Ինչպես են ազատվել դատավոր Ռուբեն Ներսիսյանից

Այսօր ԲԴԽ-ն հաղորդեց, որ դադարեցրել են Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի լիազորությունները։ Պարզվեց, որ դատարանի նախագահն է դիմել ԲԴԽ՝
Ներսիսյանի լիազորությունները, առողջական խնդիրների պատճառով դադարեցնելու համար։ Ապա մենք կապվեցինք Ներսիսյանի հետ եւ նա ասաց, որ այո՝ առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են հետագա պաշտոնավարման հետ, ինքն է դիմել։
Սակայն, «Հրապարակ»-ին հավաստի տեղեկություններ են հասել, որ Ռուբեն Ներսիսյանը հարկադրված է եղել դիմում գրել։ Բարձրագույն դատական խորհուրդը՝ հին դատավորներից ազատվելու գործընթացի շրջանակներում շարունակում է ստվերային «վեթինգ» իրականացնել եւ ազատվել փորձառու դատավորներից։ Իսկ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նաեւ անձնական խնդիրներ է ունեցել Ներսիսյանի հետ։
Իշխանությունը նման որոշում կայացրել է հատկապես Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո՝ երբ Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը ընդդիմադիր կեցվածք է որդեգրել եւ քննադատել իրենց։ Նրա փեսային՝ Ռուբեն Ներսիսյանին հեռացնելու որոշումն այդ ժամանակ էլ հասունացել է։
Մեկ այլ տեղեկությունով՝ Ներսիսյանից ազատվելու պլանը մշակվել է արդարդատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ․ նախարարությունում դատավորի դեմ կարգապահական վարույթ են հարուցել, որը, ըստ սցենարի, ԲԴԽ-ն քննելու էր եւ դրան հիման վրա դադարեցներ Ներսիսյանի լիազորությունները։ Վերջինս իմացել է այս ծրագրի մասին եւ ինքնակամ հրաժարականի դիմում ներկայացրել՝ մատնանշելով առողջական խնդիրները։
Նշենք, որ Ռուբեն Ներսիսյանը դատավոր է աշխատում 1996 թվականից սկսած։
Կարծիքներ