Նոր դաշինքի քաղաքական բանաձեւումը

Նոր դաշինքի քաղաքական բանաձեւումը

«Հայրենիք» կուսակցության անդամ, քաղաքագետ Խաչիկ Գալստյանը գրել է.

«HARD POWER+SOFT POWER=SMART POWER
ԿԱՄ ՆՈՐ ԴԱՇԻՆՔԻ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎՈՒՄԸ

Նախօրեին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր հարցազրույցում շատ հարցերի պատասխան տվեց և շատ հստակ ուղերձներ փոխանցեց մեր հասարակությանն ու քաղաքական ուժերին։ Դրանցից անդրադառնամ երեքին․

Ուղերձ N 1. Արթուր Վանեցյանն արձանագրեց պոպուլիզմի և դրա հայկական տեղայնացված տարբերակի՝ նիկոլիզմի քաղաքական վախճանը։ Այո, մի քանի տարի առաջ աշխարհում նկատելի էր պոպուլիզմի հաղթարշավը, երբ պոպուլիստական վարչակարգերն աշխարհի տարբեր մասերում կարողացան իշխանության գալ, բայց բախվելով առաջին իսկ լուրջ ոչ ստանդարտ, ճգնաժամային իրավիճակներին՝ ցույց տվեցին իրենց ցածր արդյունավետությունն ու կառավարչական ոչ կոմպետենտությունը։ Մեր պարագայում համավարակն ու Արցախյան պատերազմն ի ցույց դրեցին փողոցից իշխանության ղեկին հայտնվածների կառավարչական ունակությունների իսպառ բացաակայությունն ու ոչ կոմպետենտությունը, որի համար հայ ժողովուրդը չափազանց թանկ գին վճարեց։ Հենց սրա մասին է խոսում Արթուր Վանեցյանը, արձանագրելով, որ հայ հասարակությունը հոգնել է համատարած ստից, աղմուկ-աղաղակից, անորոշությունների անվերջ շրջապտույտից, իր մաշկի վրա է զգում պոպուլիզմի ողջ կործանարար հետևանքները, որը գրեթե հանգեցրել է պետականության անվերադարձ կորստի։ Հետևաբար, նիկոլիզմի աղտից հայրենիքի ազատագրումն այլընտրանքք չունի։

Ուղերձ N 2. Արձանագրելով մեր պետության և հասարակության առջև ծառացած արդի մարտահրավերներն ու նիկոլիզմից ձերբազատվելու անհրաժեշտությունը՝ Արթուր Վանեցյանը տալիս է «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքի ձևավորման առավել հիմնարար քաղաքական նպատակի պատասխանը։ Շատերն են փորձում այս հարցի պատասխանը ստանալ, քանի որ եթե խնդիրը ապագա պառլամենտում ներկայացվածություն ապահովելն է, ապա երկու կուսակցություններն էլ առանձին-առանձին այդ խնդիրը կարող էին լուծել։ Ըստ իս, այս դաշինքի հիմնարար նպատակը մեր երկու հայկական պետություններին, մեր ազգային արժանապատվությանն ու արժեքներին հասցված մեծ հարվածը, կամ ինչպես Վանեցյանն է ձևակերպում՝ «կորսվածը վերականգնելն ու երազածը ստանալն է»։ Այո, վաղ թե ուշ, բայց հայոց մեծ վերաազատագրում լինելու է, մեր վիրավորված արժանապատվությունն ու ճգնաժամի մեջ հայտնված ազգային ինքնությունը, ազգային, ամուր պետականությունը վերականգնվելու է։ Այս առումով դիպուկ է ընտրված նաև ապագա դաշինքի անվանումը՝ «Պատիվ ունեմ»։

Ուղերձ N 3. Հաջորդիվ Արթուր Վանեցյանն ուրվագծում է ազգային մեծ նպատակներին հասնելու ճանապարհը՝ լայն հանրային, հասարակական-քաղաքական կոնսոլիդացիան, հանուն պետության և ազգային շահի անձնական ամբիցիաներից հրաժարումը, փորձառու և ինտելեկտուալ թիմով «հայոց տան» ներսում և արտաքին սահմաններին խաղաղության, կայունության և համերաշխության հաստատումը։ Եվ հենց Վանեցյանի անձն է, որ այս ճգնաժամային բարդ այս ժամակահատվածում կարող է դառնալ համազգային մեծ կոնսոլիդացիայի հավաքական կերպարը։ Մի խոսքով ուժի և ինտելեկտի համադրությունն է Հայրենիքի փրկության ճանապարհը, որի քաղաքագիտական բանաձևը հետևյալն է՝ HARD POWER+SOFT POWER= SMART POWER»։