննության է կանչելու Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին, ով մեղադրվում է պատերազմի ժամանակ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ։
Հիշեցնենք, որ վերջինը հանձնաժողովը քննել է պաշտպանության նախկին նախարար, այս պահին կալանավորված Դավիթ Տոնոյանին։ Քննիչ հանձնաժողովի աշխատանքների ընթացքի մասին խոսել ենք ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի հետ։
- Պարոն Խաչատրյան, ի՞նչ արդյունք տվեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին քննիչ հանձնաժողով հրավիրելը, 44-օրյա պատերազմի պարտության նոր մեղավորներ ի հայտ եկա՞ն, դավաճանների շրջանակը նրա խոսքից հետո մեծացա՞վ, թե՞ փոքրացավ։
- Դավիթ Տոնոյանը հիմնականում հաստատել է մեզ հայտնի հանգամանքները, պատերազմի պատճառները, Հայաստանի այդ ժամանակվա ռազմաքաղաքական վիճակի վերաբերյալ տեղեկությունները։ Հիմնականում այն, ինչ գիտեինք, Տոնոյանը հաստատեց։
- Ենթադրվում է, որ հիմա Տոնոյանի եւ իշխանության «ջրերը» սկսել են «մի առվով հոսել»։ Արդյո՞ք, դրանով պայմանավորված, ՔՊ-ականները կմիջնորդեն, որ պաշտպանության նախկին նախարարի խափանման միջոց կալանքը փոխվի, եւ Տոնոյանն ազատ արձակվի, չէ՞ որ արդեն 2 տարի է՝ կալանավորված է։ Տեսակետներ են հնչում, որ պաշտպանության նախկին նախարարը հարցաքննության օրը բավականաչափ օգտակար է եղել Նիկոլ Փաշինյանին` հաստատել է նրա որոշ ասածները։
- Չեմ կարող ասել՝ խափանման միջոցի փոփոխման համար կդիմե՞ն, թե՞ ոչ, դա բացարձակ կապ չունի մեր հանձնաժողովի աշխատանքների հետ։
- Ձեր հանձնաժողովից Քրիստինե Պողոսյանը եւ Տոնոյանի ազգական Վիլեն Գաբրիելյանն անցած տարի անձնական երաշխավորություն էին ներկայացրել դատարան՝ Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
- Կարող են նորից դիմել, բայց քրեադատավարական պրոցեսն օրենքի շրջանակներում է, եւ միայն դատարանը կարող է որոշել նրա մեղավորությունն ու անմեղությունը։ Ինչ վերաբերում է նրան, որ Տոնոյանը մեզ ականջահաճո հայտարարություններ է արել, բացարձակ այդպես չէ։ Քննիչ հանձնաժողովի արձանագրությունների արխիվում են մնալու բոլոր հարցաքննությունները, որոնք համեմատվում են նաեւ մի քանի այլ անձանց հայտարարությունների հետ՝ փաստերը ստուգելու համար։ Այնպես որ, որեւէ մեկը, անկախ նրանից, թե ինչ քաղաքական դիրքորոշում կունենա, սուտ տեղեկություններ տալու հակված չէ, որովհետեւ խաչաձեւ լսումների միջոցով իրականությունն իրականում կպարզվի։
- Նիկոլ Փաշինյանն օրերս ափսոսանք հայտնեց՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հետ կապված, գուցե մտադրություն կա նրան պաշտո՞ն տալ Հայաստանում, ի՞նչ տեղեկություն ունեք այդ մասով։
- Չեմ կարող ասել, նման բան, քննարկում չի եղել։
- Պատրաստվում եք քննիչ հանձնաժողով հրավիրել նաեւ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին․ ի՞նչ հիմքեր կան դրա համար։
- Նա Արցախի նախագահն է եղել եւ կարեւորագույն, առանցքային որոշումներ է կայացրել։ Մի շարք փաստեր կան, որոնք պետք է հաստատվեն կամ հերքվեն։ Արցախի նախագահն ի պաշտոնե պետք է գա եւ տեղեկություններ հայտնի։ Արայիկ Հարությունյանը պատրաստակամ է, գալու է։
- Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմում պարտվել ենք, քանի որ գործել է «հինգերորդ շարասյուն»․ նա նկատի ուներ նախկին նախագահներին, նրանց աջակիցներին։ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը կկանչվե՞ն քննիչ հանձնաժողով։
- Նախկին նախագահներին կանչելու քննարկում դեռ չի եղել, մենք դեռեւս առաջնային ենք համարում հարցաքննության կանչել այն զինվորականներին, ովքեր պատերազմի ժամանակ պաշտոններ են զբաղեցրել։
- Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետն էր, ինչո՞ւ մինչ օրս չի կանչվել հանձնաժողով` հարցաքննության։
- Չեմ կարող ասել՝ կլսե՞նք նրան, թե՞ ոչ։ Նրան հարցաքննության կանչելը կապված է այն հանգամանքի հետ, թե ինչ տեղեկություններ կհայտնեն Ջալալ Հարությունյանը եւ Արայիկ Հարությունյանը։
Կարծիքներ