2-3 օրից պարետատան որոշումը կլինի

2-3 օրից պարետատան որոշումը կլինի

Պարետատնից ոչ պաշտոնապես խոստացել էին, որ ապրիլի 20-ից հանելու են տնտեսական մի շարք գործունեությունների համար սահմանված սահմանափակումները, և, օրինակ, հագուստի, տնտեսական ապրանքների խանութները կսկսեն արդեն աշխատել։ Ի վերջո, անտրամաբանական է, մի շարք ոլորտների թույլատրում են աշխատել, իսկ տրանսպորտի աշխատանքն արգելում։ Հագուստ, տեքստիլ արտադրողներին թույլատրում են, շոր ու կոշիկ վաճառողներին՝ արգելում։ Երեկ փորձեցինք կառավարությունից պարզել՝ ի՞նչ որոշում ունեն այս մասով։ «Այս պահի դրությամբ որոշում կա, առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում կլինի այդ մասով պարետի որոշումը և gov.am-ում կտեղադրվի»,-ասացին մեզ կառավարությունից։

Խոսքը ամենայն հավանականությամբ որոշ արգելքներ հանելու մասին է, որը կհրապարակվի մոտ օրերս։ Նկատենք, որ պարետի սահմանած որոշումներն այսօր մեծ հաշվով չեն կատարվում՝ ոստիկանությունն անիմաստ գործով է զբաղված, երբ մարդկանց ու մեքենաներին կանգնեցնում իբրև թե թերթիկ են ստուգում, մարդիկ էլ վերադարձել են իրենց բնականոն կյանքին՝ տներից ազատ դուրս են գալիս, հավաքվում իրար գլխի, անգամ խնջույքներ են կազմակերպում։