Թիվ 92 մանկապարտեզում չքայլող երեխաներին գոտիներով կապել են․ լուսանկարներ

Թիվ 92 մանկապարտեզում չքայլող երեխաներին գոտիներով կապել են․ լուսանկարներ

Այսօր համացանցում հայտնվել էր թիվ 92 մանկապարտեզում գոտիներով կապված երեխաների լուսանկարները։ Դրա վերաբերյալ նաեւ գրառում էր եղել․ «Միշտ եմ խորապես մտահոգված եղել մեր հանրապետության կրթական հաստատություններում երեխաների հետ կիրառվող դաստիարակչական մոտեցումների հարցով,սակայն որ այդ մոտեցումները կարող են վերածվել ֆիզիկական բռնության եւ ակնհայտորեն կիրառվեն առանց պատասխանատվության որեւէ զգացման, որ դրանք կիրառվեն նախադպրոցական տարիքի երեխաների հետ, այն էլ մասնագիտացված Նախադպրոցական ուսումնական հաստատությունում, կարծում եմ սա արդեն չափից ավելի է»,-գրել էր լուսանկարը հրապարակող օգտատերը։

«Հրապարակ»-ը կապվեց մանկապարտեզի տնօրեն Կարինե Հարությունյանի հետ՝ պարզաբանում ստանալու համար։ Վերջինս նշեց, որ դրանք աթոռներ են՝ նախատեսված քայլելու խնդիրներ ունեցող երեխաների համար․ «Մեզ դա տրամադրել է «Արբես» բժշկական կենտրոնը, որոնք նախատեսված են հենաշարժողական խնդիրներ ունեցող բալիկների ճիշտ նստելու համար։ Ծնողները բերում են նրանց, սայլակները թողնում են միջանցքում, եւ նստում են այս աթոռների վրա, իհարկե, անպայման դաստիարակների ներկայությամբ»։

Կարինե Հարությունյանի խոսքով՝ գոտիները կպած են այդ աթոռներին, ոչ թե առանձին, դրանցով երեխաները կապվում են։

Տնօրենը նաեւ նշեց, որ իրենք պարբերաբար ունենում են այցելություններ, այդ թվում՝ արտասահմանից, եւ բոլորը հիացած հեռանում են։

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ղեկավար Սուսաննա Թադեւոսյանը , որը զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ, մեզ հետ զրույցում, անդրադառնալով տնօրենի պնդումներին՝ նշեց, որ վերջինս սխալ է, հենաշարժողական խնդիր ունեցող երեխաների համար նախատեսված աթոռներ կան եւ սրանք այդպիսին չեն․ «Տնօրենը բոլորովին սխալ է․ ճիշտ դիրքավորելու համար հատուկ աթոռներ կան, էս աթոռի վրա երեխուն կապելը, իսկապես սա խայտառակություն է, ես էսպիսի բան կյանքում չեմ տեսել, սա երեխայի նկատմամբ բռնության դրսեւորման ձեւ է։  Ճիշտ աթոռ պետք է  լինի, գոտիներով կապում են, որ ի՞նչ, ինքը աթոռի հետ վայր է ընկնելու։ Ես էս մանկապարտեզի դեմ բողոքողներից եմ եղել, երեխան կամ խմբում է, կամ մեկուսացված։ Իրենք երեխային կապել են իրենց հանգստության համար»։