Փաշինյան-Ալիեւ, թե Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպում․ որն է ավելի կարեւոր

Փաշինյան-Ալիեւ, թե Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպում․ որն է ավելի կարեւոր

 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո, երբ պատերազմն ինչ-որ իմաստով պարտադրեց, որ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն ակտիվանա, որքանով դա հնարավոր էր այն ժամանակ, պարզ դարձավ, որ կարգավորման բանակցային հարթակը, որը համարվում էր այն ժամանակ եզակի հարթակներից մեկը, որտեղ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները համախոհության մթնոլորտում աշխատում էին, եւս հայտնվել է գլոբալ աշխարհաքաղաքական վերադասավորումների փուլում։ Այդ տարվա մեջ նախ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մասնակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների կողմից կազմակերպված քննարկմանը, ապա նույն տարվա հունիսի 20-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեցին արդեն Սանկտ Պետերբուրգում։ 

Ու կարծես թե ձեւավորվեց ավանդույթ, եւ հանդիպումները տեղի էին ունենում փոխեփոխ հաջորդականությամբ։ Ընդ որում, եթե, օրինակ, Վիեննայի հանդիպումը գնահատվեց որպես Արեւմուտքի հովանու ներքո կազմակերպված հանդիպում, ապա հաջորդիվ ռուսական հովանու ներքո կազմակերպվեց սանկտպետերբուրգյան հանդիպումը։ 

Չենք անդրադառնա, թե ինչ տվեցին այս երկու հանդիպումները բանակցային գործընթացին, կամ որոնք էին կոնկրետ այդ հանդիպումներից ամեն մեկի արձանագրած արդյունքները։ Խնդիրը փաստելն է, որ ինչպես 2016 թվականին, ղարաբաղյան կարգավորման բանակցային հարթակ ներխուժեց աշխարհաքաղաքականությունը կամ, ավելի կոնկրետ՝ աշխարհաքաղաքական ուժային հակադիր բեւեռների՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի մրցակցային պայքարը՝ հանուն «Կովկասի խաղաղարարի» կոչման։ Այսօր էլ, երբ աշխարհաքաղաքականությունը շատ ավելի բարդացել է, մրցակցությունը Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ ավելի սրվել է, այդ պայքարի շրջանակը շարունակում է տարածվել նաեւ ղարաբաղյան հարցի կարգավորման վրա։ Ու այս համատեքստում, կարելի է ասել, որ Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը չի լինի այս տարվա՝ նշված ֆորմատով վերջին հանդիպումը։ Պարզ է, որ բրյուսելյան հանդիպմանը կհաջորդի մեկ այլ հանդիպում՝ Սոչիում, որը, ինչպես 16 թվականի պետերբուրգյան հանդիպումը, իհարկե, կհիմնվի դրան նախորդած՝ Արեւմուտքի հովանու ներքո կազմակերպված հանդիպման արդյունքների վրա։

Հատկապես, եթե այդ արդյունքները «վավերացված են» համանախագահների կողմից, սակայն իր «յուրահատուկ էլեմենտը» կներդնի, որով կփաստի ռուսական ջանքերի «առաջնայնությունն» ու «անփոխարինելիությունը» ղարաբաղյան կարգավորման հարցում, հատկապես որ հիմա իրավիճակը բոլորովին այլ է, եւ ռուսական դիրքերն այս հարցում չափազանց ամրապնդված են։ 
Սակայն կա այս ամենի հետ կապված երկրորդ տարբերակը եւս։ Նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ կողմերը մի այնպիսի ընդհանուր հայտարարի կգան արդեն եղած՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտնի հայտարարությունների շրջանակներում, որով ինքնին բրյուսելյան հանդիպումը կարող է բովանդակազուրկ դառնալ՝ զուտ ֆորմալ «հանդիպում` հանուն հանդիպման»։ Եվ դրանով ավելացնելով ռուսական կողմի դիվանագիտական դիվիդենտներն ու քաղաքական կապիտալը, ռուսների կողմից այնքան էլ բարեհաճորեն չընդունվող Արեւելյան գործընկերությանը կզրկեն իրենց քաղաքական առավելությունից, որը կարող էր ստանալ, եթե ինչ-որ արդյունքների հանգեին կողմերը Բրյուսելում՝ Արեւմուտքի հովանու ներքո։ Սրանով իսկ Ռուսաստանը կկարողանա արդեն նշված «Կովկասի խաղաղարարի» դափնեպսակի համար մրցապայքարում մեկ քայլ առաջ անցնել «մրցակից ֆիրմայից»։ 

Կարեն Ենգիբարյան