Ի՞նչ է թաքնված թմրանյութի սկանդալի հետևում

Ի՞նչ է թաքնված թմրանյութի սկանդալի հետևում

Օրեր առաջ քպկական «ազգընտիր» Աղաջանյան Էդոյի դիտարկումը՝ քեֆերի ժամանակ համատարած թմրամիջոց օգտագործելու վերաբերյալ, իսկապես մարգարեական էր: Կամ էլ այդ երևույթին «թեթև վերաբերվելու»՝ անուղղակիորեն հնչեցված իշխանական պատվեր: Եթե նախկինի նման տարված լինեի անոմալ երևույթների նկատմամբ հետաքրքրասիրությամբ՝ կավելացնեի՝ նույնիսկ չգիտակցված: Որովհետև դժվար է ընդունելը, որ իշխող խմբակցության անդամն այդ թեմայով հրապարակայնորեն գիտակցված պատվեր է իջեցնում ոստիկանությանը: 

Ինչևէ, գիտակցված թե ոչ` խոսքին հետևեց իրականացումը: Նախ, տեղեկացանք, որ Իտալիայի ոստիկանությունն է իր նավահանգստում 2,7 հազար կիլոգրամ կոկաին հայտնաբերել, որն ուղեւորվելու էր Հայաստան: Ապա ԱԱԾ-ն հղորդեց, որ մայիսի 13-ին հայտնաբերվել է Լատինական Ամերիկայի Էկվադոր պետությունից ՀՀ ներմուծված «կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրանյութ: Շուրջ 250 միլիոն եվրո արժողությամբ զանգվածն առգրավվել է ԱԱԾ-ի կողմից: Որքան հիշում եմ, մեկ տոննայի չափ թմրանյութ հայտնաբերվել էր տարիներ առաջ Իրանի հետ սահմանին՝ Սերժ Սարգսյանի օրոք: Բայց այն ժամանակ այդ թմրանյութը պետք է տեղափոխվեր Վրաստանով Ռուսաստան կամ եվրոպական երկրներ: Այս անգամ հայտնաբերված ողջ զանգվածը կարծես թե վաճառվելու էր Հայաստանում: Համենայն դեպս, դրա վերաբերյալ առկա չէ որևէ տեղեկատվություն: 

Իսկ թմրանյութը, ինչպես որևէ այլ ապրանք, ևս ենթարկվում է առևտրի շրջանառության օրենքին: Որքան արագ այն վաճառվի, այնքան եկամտաբեր կլինի: Իսկ փոքրաթիվ բնակչությամբ երկրում ավելի քան մեկ տոննա վաճառելը հեշտ բան չէ: Մնում է կասկածելը, թե այն իրացվելո՞ւ էր մեր երկրում, թե՞ տարանցվելու էր Ռուսաստան: Հատկապես եթե ենթադրենք, որ թմրանյութի պատրաստման ժամանակ դրանում ավելացվել է հոգեբանական ազդեցություն ունեցող որևէ նյութ: Այն, ինչ մեդիայի ոլորտում անընդհատ իրականացվում է Ռուսաստանի և ռուսական ազդեցիկ ռազմական գործիչների կամ հրապարակախոսների նկատմամբ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում:

Ինչպես նշեցի` նախորդ օրն էլ հայտնի էր դարձել, որ իտալական իրավապահների կողմից Իտալիայի նավահանգիստներից մեկում հայտնաբերվել է 2734 կգ «կոկաին» տեսակի թմրանյութ: 800 միլիոն եվրոյի արժեքով այդ ապրանքը պետք է գար Հայաստան: Վրաստանով մուտք գործեր եւ վերջնական հանգրվանը պետք է լիներ Հայաստանը: Թե որքան էր բաժին հասնելու Հայաստանին այդ քանակից՝ դժվար է ասել: Բայց այն հանգամանքը, որ մի թմրանյութի խմբաքանակին անմիջապես հետևել է երկրորդը, ընկալելի չէ: Չլինելով ոչ նարկոտրաֆիկի և ոչ էլ դրա դեմ պայքարի կառույցի դերակատար՝ մտածում եմ, որ շատ ավելի խելացի կլիներ, եթե առաջին խմբաքանակն ապահով տեղ հասներ, պահեստավորվեր, իսկ հետո ուղարկվեր երկրորդը: Այնինչ, այդպես չի արվել, թեև նարկոբիզներսի ներկայացուցիչներին միամիտ չես համարի: Ո՞րն է պատճառը:

Այնուհետև ընթերցեցի «Հրապարակի» լուրը Եվրամիությունից Հայաստան և մեր երկրից Ռուսաստան առևտրային հոսքերի կասկածելի աճի մասին, որ հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին: ԵՄ-ից դեպի Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան արտահանման աճի մասին էլի էր գրվել, բայց անորոշ ձևակերպումներով: Այս անգամ եվրաչինովնիկի միջոցով երեք պետությունների իշխանություններին ուղղակի հրահանգվել է դադարեցնել պատժամիջոցների ներքո գտնվող ապրանքների տարանցումը Եվրոպայից Ռուսաստան:

Փորձում եմ հասկանալ, թե կապ կա՞, արդյոք, դեպի Հայաստան թմրանյութի առաքման վերաբերյալ տեղեկատվության և եվրաչինովնիկի հայտարարության միջև: Հատկապես իտալական նավահանգստում արգրավված զանգվածի առումով: Որովհետև այն, կրկնեմ, իրականացվել է ոչ պրոֆեսիոնալ տարբերակով՝ խոսքը ոչ թե իտալական մաքսավորների, այլ էկվադորյան նարկոբիզնեսի ներկայացուցիչների մասին է: Եթե կապն, այնուամենայնիվ, առկա է, ապա դա նախազգուշացում է ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձին: Նախազգուշացում խաղեր չտալու վերաբերյալ: Ինչը նշանակում է, որ ինքն Արևմուտքում չի կարող ընկալվել որպես «սեփական շան ձագ», որին գործունեության ազատություն է տրվում: Ասեմ, որ ընդհանրապես հեռու եմ դավադրապաշտությունից, բայց երբեմն այնպիսի աննորմալ զուգադիպություններ են պատահում կյանքում, որ այդ բնույթի բացատրությունը մնում է միակ հնարավորը:
Մի թեթև գնահատական էլ տամ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Քերոբյան Վահանին: Այն, որ վերջինս որևէ տեղեկություն տալ չի կարող Հայաստանում թմրանյութերի հետ կապված իրավիճակի առումով, նորմալ է. դա իր ոլորտը չէ: Բայց որ էկոնոմիկայի նախարարը տեղյակ չէ, թե որ ընկերությունն է բանանի հետ միաժամանակ կոկաին ներմուծել Հայաստան՝ դա արդեն աննորմալ է: Ինքը պետք է իմանար՝ ասելով, որ նախաքննությամբ պայմանավորված՝ տվյալ պահին հայտնել չի կարող: Իսկ եթե իսկապես չգիտի, ապա դա նշանակում է, որ ՀՀ կառավարություն կոչված կառույցը ոչ թե ամբողջական մի թիմ է, այլ տարբեր տեղերից տարբեր անձանց հավաքածու: Ընդամենը: