Եթե անգամ Եվրամիությունը սանկցիաներ չի կիրառում, ինչպե՞ս կարող է սանկցիաներ կիրառել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը

Եթե անգամ Եվրամիությունը սանկցիաներ չի կիրառում, ինչպե՞ս կարող է սանկցիաներ կիրառել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը

Երեկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը և մերժեց նմանատիպ պահանջով Ադրբեջանի դիմումն` ընդդեմ Հայաստանի։ Հայաստանը միջազգային դատարանից պահանջում էր պարտավորեցնել Ադրբեջանին բացել արդեն ավելի քան 2 ամիս փակված Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել գազի մատակարարումը։ 

Դատարանը բավարարեց Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Հաագայի դատարանը միաձայն մերժեց միջանկյալ միջոց կիրառելու Ադրբեջանի դիմումը, որով Բաքուն պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: Այս մասին «Հրապարակը» զրուցել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:

- Երեկ Հաագայի դատարանն ի նպաստ Հայաստանի որոշում կայացրեց: Այս որոշումը հասարակության տարբեր շերտերի մոտ ոգևորություն է առաջացրել, առաջին հայացքից այն իսկապես ի նպաստ հայերի և Հայաստանի է, բայց կարծիքներ կան, որ որոշումն անթերի չէ: Ձեր գնահատմամբ` ի՞նչ որոշում է կայացվել:

- Այս որոշումը մասնակի է բավարարել Հայաստանի պահանջները: Հայաստանը նաև գազամուղի և էլեկտրամատակարարման հետ կապված պահանջ էր ներկայացրել, սակայն արձանագրենք, որ Հաագայի դատարանը գազատարի և էլեկտրամատակարարման հետ կապված պահանջը չի բավարարել, անբավարար համարելով Հայաստանի կողմից ներկայացված փաստարկները: Առհասարակ մենք իրավաբաններս հաճախ ենք նման քննարկումներ ունենում, հասարակությանը ներկայացնում այն, սակայն սա այն դեպքն է, երբ հարցերին պետք է առավել սթափ նայենք: Ի՞նչ հետևանք կունենա այս որոշումը` հայտնի չէ, կատարվե՞ց արդյոք Եվրոպական դատարանի որոշումը, ոչ: Իհարկե, այն վերաբերում էր որոշակի անձանց տեղաշարժին, սակայն այն ևս չկատարվեց: Իրականում մենք իրավաբաններս շատ հաճախ գերագնահատում ենք միջազգային իրավունքի դերը, որը կարծում եմ` երկրորդական է, եթե համեմատենք ռեալ պոլիտիկի հետ: Չեմ պատկերացնում, որ այս թուղթը կարող է Ադրբեջանին ստիպել կատարել ինչ-որ գործողություններ: Գուցե ինչ-որ քայլեր արվեն, սակայն դրանք կապվելու են այլ երևույթների հետ:

- Եղիշե Կիրակոսյանը երեկ նշեց, որ եթե Ադրբեջանը Լաչինի միջանցքը չբացի, ողջ աշխարհի առաջ կհեղինակազրկվի: Մենք գիտենք, որ Ադրբեջանը բազմիցս շրջանցել է ՄԻԵԴ-ի որոշումները: Ի՞նչ ասել է Ադրբեջանը կհեղինակազրկվի:

- Քանի որ այս հարցի հասցեատերը ես չեմ, չեմ կարող հստակ ասել: Ամեն դեպքում, եթե մեր խնդիրն Ադրբեջանին հեղինակազրկելն է, ապա մենք փայլուն ճանապարհ ենք ընտրել, սակայն եթե այլ խնդիրներ ունենք, ճիշտ կլիներ դրանց մասին մտածել:

- Լաչինի միջանցքը բացելը որքանո՞վ եք իրատեսական համարում: Նշում եք, որ դա կապված է այլ երևույթների հետ: Ինչի՞ մասին է խոսքը:

- Դրանք հայտնի են: Ադրբեջանն ունի հստակ պահանջներ, օրինակ` անցակետի տեղադրում և այլն, և այլն: Ես չեմ ասում, թե Լաչինի միջանցքը չի բացվելու, հույս ունեմ, որ այն իսկապես կբացվի, սակայն ես այն համոզմունքն ունեմ, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքի բացումը չի ներկայացնի որպես Հաագայի որոշման արդյունք, այլ այն կմեկնաբանի իր պահանջների բավարարման ներքո, հատկապես, որ Հայաստանում ու Արցախում կան մարդիկ, որոնք պատրաստ են բավարարել Ադրբեջանի պահանջները:

- Այնուամենայնիվ, եթե Հաագայի որոշումը չկատարվի, Լաչինի միջանցքը չբացվի, ի՞նչ իրավական հետևանքներ կհաջորդեն դրան:

- Իրավական կատեգորիան այն է, որ կարող էր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ուժ կիրառելու հետ կապված որոշում կայացնել, սակայն դա, մեղմ ասած, անիրական է և ոչ իրատեսական:

- Ինչո՞ւ է անիրատեսական և անիրական:

- ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից Ադրբեջանի նկատմամբ որևէ որոշում կայացնելն էլ ավելի անիրատեսական է, քան, օրինակ, Եվրամիության կողմից սանկցիաների կիրառումը: Եվրամիությունն ուղիղ տեքստով հայտարարեց, որ Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառել չի պատրաստվում, եթե անգամ Եվրամիությունը սանկցիաներ չի կիրառում, ինչպե՞ս կարող է սանկցիաներ կիրառել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը: Սա առհասարակ քննարկման ենթակա չէ: