Ռուսներն իրենք են խնդրել ադրբեջանական կողմին, որ հայերին «տեղը դնի»

Ռուսներն իրենք են խնդրել ադրբեջանական կողմին, որ հայերին «տեղը դնի»

«Հրապարակի» զրուցակիցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է:

-Թշնամին Արցախի ուղղությամբ կրակ է բացել, գազատարն են պայթեցրել, կան տեղեկություններ, որ Սյունիքում էլ կուտակումներ են: Սա ի՞նչ է նշանակում:

- Սա կարող է նշանակել երկու բան. նախ՝ կա՛մ արդեն կանխազգալով Ռուսաստանի մոտալուտ անուժ դառնալը՝ թյուրքական կողմը փորձարկում է ռուսների հետ երեք տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածություններից զատ նոր պահանջներ ներկայացնելը ռուսական կողմին՝ դարձյալ ի հաշիվ հայկական շահի, կա՛մ էլ ռուսներն են ինչ-որ բան նկատելով հայկական պալատի կուլիսներում՝ փորձում հերթական զսպաշապիկը հագցնել Հայաստանի իշխանություններին:

-Ռուս խաղաղապահներն ինչո՞ւ չեն միջամտում` Ձեր կարծիքով:

-Կա՛մ վախենում են, որ թյուրքական կողմը, օգտվելով պատեհ առիթից, Ռուսաստանի համար կբացի գլխացավանքի երկրորդ ռազմաճակատ, կա՛մ ռուսներն իրենք են խնդրել ադրբեջանական կողմին, որ հայերին «տեղը դնի»: Ավելի հավանական է երկրորդը, քանի որ Թուրքիայում արտգործնախարարների հավաքից առաջ Հայաստանի ղեկավարն այցելեց ոչ թե Պուտինի հետ կիլոմետրանոց սեղանի ծայրերում նստելու, այլ Ֆրանսիա, որն այսօր Եվրոպայի առաջամարտիկն է:

-Չնայած լարված իրավիճակին, վարչապետը կառավարության նիստի ժամանակ ծիծաղում և կատակներ էր անում, ասես ոչինչ չի պատահել: Ձեր կարծիքով` նա հասկանո՞ւմ է իրավիճակի լրջությունը:

- Հարցն այսպիսի ձևակերպմամբ երևի պատեհ կլիներ ուղղել ոչ թե ինձ նման բանասերին, այլ արհեստավարժ որևէ հոգեբանի կամ հոգեբույժի:

- Ռուս-ուկրաինական հակամարտությունը դեռ շարունակվում է: Հայաստանն ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա այս մասով:

-Հայաստանի, որպես պետության, դիրքորոշումն այս պահին պետք է լինի բացարձակ չեզոքությունը: Այլ բան է, որ քաղաքական համայնքի, ինչպես նաև հասարակության լիարժեք համակրանքը պետք է լիներ բացառապես ուկրաինացիների հանդեպ: Ցավոք, մենք դեռ աշխատող ազգային-պետական համակարգ չենք. ամեն բան խառնափնթոր վիճակում է մեր ազգային-պետական օրգանիզմում:

-Այս պատերազմը, Ձեր կարծիքով, դեռ որքա՞ն կտևի:

-Ռազմական այս աստիճանի թեժ փուլը երևի կավարտվի շաբաթների ընթացքում, սակայն որպես պատերազմ՝ կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է Ռուսաստանի լիակատար անուժացման համար: Այսինքն՝ բավականին երկար է տևելու այս պատերազմը: Ձեր թույլտվությամբ՝ մեկ հավելում. Արևմուտքին հաջողվեց կոնկրետ նպատակի համար միմյանց դեմ հանել երկու գրեթե նույնական ժողովրդի՝ ռուսներին և ուկրաինացիներին, մինչդեռ մեր քաղաքական միտքը երբեք չաշխատեց այլ երկու ոչ այդքան նույնական ժողովրդի՝ թուրքերի և ադրբեջանցիների շահերը միմյանց հակադրելու ուղղությամբ: