Թափանցիկության եւ մասնակցության բացակայությունը

Թափանցիկությունն ու մասնակցությունն այն բնագավառներն էին, որոնք ապահովում էին հասարակական կազմակերպությունների կողմից նախկինների իշխանության քննադատության ահռելի բաժինը: Դա ասում եմ որպես այդ ոլորտում 17 տարի աշխատանքի փորձառություն ունեցող անձնավորություն: Պարբերաբար, կարելի է ասել՝ նույնիսկ տարեկան կտրվածքով, վերլուծություններ էին կատարվում ու հրապարակվում այդ հարցում գործող իշխանության բացթողումների ու թերությունների մասին: Միաժամանակ, հանրապետության տարբեր մարզերում հավաքագրվում էին երիտասարդ ակտիվիստներ, ովքեր պատրաստ էին անձնական մասնակցություն ունենալ տեղական կառավարման գործում: Իսկ մասնակցությունը ենթադրում էր իշխանությունների գործունեության թափանցիկության ապահովումը կամ դրա պահանջի բարձրաձայնումը հենց նույն ակտիվիստների կողմից:
Ժողովրդավարության զարգացման առումով այդ գործընթացը դիտվում էր որպես լավագույն դպրոց: Դրա համար արևմտյան դրամաշնորհատուների կողմից պարբերաբար դրամաշնորհներ էին տրամադրվում: Լավագույները պարգևատրվում էին, նույն դրամաշնորհների հաշվին, փորձի փոխանակության նպատակով արևելյաեվրոպական երկրներ այցելություններով: Կարծում եմ, որ նաև այդ երիտասարդների շնորհիվ 2018-ի ապրիլին Նիկոլի առաջնորդած շարժումը ծավալվեց մարզերում:
Այսօր, այդ բոլոր իրադարձությունների միջով անցնելուց հետո հասկանալի է, որ այդ ուղին ընտրվել էր ՀՀ երրորդ նախագահի կողմից: Ու արևմտյան կառավարություններն էլ ուժերի ներածին ճափով նպաստում էին դրա իրականացմանը: Ուրիշ հարց, որ Սերժ Սարգսյանը չէր պատկերացնում, որ ժողովրդավարացման բոլոր այդ խաղերը մի օր ջարդվելու են իր գլխին: Իսկ այնուհետև իր ղեկավարած պետության գլխին: Բայց, ինչպես միշտ է լինում, չիմանալը չի նշանակում, թե մարդ կարող է խուսափել հետևանքներից: Հատկապես որ այն ամենն, ինչ ներքաղաքական կյանքում արվում էր իր նախագահության օրոք, պետք է տրամաբանական ավարտ ունենար իրեն իշխանությունից զրկելու տեսքով: Եվ այնպես չէ, որ դա առաջին անգամ կիրառվում էր մեր երկրում: Դա կիրառվել էր Վրաստանում և Ուկրաինայում, իսկ արդյունքը երևաց 2003-ին (առաջինում), և 2004-ին ու 2014-ին՝ երկրորդում:
Ի դեպ, Վրաստանում 2008-ի օգոստոսյան վրաց-օսական (որ սահուն վերածվեց ռուս-վրացականի) հնգօրյա պատերազմի պարտությունից 5 տարի անց կարողացան ազատվել նույն քաղաքականությունն իրականացնող Սահակաշվիլուց: Իսկ այս տարի ընդունեցին այնպիսի օրենք, որը թույլ կտա վերահսկողություն սահմանել հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման ու ըստ այդմ՝ նմանատիպ գործունեության վրա: Ու հենց այդ պատճառով է, որ արևմտյան երկրները «սրբազան» պատերազմ են հայտարարել վրացական իշխանությանը: Ու արդեն խոսում են Եվրամիության անդամության խնդիրը մեջտեղից հանելու մասին: Ու դրա առաջին ազդակը տրվեց վրաց-ամերիկյան զորավարժությունների և եվրամիության օգնության չեղարկումների եղանակով:
Ասվածի համատեքստում դիտարկենք Հայաստանի «մեծարգո վարչապետի» գործունեությունը: Վերջինս զրոյացրել է թափանցիկության ասպեկտը պետական կառավարման բնագավառում: Դրա համար բավարար է ընդամենը շաբաթական կտրվածքով կառավարության նիստերի օրակարգը դիտարկելը: Ինչն արվում է այն անձի կողմից, ով նախկինների ժամանակ ամեն հինգշաբթի բողոքում էր այդ ավանդույթից: Բայց ինչպես մնացած բոլոր հարցերում, այս հարցում ևս վարչապետի աթոռից կառչած անձի գործունեությունը փոփոխության ենթակա չէ: Փոփոխության ենթակա կարող է լինել միայն պաշտոնից կառչած լինելու հանգամանքը:
Ենթադրում եմ, որ նույն վիճակը պետք է տիրի տեղական ինքնակառավարման ոլորտում՝ հաշվի առնելով դրանցում ընտրությունների արդյունքների՝ տարբեր եղանակներով չեղարկումների շղթան: Բայց ոնց որ թե այդ առումով չի լսվում նախկինում ակտիվորեն գործող հասարակական կազմակերպությունների ձայնը: Ենթադրում եմ, որ այդ հարցի առումով ևս արդեն առկա չեն դրամաշնորհներ: Քանի որ «ժողովրդավարության փայլուն աստղ» երկրում նման հարցերը, բնականաբար, դադարել են լինել առաջնային: Եվ դա կշարունակվի այնքան ժամանակ, որքան Հայաստանը կապահովի ռուսական «սապոգը» մեր հայրենիքից դուրս բերելու՝ արևմտյան հանձնարարությունը: Եվ այդ առումով կարդարացնի Արևմուտքում իր նկատմամբ առկա վստահությունը:
Նախկինների օրոք ակտիվորեն կիրառվող թափանցիկությունն ու մասնակցությունն այսօր փոխարինված են ներքաղաքական կյանքի բոլոր բնագավառներում ԱԱԾ-ի, ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի և պետական այլ կառույցների մասնակցությամբ: Հունիսի 12-ին բոլորս ականատես եղանք ոստիկանության մասնակցության դրվագներին: Իսկ, օրինակ, վերջերս նման մասնակցությքւն, այն էլ՝ ոչ այդքան հանրայնորեն, տեղի է ունեցել ՊԵԿ-ի առումով: Հիշեցնե, որ մի քանի շաբաթ առաջ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի տիկնոջ կողմից ավելի քան հարյուր խոշոր գործարարի նամակ էր հղվել մի քանի տասնյակ միլիոն դրամի նվիրատվության ակնկալիքով: Դա կատարվել էր «Իմ քայլը» հիմնադրամի անունից, որի տնօրենն է տիկին Աննան: «Խնդրանքը», բնականաբար, վերաբերում էր հիմնադրամի բարեգործական ծրագրերին աջակցելուն: Թե ինչու այդ երևույթը՝ երբ նման նվիրատվությունը ճանաչվում է որպես ծախս, օրենսդրորեն չի ամրապնդվում՝ հասկանալի չէ:
Տիկին Աննայի ակնկալիքները չարդարացրած գործարարների նկատմամբ, ինչպես հայտնի է դարձել «Ազգային ճակատ» (ԱՃ) տելեգրամյան ալիքին, ՊԵԿ-ի կողմից «դաստիարակչական» աշխատանք է կատարվել: Այդ գործարարներին պատկանող ձեռնարկություններում, ըստ ԱՃ հաղորդագրության, ՊԵԿ-ն իրականացրել է արտահերթ «ուսումնասիրություններ»: Իսկ դրանցից մեկում պատասխանատու պաշտոններ զբաղեցնողներին բերման են ենթարկել դիմակավորված անձանց միջոցով՝ առանց որևէ բացատրության ու արժանապատվության կոպիտ ոտնահարմամբ։ Ինչը, կարծում եմ, բնական գործընթաց է, քանի որ եթե նախկինների օրոք ակտիվիստները, ենթադրաբար, կարող էին ինչ-ինչ պահանջներ ունենալ, ասենք, նույն ՊԵԿ-ից, ապա իրենց իշխանության գալու հանգամանքով պայմանավորված՝ այժմ ՊԵԿ-ի հերթն է ինչ-ինչ պահանջներ ունենալը: Չէ՞ որ այդպես է ակնկալվում «ժողովրդավարության բաստիոնի» պարագայում:
Կարծիքներ