Բոլորը քնած են ձևանում, իսկ Հայաստանը հանձնվում է․․․

Իշխանության կողմից ընդամենը մի պարզ գործողություն է կատարվում, որը փորձում ենք մասնագիտական հարթակ բարձրացնել, իսկ նա հենց դա էլ ուզում է։ Մասնագիտական քննարկման թեմա դարձնել Հայոց պատմությունն ու Հայաստանի պատմությունը։ Զբաղվել բառախաղով, որի մեջ ինքը մրցակից չունի և բառախաղերի միջոցով խճճել բուն քաղաքական թեման։ Իսկ որ թեման քաղաքական է և շարունակությունն է իշխանության վարած վեց տարվա քաղաքականության, ակներև է։ Հանձնվել է Արցախը, մասնատվել է Հայաստանը, այսօր հայ ժողովուրդը կանգնած է իր «ոտնատեղն անգամ կորցնելու» վտանգի առաջ։ Կատարվում է թշնամի երկրի բոլոր պահանջները։ Արցախն են ուզում՝ խնդրեմ։ Հայաստանից՝ տարածքներ, մայրուղիներ, գյուղեր, խնդրեմ։ Զանգեզուրն են ուզում՝ խնդրեմ։ Հիմա սուվերեն պետության ինքնավարության կեղծ թեզ է առաջ քաշվում, վաղը դա էլ չի լինի։ Կարևորը գործը սկսելն է։ Իսկ դրա համար բոլոր պայմաններն ապահովված են։ Կյանքի ու մահվան գնով իշխանությունը՝ հանձինս մի մարդու, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմիններն, կառավարման բոլոր բարձրագույն օղակներն «իրենով է արել» , որպեսզի յուրաքանչյուր տեղային խլրտում նրանց միջոցով լռեցնի, նրանց միջոցով խաղաղ հանձնի այն տարածքները, որ թշնամին է ուզում։ Այդպես էլ արվել է։ Սյունիքի տարածքները, մայրուղին, պաշտպանական դիրքերը ինչպե՞ս կարողացավ լռությամբ, առանց մի խլրտոցի հանձնել։ Բոլորը քնա՞ծ էին, թե՞ քնած էին ձևանում։ Իհարկե, քնած էին ձևանում։ Գործի հիմնական, նյութական մասն արված է։
Մնում է իրավական մասը՝ գրանցումը։ Մնում է սահմանադրական արձանագրումն առ այն, որ մենք Արցախ չենք ունեցել, Արցախը Ադրբեջաննին է, որ մենք ցեղասպանության հետ կապված խնդիր չունենք, որ Անկախության հռչակագրին արված հղումը առոչինչ է։ Մնում է արձանագրել, որ հայոց պատմությունը սկսվել է ինչ որ շրջանից, երբ ցեղասպանություն չի եղել, երբ ամեն ինչ արված, վերջացված է եղել։ Դրա համար վեց տարվա մեջ Նիկոլ Փաշինյանն իրենից կախված ամեն ինչ արել է Ադրբեջանի համար․ հիմքը գցել, մնում է պատերը բարձրացնել։ Սա բոլորն են հասկանում, բայց ժողովրդի ձեռքին բան չկա։ Նա ընկել է մի ահռելի սելավի տակ, որին չէր սպասում։ Զանգեզուրի մասի՞ն է խոսքը, կալավանցի մարզպետը տեր է իշխանության հանձնարարականին ու այդպես բոլորը, որոնց նշանակել է այս իշխանությունը՝ զուտ քաղաքական նկատառումով։ Հարկ եղած ժամանակ քնած ձևանալ և արթնանալ միայն այն ժամանակ, երբ ներսում խլրտոց լինի։ Արթնանան ու լռեցնեն աղմկողներին՝ բուռները քաղցր կոնֆետ խոթելով կամ եթե չեն ենթարկվում՝ գործ կարելով ։ Այնպես որ Հայոց պատմությունը ու Հայաստանի պատմությունը վեց տարվա քաղաքականության ամփոփումն է։ Դա այն պատմությունն է, որը երազել էր Ադրբեջանը ու հայի ոգին կոտրել չկարողանալով, ընտրել է պտուղը ներսից փչացնելու ճանապարհը։
Կարծիքներ