Կասկադի ծառերը հանում են, փոխարենը Սակուռա Ռոյալ Բուրգունդի պարտիզային  ծառեր դնեն

Կասկադի ծառերը հանում են, փոխարենը Սակուռա Ռոյալ Բուրգունդի պարտիզային  ծառեր դնեն

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանը արձագանքեց «Կասկադի ծառերը դատապարտված են հատման» մեր հրապարակմանը։ Գրել էինք, որ Կասկադի տարածքում գտնվող ծառերը ենթակա են հատման, համապատասխան գրությունները, առանց նշելու ծառերի տեսակն ու տարիքը, քաղաքապետարանը փակցրել է ծառերի բներին, մինչդեռ հարակից սրճարանի աշխատակիցները վստահեցնում են, որ դրանք կանաչող, «նորմալ» ծառեր են։ «Հրապարակի» հետ կապվեց Երանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի զարգացման գծով տնօրեն Արթուր Խալաթյանը։ 

Նա ասաց, որ դեռևս փետրվարի 23-ին մեծ գիտական աշխատաժողով են հրավիրել քաղաքապետարանում, կարկառուն գիտնականների, ակադեմիայի թղթակից անդամների, գիտնականների ու հասարակական սեկտորի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկել են Երևանում կենսունակության ավարտին մոտեցող, կամ կենսունակությունը հատած ծառերի հեռացումը, փոխարինումը առավել արժեքավոր և գեղազարդ ծառերով։ «Երևանի 50 և ավելի տոկոս ծառերը դեֆորմացված վիճակում են և կորցրել են կենսունակությունը», - ասում է Արթուր Խալաթյանը։ Մի քանի հարց տվեցինք պաշտոնյային։ 

- Հիմա էս Կասկադի ծառերը չե՞ն կանաչում, որ հանում եք։

- Կանաչելն այլ բան է, դեֆորմացված ծառ ունենալը՝ այլ բան։ Կանաչելու մասին չի խոսքը, այլ քաղաքի ընդհանուր դիմագծի։

- Ի՞նչ եք դնելու այս ծառերի փոխարեն, Թամանյան 1 հասցեում։

- Դրանք խառը ծառեր են, թեղի կա, թխկիներ էլ կան։ Փողոցը ընդհանուր է հանվում, ոչ թե առանձին ծառեր, որ ընդհանուր մեկ տեսակի, մեկ չափսի ծառեր դնենք։ Այդ հատվածում նախատեսվում է Սակուռա Ռոյալ Բուրգունդի պարտիզային գեղազարդ ծառեր դնել։

- Իսկ այդ ծառերը ի՞նչ եք անելու, որոնք որ կանաչում էին, բայց դեֆորմացված էին ու փչացած։ 

- Այդ ծառերի հետ իրականացնելու ենք այն աշխատանքները, ինչը որ իրականացնում ենք էտի ժամանակ գոյացած ճյուղերի և չոր ծառերի դեպքում։

- Այսինքն՝ տանելու եք շպրտե՞ք։ 

- Չենք տանելու շպրտենք։ Կարող ենք ամեն ինչը վատ ներկայացնել, ասել՝ շպրտենք։ Դա շպրտել չի։  

- Ուղղակի երևույթները իրենց անուններով եմ կոչում։ Բա ի՞նչ աշխատանքներ եք իրականացնելու։ 

- Էտից գոյացած ճյուղերով աղացման միջոցով մուրճացում ենք իրականացնում, այսինքն, վերածում ենք տալաշների, կամ աճուրդով վաճառք ենք իրականացնում, կամ ճյուղերից բրիկետներ են խփում, նաև բաժանում են անապահով խավին, որպես վառելիք։ 

- Միայն Կենտրոնո՞ւմ եք անելու ծառերի հանում։ 

- Ոչ, ամբողջ քաղաքում։ Մեծամասնությունը թեղիներն են։ Բայց այստեղ կա նրբություն։ Տարիների ընթացքում մեր փողոցներն ու պողոտաները կորցրել են միատարությունը։ Մենք՝ եթե մի փողոցով անցնենք, պայմանական ասած, կտեսնենք պտղատու ծառերից սկսած, ավարտած Կարմիր գրքում գրանցված Սոսի արևելյան ծառատեսակից։ Մեծ մաշտաբով պահպանվել են սոսիներ Մաշտոցի պողոտայում, Արշակունյաց պողոտայում, Տիգրան Մեծի վրա, Էրեբունի փողոցի կաղնիները, բայց փողոցների մեծամասնությունը բոստանների են վերածվել։