«Հրապարակ». Պարսից ծոցից՝ Սեւ ծով

«Հրապարակ». Պարսից ծոցից՝ Սեւ ծով

Հասան Ռոհանիի այցը Հայաստան` ԱՄՆ-Իրան վերջին լարվածության ֆոնին, փորձագետները գնահատում են խիստ նշանային: Ի դեպ, մեր տեղեկություններով` իրանական կողմը դժգոհ է Իսրայելում ՀՀ դեսպանություն բացելու մեր կառավարության որոշումից: Իր հերթին էլ Իրանի առաջնորդները չեն այցելում Եղեռնի հուշարձան, որպեսզի չխաթարվեն Թուրքիայի հետ հարաբերությունները։ Նման այց նրանց օրակարգում, որպես կանոն, չի ներառվում, բացառությամբ Մահմուդ Ահմադինեժադի, որը պետք է այցելեր, սակայն վերջին պահին չեղարկեց այն: «Սա Ռոհանիի երկրորդ այցն է, առաջին այցի ժամանակ, այո, նա չայցելեց Եղեռնի հուշարձան, իսկ այս անգամ Հայաստան է եկել Եվրասիական համաժողովի շրջանակներում։

Բոլոր դեպքերում, Իրանի հետ մենք ունենք շատ հարուստ օրակարգ․ իրանական կողմը հատկապես կարեւորում է Հայաստանը որպես Պարսից ծոցը Սեւ ծովին կապող օղակ, հայկական կողմն էլ կարեւորում է Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը»,- արձանագրեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը, սակայն, դոփում է տեղում. երրորդ բարձր էլեկտրավոլտը պետք է շահագործվեր 2019-ին, հայտարարվեց` կլինի 2020-ին, ընդ որում հայտնի չէ՝ կլինի՞, թե՞ ոչ։ «Պատճառն Իրանի նկատմամբ պատժամիջոցներն են, հիշենք` գործընթացը ֆինանսավորում է Իրանը»: Պատժամիջոցները, չնայած Բոլթոնի հեռացմանը, առաջիկայում ավելի կուժգնանան, Եվրամիությունը եւս միացավ նոր սանկցիաներին։ Ի դեպ, Բոլթոնը Հայաստանում հայտարարել էր՝ պետք է փակել Իրանի հետ սահմանը։ «Գիտեք, անգամ ԱՄՆ-ում հասկացան, որ Բոլթոնի քաղաքական ուղեգիծն անարդյունավետ է եւ միտված է Իրանի ներսում վարչակարգի փոփոխմանը, ինչն անհնար էր»: