ՀՀ գլխավոր դատախազություն. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին

ՀՀ գլխավոր դատախազություն. ՄԱԿ-ի  անվտանգության խորհրդի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին

Արցախի դեմ Թուրքիայի սանձազերծած պատերազմն արդեն հայ ժողովրդի՝ 130 տարի ձգվող (հայկական հարցի միջազգայնացումից ի վեր) ցեղասպանությունների շարքից էր եւ համարժեք 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը: Չկրելով որեւէ պատասխանատվություն նախորդ ցեղասպանությունների համար՝ Թուրքիան եւ նրան սատարող պետությունները մինչ օրս շարունակում են իրենց ոճրագործությունները: Ցավալին ու զավեշտալին այն է, որ այդ՝ սատարող պետություններից որոշները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են:

Էլ ավելի զավեշտալի է, որ Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչող համաշխարհային հանրությունը չի նկատում, որ տարբեր ժամանակներում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի իրավասություններ ստացած 26 պետություններից 9-ը հիմնադրվել են 20-րդ դարում: Արցախը ԽՍՀՄ-ից իր անկախությունը հռչակել է 1991 թվականին՝ առանց Հայաստանի Հանրապետության միջամտության:

Այսպիսով, համաշխարհային հանրությունը՝ «ժպիտը դեմքին, դավաճանել է» (արտահայտության հեղինակը Թետչերն է) իր իսկ կողմից հայտարարված համամարդկային արժեքներին, իր իսկ հռչակած սկզբունքներին: Նրանք կազմակերպված հանցագործություն են կատարել՝ Արցախի հիմնախնդիրն առանձնացնելով դարից ավելի ձգվող միեւնույն շղթայի հանցագործությունների շարքից՝ այդպիսով արդարացնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի նկրտումները: Նրանք, կիրառելով երկակի ստանդարտ, չեն համաձայնել Արցախի հայերի կողմից հռչակված անկախությանը, մինչդեռ բազմաթիվ դեպքերում, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ պետությունների դեպքում, ողջունել են նրանց անկախությունը:

Անվտանգության խորհուրդը՝
1. պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության եւ անվտանգության համար
2. առաջատար դեր է խաղում խաղաղության սպառնալիքի առկայության կամ ագրեսիայի ակտի բացահայտման գործում
3. կոնֆլիկտի կողմերին կոչ է անում այն կարգավորել խաղաղ ճանապարհով, առաջարկում է կարգավորման մեթոդներ կամ պայմաններ
4. կարող է դիմել պատժամիջոցների կամ թույլատրել ուժի կիրառում՝ միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման կամ վերականգնման նպատակով:

Անվտանգության խորհրդի նշված հիմնական գործառույթներից ոչ մեկը պատշաճ չի իրականացվել Արցախի հիմնախնդրի կարգավորման գործում, ինչով վտանգվել են միջազգային խաղաղությունը եւ անվտանգությունը: Թուրքիան եւ իրեն սատարող պետությունները ձեռնամուխ են եղել աշխարհի քաղաքական քարտեզի վերաձեւմանը, ինչը մեծ սպառնալիք է միջազգային խաղաղության եւ անվտանգության համար: Անվտանգության խորհրդի որոշ անդամներ բավարարվում են Թուրքիային բարեհամբույր նկատողություններ անելով, ինչին ի պատասխան՝ վերջինս նրանց հասցեին հնչեցնում է իրական սպառնալիքներ, իրականացնում ռազմական գործողություններ՝ կիրառելով քիմիական եւ այլ արգելված զենքեր, խախտում միջազգային իրավունքի նորմերը Միջերկրական ծովում եւ Կիպրոսում, նպաստում է Հարավային Կովկասում սովորական սպառազինությունների հավասարակշռությունը խախտելուն:

Հետեւաբար, անհետաձգելի կարող է դիտարկվել ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործ հարուցելը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նկատմամբ՝ նրա հանցավոր գործողությունների կամ անգործության հատկանիշներով: 

ՀԳ1. Քրեադատավարական պրակտիկայում երբեմն եղել են դեպքեր, երբ նախաքննության ընթացքում փորձելով մեղմել հանցագործների պատասխանատվությունը, օրինակ, խմբային հանցագործությունները տրոհել են առանձին գործերի, գործից դուրս են բերվել ծանրացուցիչ այլ հանգամանքներ՝ նպաստելով, որ հանցագործները խուսափեն արժանի պատժից: Սա կոռուպցիա է: Հետեւաբար, հայ ժողովրդի նկատմամբ համաշխարհային հանրության, այս դեպքում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի գործողություններում կարող են առկա լինել նաեւ միջազգային կոռուպցիայի հատկանիշներ: Բացի խնդրո առարկայից, օրինակ, ինչպես հասկանալ, որ քիմիական զենքի առկայության կասկածանքով կախաղան է հանվում Սադամ Հուսեյնը, NATO-ի զորքեր են մտցվում Սիրիա, իսկ Թուրքիայի պարագայում՝ ահաբեկիչների եւ քիմիական զենքի գործադրումը համապատասխան արձագանքի չի արժանանում:

ՀԳ2․ Կարծում եմ, որ առանձին քրեական գործի առարկա կարող է լինել արցախյան պատերազմում NATO-ի մասնակցության չափի բացահայտումը:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր