Շփման գի՞ծ, թե՞ սահման, սահմանային միջադե՞պ, թե՞ լայնածավալ պատերազմ․ ի՞նչ է կատարվում բանակում

Շփման գի՞ծ, թե՞ սահման, սահմանային միջադե՞պ, թե՞ լայնածավալ պատերազմ․ ի՞նչ է կատարվում բանակում

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի շփման գիծը Ադրբեջանի հետ մեծացավ մի քանի անգամ․ մինչ պատերազմը Արցախն էր սահմանակից Ադրբեջանին, պատերազմից հետո՝ Հայաստանի գրեթե բոլոր մարզերը արտաքին սահմաններ ունեցան։ 2021 թվականի մայիսի 12-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն առաջին անգամ խախտեցին Հայաստանի սուվերեն տարածքն ու օկուպացրին ՀՀ որոշ տարածքներ՝ ամրաշինական աշխատանքներ կատարելով հաստատված հատվածներում, որտեղից էլ հետագայում սողացող պատերազմով պիտի գրավեին նորանոր տարածքներ ու հարձակումներ գործեին հենց ՀՀ բնակավայրերի վրա։ Այդ օրերին մեծ աղմուկ ու վրդովմունք առաջացավ, ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ անհապաղ հարկավոր է ազատել հայկական տարածքները, բանակցեցին, բողոքեցին ու․․․հաշտվեցին կատարվածի հետ։ Հո մի ձյունածածկ սարի համար պատերազմ չե՞նք սկսելու՝ եղավ Փաշինյանի բացատրությունը։

Պարզվեց, որ 2020 թ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը պատերազմի ավարտը չէր, այլ սկիզբն էր՝ սողացող պատերազմը շարունակվում էր եւ պարզվում էր, որ մեր երկրի պաշտպանության համակարգը ոչ միայն լայնածավալ ժամանակակից պատերազմի պատրաստ չէ, այլեւ տարրական սահմանային դիմադրության։ Պարզվեց, որ մեր իշխանությունը որոշել է ոչինչ չանել բանակը վերականգնելու համար, որ կարծում է, թե խաղաղության լոզունգները կփոխարինեն Հակաօդային պաշտպանության համակարգերին, զենքին, սպառազինությանը, խրամատներին ու դիրքային կահավորումներին, սաղավարտներին ու անօդաչուներին։

Որքան էլ, որ մենք աշխատեինք չխոսել այդ մասին, իբրեւ թե որ թշնամին չիմանա, պարբերաբար տեղեկություններ էին սպրդում, որ զինվորներն ապրում են վրաններում, որ այսօրվա դիրքերը դիրքեր անվանել հնարավոր չէ, որովհետև ոչ խրամատներ են փորված, ոչ ապաստարաններ կան, երբեմն վրան էլ չկա՝ պոլիէթիլենով կամ կտորից իրար կցված ու վրան հիշեցնող ինչ-որ ծածկերի տակ են գիշերում մեր զինվորները եւ նրանց ձեռքում հասարակ ավտոմատներ են։ Ի դեպ, ռազմական գործից քիչ թե շատ հասկացող մարդիկ գիտեն, որ նման կացարաններն ամենահեշտ թիրախն են՝ միանգամից մեծ քանակությամբ զինծառայողների ոչնչացնելու համար։

Հանրությանը խոստացան բանակի բարեփոխումներ, սակայն սահմանափակվեցին միայն դավաճանության վերաբերյալ գորշեր հարուցելով եւ հաղորդագրություններ տարածելով, որն ավելի շատ վնասում է մեզ, քան օգնում։ Սպայակազմի  ու զինվորական վերնախավի դեմ քրեական գործերի եւ դատավարությունների մասին խոսելն անգամ ավելորդ է։ Իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ավելի շատ քաղաքական գործիչ է եւ ՔՊ քարոզիչ, քան պաշտպանության ոլորտի ղեկավար։ 

Եւ այսօր, երբ կրկին իրական լայնածավալ պատերազմի վտանգի առաջ ենք կրկին եռամսյա հավաքների անհրաժեշտություն է առաջացել։ Իսկ սահմանամերձ հատվածներում բանակի փոխարեն նորից գյուղերի ժողովուրդն ու համայնքապետերն են կանգնած։ Խնդիրներ, որոնք պատերազմից հետո երկու տարի անց թվում է, պետք է լուծված լինեին։

Պարբերաբար լուրեր են հասնում, որ սահմանի ոչ բոլոր հատվածներում է հաջողվում պատշաճ վերահսկողություն սահմանել, որ դիրք պահող զինվորների պակաս կա, հերթափոխ գրեթե չեն անում, խրամատներ չեն փորվում, նորից 18-19 տարեկան ժամկետային զորակոչիկներն են սահմանին կանգնած, որոնք թշնամու համար բաց թիրախ է դառնում։ 
Փորձենք մոտավոր հաշվարկով և տրամաբանորեն վերլուծել իրավիճակը։ Նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասին հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստիպված էր այդ քայլին գնալ՝ փրկելու համար 25.000 զինվորի կյանք։ Արցախյան պատերազմների մասնակից մի ազատամարտիկ արձագանքեց․ «25.000-ը դա զորք է՝ մարտունակ բանակ, որը պետք է կատարեր իր գործը»։ 

Հիմա փորձենք մոտավոր հաշվարկ անել՝ եթե Արցախում կար 25.000-անոց զորք, որը փրկվել է, ունեցել ենք 4 հազար զոհ, ևս 10 հազարի չափ վիրավոր։ Ընդհանուր գումարը ստացվում է 35.000 մարդ։ Երկու տարվա ընթացքում եւս զորակոչ է կատարվել, ամեն տարի մոտ հինգ հազարը զորացրվել են ու վերադարձել տուն, բայց փոխարենը 5 հազարը կանչվում են պարտադիր ժամկետային զինծառայության։ Այսինքն, Փաշինյանի ասած՝ 25.000-անոց մարտունակ բանակը, գումարած նվազագույնը հինգ հազար զորակոչիկը, որոնք ժամանակին Հայաստանի ու Արցախի անվտանգությունն էին պաշտպանում, այսօր չեն կարողանում լուծել Հայաստանի պաշտպանության խնդիրները։ Իսկ 90-ականներին բանակի թիվը 70 հազար էին ասում։ Սակայն եթե եղած քանակը բավարար չի այդ խնդիրները լուծելու համար՝ անհրաժեշտ է օգտագործել ՄՈԲ-ի և Երկրապահի ռեսուրսները, որին բյուջեից ահռելի գումարներ են վճարվել։ Ճիշտ է՝ մեր տեղեկություններով, Երկրապահից մոտ 500 հոգի Կապանի տարբեր հատվածներում մարտական հերթապահություն է իրականացնում, Ջերմուկում էլ մոտ 250-300 հոգի կան, սակայն նրանց դեպքում էլ խնդիր կա՝ հերթափոխ չի արվում, որովհետև փոխարինող չկա։

Եռամսյա հավաքների արդյունավետության մասին հնարավոր կլինի ավելի ուշ դատողություններ անել։ Սակայն քիչ հավանական է, որ զորավարժությունների գնացածներով հնարավոր լինի սահման պահել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում կամավորներին գնալ սահման․«Անվտանգության խորհրդի նիստում դա էլ ենք քննարկել և եկել ենք այն եզրակացության, որ եթե կան մարդիկ... հաստատ կան մարդիկ, ովքեր ուզում են ներգրավված լինել այս փուլում, նրանք կարող են սովորական ընթացակարգով կամավորության հիմքով դիմել զինվորական կոմիսարիատներ, և այդ խնդիրը կլուծվի»։

Այնինչ, ընդամենը 2022 թվականի փետրվարին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ՝ պատերազմում զոհվածների եղբայրներին ու որդիներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։ Գործադիրը նախագծին հավանություն տվեց։ 

Մարդիկ հարց են բարձրացնում՝ ինչու ռազմական դրություն չի հայտարարվում եւ զորակոչ չի իրականացվում։ Բացի այդ՝ Փաշինյանն ու իր կառավարությունը Հայաստանի դեմ Ադրբեջանի պատերազմը շարունակում են անվանել սահմանային միջադեպ, իսկ շփման գոտին՝ Հայաստան-Ադրբեջան սահման։ Ստացվում է, որ լայն սահմանագծով, մոտ 300 զոհով ռազմական գործողությունները, որոնց արդյունքում նաև Հայաստանը ունեցել է տարածքային կորսուտներ եւ թշնամին դիրքեր է նվաճել, իսկ մարդիկ հեռացել են իրենց բնակավայրերից, երբ ունենք քաղաքացիական 4 զոհ ու կտտանքների ենթարկված, անդամահատված գերիների մասունքներ՝ դա ոչ թե լայնածաված պատերազմ է, այլ սահմանային միջադեպ։ Դժվար է չհիշել Ապրիլյան քառօրյա պատերազմը, երբ 101 զոհ ունեցանք, 400 հա տարածքի կորուստ, սակայն նույն ընդդիմադիր Փաշինյանը և հասարակությունը Սերժ Սարգսյանին մեղադրում էին տարածքային կորուստների ու զոհերի համար։ Ինչո՞վ սեպտեմբերյան հարձակումը պատերազմ չէ եւ Փաշինյանն ինչու ռազմական դրության անհրաժեշտություն չի տեսնում։ 

Գուցե նա չի ուզում ստանձնել ռազմական գործողությունների պատասխանատվությունը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարը, գուցե չի՞ ուզում պարտությունների, նոր զոհերի ու կորսված տարածքների պատասխանատվության բեռն իր վրա վերցնել։ Չէ՞ որ մեղավորներ միշտ կգտնվեն՝ նախորդի մեղավորը Դավիթ Տոնոյանն ու Միքայել Համբարձումյանն էին, Օնիկ Գասպարյանն ու Ջալալ Հարությունյանը, հաջորդի մեղքը կկրեն Սուրեն Պապիկյանը եւ այսօրվա ԳՇ պետը, մի շարք գեներալներ, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ կամ հետո գեներալի կոչում են ստացել։ 
Ի դեպ, եթե երկրում ռազմական դրություն չկա, սակայն երկրի սահմաններին կամ երկրի ներսում ռազմական գործողություններ են տեղի ունենում՝ գլխավոր պատասխանատուն այդ պահին ԳՇ պետն է։ Սակայն, Գլխավոր Շտաբի պետը օրենսդրական փոփոխությունից հետո այլևս համարվում է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը՝ ավելի նվազ պատասխանատվությամբ։ 
Մեզ հետ զրույցում զինվորականները, պահեստազորի սպաներն ասում են՝ այս իրավիճակում մարդկանց կարիք կա շփման գծի ողջ երկանքով ու դրա լուծումն էլ կա՝ մոբիլիզացիա հայտարարել՝ 20-50 տարեկան տղամարդկանց ու այդ մոբիլիզիացիայի միջոցով լուծել շփման գծի ողջ երկայնքով մեր ունեցած խնդիրները։

