Եվրոպական խալիֆաթը հեռու երազանք չէ

Եվրոպական խալիֆաթը հեռու երազանք չէ

«Ես ամեն օր հիշում եմ Հայկին ու Բելին, մեր էպոսի դյուցազուններին, որովհետեւ այսօրվա 18 տարեկան տղաներն իսկական լեգենդներ են դարձել մարտադաշտում, որի առիթով ամեն անգամ զարմանում եմ ու շատ ցավում, որ զոհվում են։ Փառք ու պատիվ մեր զինվորներին»,- ասում է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն ու ցավով արձանագրում, որ մեկ ամսից ավելի ընթացող այս պատերազմում ոչ մի օրենք չի գործում։

«Սա նախնադարյան վայրի ցեղերի դեմ մեր գոյության կռիվն է։ Մենք Ադրբեջանի հետ չենք կռվում, այսօր Ադրբեջան գոյություն էլ չունի, թուրքն Ալիեւին էլ, Ադրբեջանին էլ դրել է իր գրպանը։ Այսօր թուրքն է մեր դեմ դուրս եկել։ Երեկ մի մասնագետի հետ էի խոսում, ում պնդմամբ՝ Թուրքիայի նպատակն է ոչ միայն հպատակեցնել Արցախի ժողովրդին, նրան այդ տարածքն է պետք, որովհետեւ այդ լեռներում պահվում է ուրան, իսկ դա ատոմային ռումբի հումքն է։ Պատկերացնո՞ւմ եք ինչի մասին է խոսքը։ Իսկ համայն մարդկությունը եւ միջազգային կազմակերպությունները՝ ՆԱՏՕ, ՄԱԿ, Եվրախորհուրդ, լոկ մի թատրոնի դերասաններ են, որ հավասարության նշան են դնում այս պետությունների միջեւ, ինչ է, չգիտե՞ն, թե ով ում վրա է կրակում։ Հայությունը, որ ոտքի է կանգնել ու մի բռունցք դարձել, իրոք մղում է հայրենական պատերազմ, մեր հողը փրկելու պատերազմ։ Շատ եմ ցավում Շուշիի համար, դա մի դրախտավայր է, որն այսօր սարսափելի ձեւով ռմբակոծում են, ո՞նց է ձեռքները գնում Ղազանչեցոց եկեղեցու վրա ռումբ գցել»,- ասում է Թոքմաջյանն ու ընդգծում, որ որպես քանդակագործ՝ մեծ «ամագ» ունի Արցախում, Շուշիի հրապարակում տեղադրված է իր հեղինակած Վազգեն Սարգսյանի արձանը։

Քանդակագործի կարծիքով, այսօր մեր կառավարությունը ոչ մի դեպքում չպետք է գնա բանակցությունների։ «Ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը, եթե դիմացիդ մարդն արյուն թափելուց ու վիզը կտրելուց բացի ոչինչ չի հասկանում։ Արցախն իր լեռների մեջ պետք է ոչնչացնի այդ վարձկան ահաբեկիչներին, որոնք ահ ու սարսափ են ամբողջ աշխարհում։ Պետք է փաստել նաեւ՝ այն խնդիրը, որ դրել էր իր առաջ Ադրբեջանը՝ կայծակնային արագությամբ գրավել Արցախը, չստացվեց»,- ասում է նա ու նկատում, որ, իհարկե, կա նաեւ մտահոգություն՝ արդյո՞ք մեր ռեսուրսը մեզ կբավականացնի։ «Զինվորի հոգու ճիչը, նրա հայրենասիրական բնազդը շատ ավելի զորեղ են, քան զինտեխնիկան, իհարկե, դա իր դերը կատարում է, բայց, հավատացնում եմ ձեզ՝ ամեն պահի հայերը կարող են օգտագործել իրենց ռեզերվը, կարեւորը՝ ոչ մի րոպե չկասկածենք, որ հաղթելու ենք»,- ասում է Թոքմաջյանը, ով թերահավատ է միջազգային հանրության հանդեպ․ «Պուտինը մե՛կ մեր կողմն է, մե՛կ պնդում է, որ 7 տարածք պետք է հանձնենք։ Դա նշանակում է թշնամուն բերել քո քթի տակ, դա անհնար բան է, պետք է անվտանգության գոտի ստեղծվի, իհարկե, եթե խաղաղապահ զորքեր գան, պետք է այդ 40 կմ-ն պահպանվի, 20՝ այս կողմից, 20՝ այն կողմից, բայց դա փրկություն չէ։ Հիշեցի 90-ականների պատերազմը, այդ ժամանակ ես մեկնեցի Արցախ ու Մոնթեի մահվան տարելիցին երդվեցի, որ նրա քանդակը պետք է դնեմ։ Այդպես էլ արեցի՝ այսօր Մարտունիում Մոնթեն կանգնած է հերոսական։ Ա՜խ, Մոնթե, եթե կենդանի լինեիր, կթողնեի՞ր, որ մի արկ ընկներ Մարտունու վրա...»։

