Ինչու Մայր Աթոռը չի հետեւում Հռոմի կաթոլիկ եկեղեցու օրինակին

Ինչու Մայր Աթոռը չի հետեւում Հռոմի կաթոլիկ եկեղեցու օրինակին

Երեկ հայտնի դարձավ, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետ Ֆրանցիսկոս պապի անունից, Վատիկանից կարդինալ Մաթեո Զուպին խաղաղապահ առաքելությամբ մեկնել է Ուկրաինա՝ Կիեւ, որպեսզի օգնի՝ դադարեցնելու ռուս-ուկրաինական պատերազմը։ 

Կարդինալ Զուպին Կիեւում կմնա երկու օր, որի ընթացքում ուկրաինական իշխանությունների հետ կունենա քննարկումներ, կլսի Կիեւի ներկայացուցիչների՝ խաղաղության առնչությամբ ունեցած մոտեցումները, կաջակցի մարդասիրական ջանքերին, որից հետո կվերադառնա Սուրբ Աթոռ։ Այստեղ կարդինալը կունենա քննարկումներ Սրբազան քահանայապետի հետ, որից հետո արդեն կուղեւորվի Մոսկվա։

Այս ամենը շատ հետաքրքիր է, որովհետեւ հերթական անգամ ականատես ենք լինում, թե ինչպես է կրոնը մասնակցում քաղաքական պրոցեսներին, այն էլ՝ հակամարտության հնարավոր կարգավորման գործընթացին։ Եթե նույնիսկ ընդունենք, որ կարդինալ Զուպիի առաքելությունը չի հաջողվի, սակայն նախաձեռնությունն ինքնին կարեւոր է ու օրինակելի։

Մենք բազմիցս ենք առիթ ունեցել գրելու այն մասին, որ այն, ինչը չեն կարող անել Հայաստան պետությունը, Հայաստանի իշխանությունները՝ տարբեր՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառների բերմամբ, կարող է անել առաքելական եկեղեցին, ի դեմս իր ղեկավարի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի։ Անկախ օրվա կաթողիկոսի անձի հանդեպ իշխանության, հասարակական որոշ խմբերի կամ այլոց վերաբերմունքից, այս ինստիտուտը չափազանց կարեւոր է եւ աշխարհում կշիռ ունեցող կառույց է, եւ դա հնարավոր չէ հաշվի չառնել։ Մանավանդ սոցիոլոգիական վերջին հարցումները ցույց են տալիս, որ եկեղեցին այս փլուզված արժեքային համակարգով հասարակության մեջ ամենահեղինակավոր կառույցն է, եւ մարդիկ ինչ-որ սպասելիքներ ունեն Մայր Աթոռից։

Այս ամենը հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ մեր եկեղեցում այսօր գահակալող Գարեգին 2-րդ կաթողիկոսը, անկախ այն հանգամանքից, թե ինչ քաղաքական ընթացք կորդեգրի պաշտոնական Երեւանը, կարող է հանդես գալ որոշակի նախաձեռնողականությամբ, հարկ եղած դեպքում հանուն համամարդկային մարդասիրության, հանուն արցախահայության՝ նախ համախմբելով հայ հասարակությունը, ապա, ինչու չէ՝ նաեւ երկխոսություն սկսելով Ադրբեջանի ղեկավարության հետ։ Դա կարող է անել՝ օգտվելով ինչպես ռուսական, այնպես էլ թուրքական խողովակներից։ Որքան էլ ասվածը կարող է աննախադեպ թվալ, սակայն այն կարող է աշխատող տարբերակ լինել, հատկապես որ Բաքուն իր հերթին փորձում է աշխարհին երեւալ բարեկիրթ կամ քաղաքակիրթ երկրի փաթեթավորմամբ եւ գոնե հանուն քաղաքակիրթ աշխարհի մոտ որոշակի տպավորություն ձեւավորելու, նման նախաձեռնողականությունն անպատասխան չի թողնի։