Զինվորականներն ասում են, որ Արցախյան վերջին պատերազմից հետո, երբ Քարվաճառը հանձվեց թշնամուն, անհրաժեշտ էր յոթ պաշտպանական գիծ փորել, որպեսզի թշնամուն դիմակայող զինվորը կարողանար պաշտպանվել նրա անսպասելի գրոհից, իսկ ամեն գծի վրա գրոհելուց թշնամին հսկայական կորուստներ կունենար ու առաջ գալը կբարդանար, մարտական գործողություն իրականացնելու արդյունավետությունը կնվազեր։ Այնինչ՝ երբ օդը բաց է, հետախուզությունն էլ չի աշխատում, հայ զինվորը դառնում է անպաշտպան թիրախ՝ թշնամու համար։ Հիմա սահմանին բահերի ու քլունգի պակաս կա, որոշ հրամանատարներ սեփական միջոցներով գյուղերից տրակտորներ են բերում՝ խրամատ փորելու, իսկ գյուղերի երեխաները անիվներ են հավաքում՝ դիրքերի համար։ Ամոթ ու խայտառակություն մի պետության համար, որի պաշտոնյաները զրահապատ մեքենաներով են շրջում եւ աշխարհի զարգացած պետությունների ղեկավարների հետ մրցում իրենց ապրելակերպով, հագ ու կապով, ծախսերով։ Ի վերջո, վարչապետ Փաշինյանն ասում է, որ զենքի գնման համար գումար կա, այն վճարել են ու մեր դաշնակիցը այդ զենքը չի տրամադրել մեզ, բայց ավազ ու ցեմենտ կառավարությունը կարո՞ղ էր հասցնել սահմանագիծ, նոր զորամասեր կառուցեր, զրահաբաճկոններ ու գիշերային զննության սարքեր տրամադրել, լավ ամենագնաց մեքենաներ տրամադրեր հրամանատարներին, որոնք իրենց կյանքն են վտանգում։ Ի վերջո, կարո՞ղ էին բանակում ծառայողներին գոնե ոստիկանների չափ աշխատավարձ տալ, թե՞ դա էլ են «դաշնակիցներն» արգելում։ 
Կարելի էր շփման գծում ամենամատչելի չինական դրոններ տեղակայել, որոնցով, իրենց ճոխ հարսանիքներն են նկարահանում, որպեսզի զինվորները կարողանային տեսնել, թե հակառակորդի դիրքում ինչ է կատարվում։ 

Զինվորականներից, շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող կամավորներից, պահեստազորի սպաներից զորակոչի անցկացման մասին մտահոգություններ լսելուց հետո, դիմեցինք ՀՀ Պաշտպանության նախարարություն։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ զորակոչը անցկացվում է տարեկան երկու անգամ և հավելեց, որ 44-օրյա պատերազմից հետո միայն մեկ փոփոխություն է եղել, երբ պատերազմում զհովածի եղբայրները կամ որդիները ազատվում էին պարտադիր զինվորական ծառայությունից։

«Համահայկական Ազգային Պետականություն» կուսակցության առաջնորդ, ազատամարտիկ Արթուր Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ զորակոչի հետ կապված խնդիրներ կան․ «Կարծում եմ, որ լուծումներից մեկը կարող է այն լինել, եթե Գլխավոր Շտաբի պետը կամավոր զորակոչ հայտարարի ջոկատային, ոչ թե ծանուցման թերթիկով ներկայանալու պահանջով, այլ այդ ցանկություն ունեցողներին, մարտական փորձ ունեցողներին ներգրավեն այն գործողություններին, որոնց մասին հայտարարեց ԳՇ պետի առաջին տեղակալը՝ խոսքը ՀՀ սուվերեն տարածքներից թշնամու ստորաբաժանումները դուրս շպրտելու մասին է։ Սակայն, Պաշտպանության նախարարաության քայլերը ոչ բավարար եմ համարում»,-ասաց Վարդանյանը։ Նա իր սեփական նախաձեռնությամբ մի ծրագիր է ներկայացրել՝ Համահայկական Աշխարհազորային Պաշտպանական Բանակ ստեղծելու մասին, որով կամավորական ջոկատներ կձևավորվեն մարտական փորձ ունեցող մարդկանցից, ովքեր ամենաթեժ կետերում կարող են իրականացնել ռազմական գործողություններ։

Անդրադառնալով 24 միլիոն դրամով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու առաջարկին, Վարդանյանն ասաց, որ դա պարզապես կնշանակի ոչնչացնել բանակը, նման որոշում չի կարելի ընդունել՝ դա կքանդի բանակի հիմքերը։