Հերթական կռվող սյունեցուն կալանավորեցին․ Սյունիքն անպաշտպան դարձնելու ծրագիրը շարունակվում է

Հերթական կռվող սյունեցուն կալանավորեցին․ Սյունիքն անպաշտպան դարձնելու ծրագիրը շարունակվում է

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը երեկ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթի՝ Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորման որոշում է կայացրել՝ բավարարելով դատախազության բողոքը: «Վճռաբեկ դատարանը մասամբ բավարարել էր ստորադաս դատարանների կողմից Ա. Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու որոշումների դեմ ներկայացված դատախազության բողոքը եւ ուղարկել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Առաջին ատյանի դատարանը քննության էր առել միջնորդությունը եւ մերժելու մասին որոշում կայացրել: Դրա դեմ Գխավոր դատախազությունը ներկայացրել էր վերաքննիչ բողոք, որն էլ այս որոշմամբ բավարարվել է, եւ կայացվել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում»,- մեզ հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Մինասյանը մեղադրվում է իշխանության յուրացում եւ պետական գործչի սպանություն նախապատրաստելու (խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է), ինչպես նաեւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Գործը հարուցվել է 2020-ի նոյեմբերին, որի շրջանակում, բացի Աշոտ Մինասյանից, մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ ՀՅԴ անդամ, արվեստագետ Աշոտ Ավագյանը։ Այն ժամանակ դատարանները դեռ որոշակիորեն անկախ էին եւ մերժեցին այս բոլոր անձանց նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունները, իսկ ձերբակալությունները ճանաչվեցին անօրինական։ Այն ժամանակ նաեւ պարզվեց, որ մեղադրանքները սին են, իսկ գաղտնալսման ձայնագրությունները, որոնք հրապարակվում էին, որպեսզի հանրությանը համոզեն, որ իսկապես մահափորձ է ծրագրվել վարչապետի նկատմամբ, պարզվեց՝ մոնտաժված են, տարբեր խոսակցությունների կտորներ կտրել-կցմցել էին, որպեսզի անհրաժեշտ տպավորություն ստեղծվի։

Երեկվա կալանքի սանկցիան հուշում էր, որ, նախ՝ դատարաններն արդեն հակված են կատարելու իշխանության կամքը, ապա՝ մյուս մեղադրյալների մասով եւս կարող են նման գործընթացներ ընթանալ, ուստի գործով անցնող մյուս անձանց պաշտպաններից հետաքրքրվեցինք, թե ինչ վիճակում է գործի քննությունը։
 
Մյուս մեղադրյալների մասով ինչ պրոցեսներ են ընթանում

Վահրամ Բաղդասարյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախաքննությունն ընթանում է մեկ տարի․ «Վահրամ Բաղդասարյանի հետ որեւէ դատավարական գործողություն չի կատարվել։ Մյուս կողմից, ներկայացված բողոքները՝ խափանման միջոցի վերաբերյալ, համապատասխան ատյանների կողմից մերժվել են։ Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան, վերաքննիչի որոշումն էլ գլխավոր դատախազի կողմից բողոքարկվել է վճռաբեկ դատարան․ բոլոր բողոքները մերժվել են, իսկ վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել բողոքը։ Խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, նոր բան չունենք մենք»։

Փաստաբանի խոսքով՝ ողջ 2021 թվականի ընթացքում Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել, հայտնի էլ չէ, թե երբ նախաքննությունը կավարտվի․ «Մենք միջնորդություն ենք ներկայացրել դրա վերաբերյալ, պատճառաբանում են, որ քննությունն ընթանում է, դատավարական գործողություններն ընթացքի մեջ են, մեզ համար դա տեսանելի չէ։ Հիշեցնեմ, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, մերժվել է ստորադաս եւ վերաքննիչ դատարանների կողմից՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, ինչը նշանակում է, որ մեղադրանքի կողմը չի ունեցել եւ չունի որեւէ փաստ, ապացույցներ, տեղեկություններ, որ Վահրամ Բաղդասարյանն առնչություն ունի  իրեն վերագրվող ենթադրյալ արարքի հետ»։

Մյուս մեղադրյալը՝ սիսիանցի Աշոտ Ավագյանը նշեց, որ մեկ տարվա ընթացքում իր նկատմամբ եւս որեւէ քննչական գործողություն չի իրականացվել․ «Կարծես թե գործը երկու մասի են բաժանել, մեր՝ Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ իմ մասով, որեւէ մեկիս չեն կանչել, մնացել է զենքի մասը, իբր Աշոտը զենք է հավաքել, ինչքան հասկացա՝ այդպես է»։ Ավագյանը, սակայն, կարծում է, որ հնարավոր է՝ իրենց նկատմամբ եւս նույն «պատմությունը սկսեն»․ «Մի օր էլ մեզ կկանչեն երեւի»։

Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանից փորձեցինք ճշտել, թե արդյոք այժմ է՞լ են իր պաշտպանյալին մեղադրում իշխանությունը յուրացնելու եւ պետական գործչի սպանություն նախապատրաստելու, ինչպես նաեւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու մեջ։ Ասաց՝ այո, մեղադրանքը դա է, սակայն նա կալանավորվել է զինամթերք ձեռք բերելու, պահելու համար, մնացած հոդվածերն անհիմն են։

ՀԳ․ Այսինքն՝ բոլոր պատերազմներին մասնակցած հերոս ազատամարտիկին, որն Արցախում առաջին իսկ կրակոցներից հետո զորակոչ է հայտարարում եւ իր ջոկատով մեկնում ռազմի դաշտ՝ հայրենիքը պաշտպանելու, մեղադրում են զենք-զինամթերք ունենալու մեջ եւ դրա համար կալանավորում։ Կարելի է կարծել, թե այս գործը հարուցել է ոչ թե ՀՀ դատախազությունը, այլ՝ Ադրբեջանի, որը մեր բոլոր հերոսներին պատերազմի հանցագործներ է կոչում։ Ընդամենը արձանագրենք, որ Սյունիքի գլխին կախված վտանգի պայմաններում հերթական կռվող սյունեցին է բանտարկվում։