Երաժիշտ, երգահան Արտավազդ Բայաթյանն ասում է, որ այս ընթացքում գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունները ցույց տվեցին իրենց անպետքությունն ու անատամ լինելը․ «Դրանք ոնց որ ձրիակերների հիմնարկներ լինեին, բացարձակ ոչ մի ազդեցություն չունեն ոչ մի բանի վրա։ Բազմաթիվ միջազգային օրենքներ խախտվեցին․ քաղաքացիական բնակավայրեր ռմբակոծվեցին, եւ ոչ մի արձագանք, իսկ դա նշանակում է, որ այդ կազմակերպությունները ոչ մի իմաստ էլ չունեն, դրանք ցույց տվեցին իրենց անուժ լինելը, հակառակ դեպքում պետք է շատ հարցեր դատապարտեին, որովհետեւ այն, ինչ անում են թուրքերը, ահաբեկչություն է, այլ կերպ հնարավոր չէ որակել։ Ստացվում է՝ աշխարհի համար բացարձակ միեւնույն է, թե ինչ է կատարվում, որովհետեւ նավթը շատ մեծ գործոն է ցանկացած երկրի համար»։

Բայաթյանը չի բացառում, որ Հարավային Կովկասում այս պատերազմը կարճ ժամանակում մեծ կոնֆլիկտի վերաճի՝ լինի դա կրոնական հողի վրա, թե տարածքային․ «Կարող է մի փոքր կայծից մեծ հրդեհ լինի, որովհետեւ շատ երկրներ իրենց օգտին են սա օգտագործում, մեկը կրոնական երանգ է տալիս, մեկը՝ քաղաքական։ Ում ինչպես ձեռք է տալիս, դրա համար ամեն ինչ էլ կարող է լինել։ Իսկ Եվրոպային ի՞նչ հեռանկար է սպասվում, Եվրոպան շուտով կդառնա եվրոպական մի մեծ խալիֆաթ, որովհետեւ իսլամիստներն այնքան են լցվել այնտեղ, որ դա միանգամայն հնարավոր է։ Վերջերս Գերմանիայի քարտեզն էի ուսումնասիրում, որտեղ 100 եկեղեցու դիմաց առկա էր հազար մզկիթ, որն արդեն լուրջ խնդիր է։ Գրեթե նույն բանը կատարվում է Ֆրանսիայում, իսկ դա նշանակում է, որ եվրոպական խալիֆաթը հեռու երազանք չէ, որովհետեւ նրանք այն ժողովուրդները չեն, որ հանգիստ նստեն տեղները, հակառակը՝ նրանք բոլորին կսարքեն իրենց նման, բայց իրենք ոչ մեկի նման չեն դառնա։ Եվրոպական երկրների ապագան դա է, որովհետեւ Ֆրանսիայի պես երկրում եթե իսլամական խունտաները կարող են գլուխ բարձրացնեն, մտնեն եկեղեցի՝ մարդ գլխատեն, վաղը չէ, մյուս օրը նույն բանը կանեն ավելի մեծ մասշտաբով՝ ավելի մեծ քաղաքներում։ Դա իրենց զավթելու ոճն է, որին շատ լավ ծանոթ ենք»։

Դիվանագիտությունը, ըստ նրա, բոլոր ուղղություններով պետք է աշխատի եւ ամեն ինչ մեր օգտին աշխատեցնի․ «Բայց ամենակարեւոր աշխատանքներից մեկը պետք է լինի Ռուսաստանի հետ, որովհետեւ այս տարածքում այդ պետությունից ավելի ազդեցիկ չի երեւում։ Մի երկիր էլ կա, որի հետ մենք պետք է շատ լուրջ հարաբերություններ ունենայինք եւ շատ վաղուց։ Դա Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Այդ երկու երկիրը բավականին ուժեղ դիրք ունեն այս տարածքում, եւ նրանց անտեսել չի կարելի։ Թուրքիայի հետ հարաբերվելն անիմաստ է, իսկ մնացածների հետ պետք է դիվանագիտական աշխատանքներ տարվեն եւ ոչ միայն այսօր, այլեւ անընդհատ պետք է տարվեին։ Բայց դա չի նշանակում, որ Ամերիկան կամ Ֆրանսիան ոչ մի բան են։ Այն, ինչ մեր օգտին է, անպայման պետք է մեզ համար աշխատի, թեպետ ես շատ մեծ հույս չունեմ, որովհետեւ ամեն ինչ կատարվում է ըստ ուժերի ձեւավորման։ Շատ ճկուն պետք է լինենք, որ անմիջապես զգանք, որովհետեւ ոչ մեկը պատրաստ չէ Հայաստանի համար իր հարաբերությունները փչացնել Թուրքիայի հետ, որովհետեւ նրանց հետ ֆինանսական մեծ խնդիրներ ունեն, եւ իմաստ չունի հույսը դնել նրանց վրա։ Ամեն դեպքում, եւս մեկ անգամ պարզ դարձավ, որ չկա էդպիսի բան, արդարությունը շատ հեռու գաղափար է բոլոր երկրներից, այլապես մեծ արձագանք պետք է լիներ այս այլանդակությունների առնչությամբ»։