Ամենամռայլ կանխատեսումները, կարծես թե, արդարանում են

Ամենամռայլ կանխատեսումները, կարծես թե, արդարանում են

Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի շուրջ քաղաքական կոնսոլիդացիայի մասին խոսելով՝ մի քանի օր առաջ այն միտքն էի արտահայտել, թե հնարավոր է՝ գործ ունենք ավելի խորքային զարգացումների հետ: Զգուշորեն ակնարկել էի, որ Ստեփանակերտում ոմանք պաշտոնաթող գեներալ Վյաչեսլավ Հյուսնունցի «Հզոր միասնական հայրենիք» եւ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունների միջեւ ոչ միայն անվանման նմանություն են տեսնում:

Ասվածի իմաստն այն էր,  որ եթե Հյուսնունցի «Հզոր միասնական հայրենիքը»միանում է Մայիլյանի քարոզչությանը, ապա տեսանելի ապագայում հնարավոր է նաեւ Սամվել-Բաբայան-Մասիս Մայիլյան միավորում: Անցած կիրակին բացահայտեց, որ Բաբայան-Մայիլյան քաղաքական քննարկումներ ընթացել են տեւական ժամանակ: Ըստ երեւույթին՝ միջնորդավորված: Բայց տեխնիկական խնդիրների վրա սեւեռվելու հարկ չկա: Քաղաքականությունը հետաքրքիր է ոչ թե երկրորդ-երրորդ կարգի դերակատարներով, այլ՝ առաջնաբեմից հնչեցված որոշումներով:

Փետրվարի 9-ին Սամվել Բաբայանը հայտարարել է, որ նախագահական ընտրապայքարում սատարում է Մասիս Մայիլյանին: Դրանով, կարելի է ասել, փակվում է բանավեճը, թե նախագահի թեկնածուներից ո՞վ է մարմնավորում Արցախում քաղաքական եւ սոցիալ-տնտեսական, նույնիսկ՝ քաղաքակրթական նորացումը: Եթե մինչ այդ իշխող տպավորությունն այն էր, որ «նոր Արցախի» խորհրդանիշը Մասիս Մայիլյանն է, ապա Սամվել Բաբայանի խարիզմատիկ հովանավորությունն ընդունելով՝ նա այլեւս  վերածվում է քաղաքական ռետրո-գործչի, նրա քարոզարշավը՝ պարզ դեժավյուի: Սամվել Բաբայանին եւ Մասիս Մայիլյանին կարող է միավորել միայն անցյալը: Ավելի ճիշտ՝ անցյալը վերադարձնելու նպատակադրվածությունը: Փետրվարի 9-ին Մասիս Մայիլյանն ինքնուրույն գործչից վերածվեց Սամվել Բաբայանի մոտ նախագահ աշխատելու պատրաստակամություն հայտնած շարքային կարիերիստի:

Ստեփանակերտում արդեն միայն ծույլերն են, որ չեն խոսում Արցախում իշխանությանը տիրանալու Սամվել Բաբայանի ծրագրի մասին: Ըստ այդմ, Մասիս Մայիլյանին վերապահվում է «անգլիական թագուհու» կարգավիճակ, ՊԲ նախկին հրամանատարը նշանակվում է պետական նախարար՝ ունենալով սեփական թիմ ձեւավորելու բացառիկ լիազորություններ, իսկ վերջերս ,,Շարժում 88,, կուսակցությունից ճամբարափոխ եղած Գագիկ Բաղունցը կարգվում է Ազգային ժողովի նախագահ, որպեսզի Արցախում ժողովրդի ներկայացուցչական մարմինը վերջնականապես վերածվի կառավարության կցորդի:Բաբայան-Մայիլյան դաշինքն, ըստ երեւույթին, ունի նաեւ արտաքին ռեժիսորներ: Ովքե՞ր են նրանք եւ ի՞նչ սցենարներ են մշակում՝ առայժմ դժվար է ասել: Փաստ է, սակայն, որ ամենամռայլ կանխատեսումները, որ Արցախի նախագահական ընտրությունները բաժանարար են գծելու, կարծես թե լիովին արդարանում են: