Հնարավոր է 1 ամսից մահանա, 1 օրից, եթե այսպես շարունակվի․ Մանվել Գրիգորյանի առողջականը վատթարացել է

Հնարավոր է 1 ամսից մահանա, 1 օրից, եթե այսպես շարունակվի․ Մանվել Գրիգորյանի առողջականը վատթարացել է

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ  վատացել է, հրավիրվել է բժիշկների բրիգադ։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։

Վերջինիս խոսքով՝ խիստ անհրաժեշտություն կա՝ արտերկիր մեկնելու եւ այնտեղ բուժում ստանալու․ «Բուժող բժիշկներն արձանագրել են որ Հայաստանում հնարավոր չէ արդյունավետ բուժում․ 40-ից ավելի հիվանդություն է, անհրաժեշտություն կա, որ տեղափոխվի եւ բուժումը շարունակի արտերկրում։ Ընդհանուր ինքը գտնվում  է ծանր վիճակում։ Հիվանդանոցում չկա էն բուժումը, որը տնային պայմաններում չեն անում, վերակենդանացման սարքավորումներով գտնվում է դրա տակ։ Ուղղակի խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում հնարավոր չէ բուժել, ես չգիտեմ՝ մեկ ամսից կմահանա, մեկ տարուց, մեկ օրից, եթե այդպես շարունակվի։ Ցանկացած պահի այդ ռիսկայնությունը կա, դա բժիշկներն են արձանագրել»։

Պաշտպանը նաեւ նշեց, որ Գրիգորյանը գիտակից վիճակում է․ «Գիտակցությունը տեղն է, միտքը բավականին պայծառ»։

Նրանք դիմել են առողջապահության նախարարությանը՝ բուժումը արտերկրում շարունակելու համար, սակայն պատասխան չեն տվել․ «Մենք առողջապահության նախարարին դիմել ենք, ցավոք սրտի վերջինս հրաժարվել է պատասխան տալուց՝ պայմանավորված նրանով, որ գործը գտնվում է դատարանում։ Իմ համար դա ակնհայտ անօրինական պատասխան է, որովհետեւ կապ չունի կարգավիճակը»։